«ԱԺ-ում ծանրաբեռնված են, չեն հասցնում». ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է փորձագետների քանակն ավելացնել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում և մեկական հաստիքներով  ավելացնել ԱԺ բոլոր խմբակցությունների համար նախատեսված փորձագետների քանակը։

Նախագծի հեղինակի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունները շատ են, իսկ փորձագետները (4 փորձագետ՝ 14 անդամից ավելի խմբակցության համար) ֆիզիկապես չեն հասցնում մեծ քանակի օրենսդրական նախաձեռնությունների հետ աշխատել, ուստի առաջարկվում է  բոլոր խմբակցությունների փորձագետների թիվը համալրել մեկով։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ա. Աբովյանին հարցրեց՝ արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, որ կարելի է ոչ թե փորձագետների քանակն ավելացնել, այլ որակյալ մասնագետների ներգրավել՝ բարձրացնելով  նրանց աշխատավարձը, և արդյոք կա՞ հաշվարկ՝ ինչ կարժենա դա բյուջեի վրա:

«Եթե երեք ֆրակցիաների համար փորձագետների թիվը 1-ականով ավելացվի, ապա դա բյուջեի վրա կարժենա տարեկան 15-21 միլիոն դրամ»,- իր հաշվարկները ներկայացրեց Աբովյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ նախագծի վերաբերյալ նկատեց.

«Բոլոր խմբակցությունների համար 1-ական հաստիքով փորձագետների ավելացումը գուցե այնքան էլ արդար և տրամաբանական չէ։ Գուցե հանձնաժողովներո՞ւմ ունենք փորձագետների քանակն ավելացնելու անհրաժեշտություն»։

Ի պատասխան՝ Արման Աբովյանը նշեց, որ կան հանձնաժողովներ, որոնք այդքան էլ շատ ծանրաբեռնված չեն, իսկ ԱԺ-ի արդյունավետությունը բարձրացնելու համար այժմ ստիպված են գնալ որոշակի լուծումների։

Տեսանյութեր

Լրահոս