Գուցե իմաստ ունի համեմատություններն անցկացնել, ասենք` 1990-ականների սկզբի՞ հետ. հաստատ տարբերությունն ավելի մեծ կլինի 

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել իր ասուլիսներում փաստերի լեզվով խոսել, հավանաբար դժվար չէ կռահել։ Բայց, որ վարչապետն այլևս չի ձգում նույնիսկ մի 100 նորմալ փաստ բերել, ակնհայտ է։ Վարչապետն այնտեղ է հասել, որ հիմա արդեն նույնիսկ արտահանման 3 տոկոսանոց աճն է ձեռքբերում համարում։ Դեռ չհաշված գյուղատնտեսությունը, որտեղ անկումը ոչ մի կերպ չի հաջողվում կասեցնել։

«2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել և գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ Տարեսկզբի միտումները կապված էին Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիոն գործընթացների հետ։ Ընդ որում, հուլիսին արձանագրվել է արտահանման 19 տոկոս աճ։ Առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 40,9 տոկոսով ւ հանդիսացել արտահանման հիմնական քարշակող ուժը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 34,4 տոկոսով:

Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, մրգային գինիների արտահանումը՝ 41 տոկոս, շոկոլադի արտահանումը՝ 35,1 տոկոս, թարմ ձկան արտահանումը՝ 23,6 տոկոս, տեղական արտադրության հագուստի արտահանումը՝ 17 տոկոս, բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը՝ 15,6 տոկոս, կոնյակի, ռոմի, օղի, լիկյոր տողով արտահանումը՝ 12,3 տոկոս, ջրերի արտահանումը՝ 10 տոկոս։ Ընդհանուր առմամբ 7 ամիսների ընթացքում արտահանումն աճել է 42,5 մլն դոլարով»,- սա օրերս հրավիրված հերթական մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստերից մեկն է։

Մի դեպքում արտահանումն աճել է՝ 34, մյուս դեպքում` 41, երրորդում` նույնիսկ՝ 58 տոկոսով, ասում է վարչապետը։ Ու զարմանում ես, եթե ամեն ինչ այդքան ակտիվ է, բա ինչո՞ւ է ընդհանուր արտահանումը կազմել ընդամենը 3 տոկոս։ Մի՞թե դա չի նշանակում, որ, եթե վարչապետի նշած ոլորտներում աճ կա, ապա այլ տեղերում անկում է, ինչի հետևանքով էլ արտահանման ցուցանիշն ընդամենը 3 տոկոս է։

Դեռ չհաշված, որ մինչև վերջերս այն բացասական էր։ Այսինքն` արտահանման անկում կար։ Բա ինչո՞ւ վարչապետը չի հրապարակում այն ոլորտները, որտեղ արտահանման վիճակը լավ չէ, որտեղ անկում է գրանցվում։

Արտահանման մասին չեն դատում միայն մի քանի ոլորտի ցուցանիշներով, հատկապես որ, դրանք շատ արագ են փոխվում։ Մի տարի՝ մի քիչ շատ, մյուս տարի` մի քիչ քիչ, և այդպես շարունակ։ Արտահանման ոլորտում նախ կարևոր է ընդհանուր պատկերը։ Իսկ ընդհանուր պատկերը մեզ մոտ այն է, որ 7 ամսում արտաքին շուկաներ մատակարարումները Հայաստանից ավելացել են ընդամենը 3 տոկոսով։ Որպեսզի պարզ լինի, թե դա ինչպիսի կարևոր «ձեռքբերում» է, արժե մեջբերել նախորդ մեկ-երկու տարիների ցուցանիշները։

Այսպես` անցած տարվա առաջին յոթ ամիսներին, որը, ի դեպ, համընկնում է քաղաքական այն բուռն պրոցեսների հետ, որ տեղի էին ունենում Հայաստանում, արտահանումն ավելացել էր 17 տոկոսով։ Չհաշված, որ իշխանափոխությունից հետո այն կտրուկ նստեց։ Մինչ այդ արտահանումը հասնում էր ընդհուպ 34 տոկոսի։ Ու այդքանից հետո արտահանման աճի տեմպն անցած տարի գրեթե 6 անգամ ավելի բարձր էր, քան այս տարի։

2017թ. նույն ժամանակահատվածում էլ, արտահանման աճը Հայաստանում կազմել էր 21 տոկոս կամ 7 անգամ ավելի բարձր, քան այս տարի։

Երբ վարչապետը 100 ձեռքբերումների մեջ նման փաստեր է ընդգրկում, գոնե գիտի՞, թե ինչպիսին են եղել ցուցանիշները նախկինում։ Թե չէ, կառավարության համար մի տեսակ ոչ նպաստավոր պատկեր է ստացվում։ Եթե 3 տոկոսը այդքան ոգևորող է, ապա ի՞նչ ասել 34 տոկոսի մասին։

Ի՞նչ տրանսֆորմացիոն գործընթացների մասին է խոսում վարչապետը, որոնց հետ իբր թե կապված է եղել այս տարվա առաջին կեսին արտահանման անկումը։ Այն, որ մշակող արդյունաբերության աճի տեմպը գրեթե կրկնակի պակաս է, քան 2017թ. էր։ Այնպես չէ, որ տարբերությունը 2018թ. համեմատ շատ մեծ է` ընդամենը 0,8 տոկոսային կետ։

Գանք գյուղատնտեսությանը` «2019 թ. առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48 տոկոսով կամ 426,2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56 տոկոսով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94,5 տոկոսով կամ 182,2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26 տոկոսով կամ 15,1 հազար տոննայով: Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն՝ ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսական պայմաններում արտադրվող մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշների ահռելի աճ է արձանագրվել: Մասնավորապես, վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը՝ 184 տոկոս»,- ասում է վարչապետը։

Ու ոչ մի խոսք այն մասին, որ գերակա հռչակված ոլորտում երկրորդ տարին անընդմեջ անկում է գրանցվում։ Անցած տարի այն նվազեց 7,3 տոկոսով։ Այս տարվա առաջին կեսին անկումը ոչ միայն չի փոքրացել, այլև մի բան էլ խորացել է։

Տեղին չէ ոլորտի ինչ-որ ցուցանիշներ վերցնել և դրանք ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում։ Երբ բուսաբուծության ճյուղի անկումն անցնում է 15 տոկոսից, ոչ մի նշանակություն չունի, որ որոշ ապրանքատեսակների արտադրությունը կամ արտահանումը ավելացել է։ Պարզ չէ՞, որ միշտ էլ նման ապրանքներ կգտնվեն։ Բայց դա չէ, որ որոշում է ոլորտի աճը։

Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ մի դեպքում՝ ցուցանիշները ներկայացնել կիսամյակի, մյուս դեպքում՝ 7 կամ 8, մեկ այլ դեպքում՝ մեկ ամսվա կտրվածքով: «2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1 տոկոսով: 2019թ. հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11,7 տոկոսով»: Հաշվետվություն ներկայացնում են մի վիճակի դրությամբ և ոչ թե՝ ոնց հարմար է կամ որ պահի համեմատ ցուցանիշները ձեռնտու են։ «2019թ. առաջին կիսամյակում 2015 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների նեգատիվ սալդոն նվազել է 32 անգամ»,- ասում է վարչապետը։

Որպեսզի ցուցանիշներն էլ ավելի տպավորիչ դառնան, գուցե իմաստ ունի վերցնել ու համեմատություններն անցկացնել, ասենք`1990-ականների սկզբի՞ հետ. հաստատ տարբերությունն ավելի մեծ կլինի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս