«Մինչև ՍԴ նախագծի քվեարկությունը՝ ԲՀԿ-ն կասի իր տեսակետը». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ ԱԺ ներկայացրած՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի շուրջ խմբակցությունը դեռևս հստակ տեսակետ չունի, քանի որ հարցը դիտարկում են իրավական դաշտում:

«Երբ մեր իրավաբանները կտան ընդհանուր եզրակացություն, կլինի քննարկում, ըստ այդմ էլ մեր կարծիքը կասենք: Նկատի ունեմ մեր իրավաբաններին, մենք բավականին ուժեղ թիմ ունենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը:

Նա նշեց, որ այս պահին չի ցանկանում որևէ գործընթաց խրախուսել կամ տարակարծության հիմքեր տալ: Ուստի հորդորում է սպասել, մինչև խմբակցությունում կավարտվեն քննարկումները, և մինչև քվեարկությունը հարցի վերաբերյալ կլինի ԲՀԿ-ի կարծիքը:

«Մեր գնահատականը միանշանակ լինելու է իրավական, հիշեցնեմ, որ 2017  թվականին մենք դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանին, և այն փաստարկները, որոնք մենք բերել էինք այն ժամանակ, փաստացի այսօր են բերում: Սակայն դա անձնավորված ինչ-որ փաստաթուղթ չէ, այն ԱԺ-ի կողմից մի գործընթաց է և այն պետք է լինի բացառապես իրավական դաշտում և օրենսդրությանը համապատասխան»,- շեշտեց Արման Աբովյանը:

Ըստ նրա՝ բազմիցս հայտարարել են, որ յուրաքանչյուր գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանում, պետք է տեղի ունենա օրենքով սահմանված կարգով:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս