Ինչպես է Հրայր Թովմասյանին ուղղված գրությունը հայտնվել ՍԴ աշխատակազմի ղեկավարի ֆեյսբուքյան էջում. Վլադիմիր Վարդանյանը ՍԴ-ից գնահատականի է սպասում
Այո՛, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հաձնաժողովի կողմից հանձնաժողովի նիստի մասնակցության հրավերի վերաբերյալ գրության մեջ տեղ է գտել վրիպակ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրար Թոմասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ առկա վրիպակին՝ ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Դա տեղի է ունեցել շատ հասարակ եղանակով։ Երկար ժամանակ մտածում էինք՝ հրավիրե՞լ նրան, թե՞ ոչ, բայց հաշվի առնելով, որ ջատագովն ենք թափանցիկության, իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները կազմեցին գրությունը, կազմեցին արագ, ես ստորագրեցի, չեմ նկատել ամսաթվի վրիպակը։ Այո՛, ստանձնում եմ իմ պատասխանատվությունն ու ընդունում եմ իմ մեղավորությունը, բայց թող լինի մեկը, ով կասի, որ փաստաթղթեր գրելիս ամսաթվերի հետ կապված վրիպակ թույլ չի տվել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում որևէ մեկին հանձնաժողովի աշխատանքներից ազատել։
Վարդանյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա՝ նշելով, որ դեռ պետք է պարզել, թե ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի նախագահին ուղղված գրությունն իր անձնական ֆեյսբուքյան էջում հրապարակել ՍԴ աշխատակազմի ղեկավարը։
«Ես ուզում եմ, որ ՍԴ-ն գնահատական տա, ես հրապարակավ դիմում եմ ՍԴ-ին, որ այս վարքագծին գնահատական տա»,- ասաց Վարդանյանը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ