Իրանական գազը ՀՀ տարանցելու հարցում դեռ հստակություն չկա, բանակցությունները պետք է շարունակվեն

«Ես կարծում եմ, որ իրանական գազի հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին` անդրադառնալով ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի այցին Հայաստան, որի շրջանակում ԻԻՀ նախագահը մասնակցելու է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին և ունենալու է երկկողմ հանդիպումներ ՀՀ ղեկավարության հետ:

Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով՝ իրանական կողմն ակնկալում է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվելու են հարցեր Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև երկու ղեկավարների երկկողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Եվ ապագայում մենք կունենանք երկու երկրներին ի նպաստ համագործակցության ընդլայնում նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասաց դեսպանը:

Մեր հարցին, թե իրանական գազի ի՞նչ առաջարկ ունի Հայաստանին՝ հաշվի առնելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պնդումը, թե իրանական առաջարկն ավելի մատչելի չէ, քան ռուսականը, դեսպանը պատասխանեց, որ՝ հաշվի առնելով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունները, վերջին շրջանում մի շարք հնարավորություններ են ընձեռվել և մի շարք քայլեր են իրականացվել, օրինակ՝ երկու երկրների միջև վերացվել է վիզայի ռեժիմը, ինչպես նաև բացվել է Մեղրիի ազատ գոտին՝ իրանական կողմից Արաքսի ազատ գոտու կողքին:

«Ինչպես նաև գիտեք, որ համաձայնագիր է ստորագրվել առևտրային սակագների վերաբերյալ: Ես կարծում եմ, որ այդ հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի, որպեսզի հետագայում նույնպես լուծում տրվի»,- ասել է Սեյեդ Քազեմ Սաջադին:

Դեսպանը հավելեց, որ իրանական կողմն այս հարցը քննարկել է և իր պատրաստակամությունն է հայտնել այդ ուղղությամբ աջակցելու:

«Կարծում եմ, որ հայկական կողմն էլ պետք է բանակցություններում ավելի ուշադրություն դարձնի դրան և հետագայում հնարավորություն ստեղծի երկու երկրների միջև համաձայնության գալու համար»,- ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը::

Անդրադառնալով հայ-իրանական առևտրաշրջանառության տեմպերին՝ Սեյեդ Քազեմ Սաջադին հույս հայտնեց, որ այս այցի ընթացքում երկկողմ հանդիպումների ժամանակ կքննարկվի այդ հարցը:

«Հայկական կողմից, նույնպես հուսով եմ, որ ցույց կտրվի համապատասխան ակտիվություն, և ավելի կավելանա ապրանքաշրջանառությունը, ի դեպ, ես գիտեմ, որ վերջին շրջանում Հայաստանի հետ այն գնալով ավելանում է նախորդ տարիների համեմատ»,- նկատեց մեր բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս