Եթե կա ժամանակ, պետք է ծրագրերն անել մրցույթով. Վարչապետն անդրադարձավ մեկ անձից գնման դեպքերին
Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումներ, որոնցով առաջարկվում են վերաբաշխումներ անել պետբյուջեում՝ պայմանավորված այս և հաջորդ տարի հանրապետությունում իրականացվող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներով: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ընդունվող որոշմամբ կատարվելու է 1,3 մլրդ դրամի վերաբաշխում:
Միաժամանակ, նա նշեց, որ որոշ դեպքերում նախատեսվել է մեկ աղբյուրից գնման գործընթաց՝ ժամանակին և պատշաճ աշխատանքներն իրականացնելու համար:
Aնդրադառնալով մեկ անձից գնման ընթացակարգերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցին պետք է ուշադիր լինել: «Ճիշտ է՝ այս տարի մենք մեկ անձից գնման ընթացակարգերի նկատմամբ ավելի հանդուրժող դարձանք, քանի որ ճանապարհաշինության պլանից հետ էինք ընկել և կար որոշակի սպառնալիք, որ կարող ենք խնդիրներ ունենալ:
Բայց հիմա կա տեղեկատվություն, որ մեկ անձից գնման փոխարեն այն կարելի էր կազմակերպել սովորական մրցութային ընթացակարգով: Իհարկե, սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց ես ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այս խնդրի վրա. եթե կա ժամանակ, պետք է անել սովորական մրցույթով, ինչո՞ւ ենք գնում մեկ անձից գնման ընթացակարգով՝ այս հարցերին պետք է ուշադիր լինել: Այսինքն՝ բոլոր դեպքերում, երբ ես անընդհատ խնդիր եմ դնում, որ աշխատանքները պետք է անել արագ, արդյունավետ, ժամանակին ու որակով, չի նշանակում, որ դա պետք է անել այլ կարգավորումները շրջանցելու ճանապարհով կամ միջոցով:
Այսինքն՝ երբ մենք բոլոր դեպքերում հարց ենք դնում, որ պետք է լուծվի, ակնհայտ է, որ պետք չէ ամեն անգամ ասել, որ դա պետք է լինի օրենքին համապատասխան ձևով: Ընդհանրապես, եթե դա ամեն անգամ ասենք ու եթե մի անգամ մոռանանք ասել, դա կնշանակի, որ այդ մեկը նկատի ունենք, որ կարելի է օրենքը շրջանցելով անել: Ես խնդրում եմ սա հաշվի առնել, որպեսզի մենք հետագա խնդիրների և բարդությունների առաջ չկանգնենք»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը: