Բաժիններ՝

«Սա ժողովրդի իշխանություն է, եթե վատն է, ապա ժողովուրդն իր ձայնը հանելու է»

Հերթական, ընթացիկ միջոցառումն էր, կարծես դեռ լուրջ տնտեսական հարցեր, պայմանագրեր չկան: «168 Ժամի» հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանում անցկացված ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստին, ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

«Իհարկե, դա ամենաներկայացուցչականն էր, կային նաև պոտենցիալ մասնակիցներ, որոնք եկել էին ինչ-որ պայմանագրեր ստորագրելու: Այսինքն՝ կառույցը զարգանում է, բայց իմ կարծիքը դեռ ուժի մեջ է՝ ԵԱՏՄ-ն կա և մնում է առայժմ ավելի շատ՝ որպես քաղաքական կառույց: Իհարկե, դրական տեղաշարժեր արվել են, բայց ինքը՝ ԵԱՏՄ-ն, նահանջող միավոր է»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀ-ն արտաքին տնտեսական հարթությունում ի՞նչ սրբագրումներ պիտի կատարի, տնտեսագետը պատասխանեց. «Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունն այս շրջանակում՝ չմոռանալով մյուս ուղղությունները, այդ թվում՝ ԵՄ-ի, արդեն գործող, ստորագրված պայմանագրերի շրջանակներում: Տնտեսության զարգացումը չպետք է կապենք մեկ կառույցի հետ, անհրաժեշտ է դիվերսիֆիկացում, ազատականացում»:

Բագրատ Ասատրյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե գործող իշխանությունը տնտեսական կոնկրետ տեսլական չունի: Հարցին, թե որպես տնտեսագետ իրեն պա՞րզ է՝ նոր իշխանությունները տնտեսական ի՞նչ մոդել, ուղղություն, ռազմավարություն են որդեգրել, նա պատասխանեց. «Սխալ են շատերը: Ժամանակները փոխվում են, և այս շրջանակում անընդհատ վերանայումներ պիտի լինեն: 20 տարի իշխել է անորոշությունը՝ թե՛ նպատակների, թե խնդիրների, իսկ հիմա կարծես որոշակիանում է, խոսվում է հեռահար նպատակների մասին: Այսինքն՝ տնտեսական զարգացումները պետք է նպատակաուղղվեն ռազմավարական նշանակության խնդիրներին, որոնցից մեկն էլ ժողովրդագրությունն է: Եթե խոսում ենք ռազմավարական կարևորագույն խնդիրների մասին, ես երկու կարևոր խնդիր եմ տեսնում՝ անվտանգություն և ժողովրդագրություն»:

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունն առնվազն 5 միլիոնի հասցնելու խոստումը, տնտեսագետն արձագանքեց, թե սա քաղաքական նպատակ է, հռչակագիր.

«Սա քաղաքական նպատակ է հետապնդում, ես սա հասկանում եմ, և հիմա մնում է, որ բոլոր միջոցառումներն ուղղվեն այս գերխնդրին: Հայաստանը դատապարտված չէ քայքայման, ինչպես մեզ ներկայացնում էին նախորդ իշխանությունները, որոնք, մի բան որ անում էին, ասում էին՝ սրանով փրկեցինք երկիրը քայքայումից: Իհարկե, զարգանալու տեղ ունենք, պետք է մտածենք զարգացման ուղիների մասին՝ չմոռանալով կարևոր հարցերը»:

Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արտագաղթը շարունակվում է, կրճատվել են ներդրումները, ապա Բ. Ասատրյանը պնդում է՝ ներդրումների խնդիրը, միջավայրը նախորդ իշխանություններն են ստեղծել:

«Մենք այսպիսի միջավայր ենք ստեղծել «տաղանդավոր» իշխանությունների գործողությունների տասնամյակի արդյունքում: Արտագաղթի մասով դրական տեղաշարժեր եղել են, դա պարտավոր ենք նկատել: Վերջին տասնամյակում՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, տարեկան միջինը մոտ 47.000 մարդ ավելի շատ է մեկնել, քան ժամանել է: 2019-ի տվյալները նշանավորվեցին մի շատ լուրջ փաստով՝ ՀՀ-ում Նոր տարին նշեցին 10-13.000 մարդ ավելի շատ, քան նախորդ տարի: Սա փաստ է: Իսկ արտագաղթը մի քիչ ուրիշ է, բնակչության շարժը՝ ուրիշ: Բայց նաև այդտեղ են նոր իշխանությունները մտածել և արձանագրել այս միտումը: Դրական տեղաշարժ կա, գնացողների թիվը կրճատվել է: Իսկ միգրացիայի առումով սա գրանցման խնդիր է. ՌԴ-ում գրանցվում են նրանք, որոնք 4-5 տարի առաջ են մեկնել, և միգրացիոն ցուցանիշներն արտացոլում են 4-5 տարվա միտումները»,- ընդգծեց տնտեսագետը:

Դիտարկմանը, որ կան կարծիքներ, թե հասարակության մի հատված դարձյալ հիասթափության փուլ է մտել կամ մտնում, Բագրատ Ասատրյանն արձագանքեց՝ ասելով, թե այդ վտանգը միշտ էլ կա. «Հասարակությունը բաժանվում է հոռետեսների և լավատեսների, բայց մեր հասարակության մեջ կա նաև չուզողների հատված: Կան ինչ-որ խնդիրների մասին ոչ դրական կարծիքներ հայտնողներ, լավատեսներ, բայց չուզողների հատվածը գնալով ավելանում է»:

Հակադարձմանը՝ ո՞վ չի ուզում, որ երկիրը զարգանա՝ անկախ նրանից, թե ով է իշխանության, իսկ իշխանություններն իրենց հերթին՝ ցավագին են ընդունում ցանկացած քննադատություն, ԿԲ նախկին ղեկավարը կրկնեց՝ կա բացահայտ «չուզողություն»:

«Ցանկացած երևույթ, առանց որևէ բանի, պիտակավորում են, հետո նոր փորձում հասկանալ, թե ինչ է եղել: Ինչ վերաբերում է իշխանության մասով ձեր ասածին, ապա իշխանությունը միշտ վատն է եղել, ես ինքս եմ իշխանություն եղել: Հետո այնքան գնահատական է տրվում, չգիտես՝ ո՞րն է առողջը: Իմ խորին համոզմամբ՝ հասարակությունը միշտ առողջ է, ես էլ եմ իշխանավոր եղել, դրա միջով անցել ենք: Մյուս կողմից՝ իշխանությունը պիտի համապատասխանեցնի իր գործելաոճն այն խնդիրներին, իրողությանը, նպատակներին, որոնք կան: Այս առումով, իհարկե, իշխանությունն անելիք ունի, բայց մի բան ակնհայտ է՝ երրորդ հազարամյակում առաջին անգամ գործ ունենք ընտրված իշխանության հետ:

Սա ժողովրդի իշխանություն է, եթե վատն է, ապա ժողովուրդն իր ձայնը հանելու է: Նախկինի պես չի, որ թաղի խուժանը… գիտեք, չէ՞, ինչ էր կատարվում: Նման բան չկա, սա դրակա՞ն է, թե՞ ոչ: Սա դրական է և հիմք՝ հետագա զարգացման համար: Իհարկե, բազմաթիվ հարցեր կան, որ լուծում չեն ստացել, բայց ձևը սա է»,- հավելեց Բ. Ասատրյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին ինքը ևս ընտրվել է առանց կեղծիքների:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս