Երևանյան մանկական զարգացման կենտրոնում հրդեհ է բռնկվել. փրկարարները տարհանել են 5 երեխայի և 3 աշխատակցի
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 հասցեում գտնվող մանկապարտեզի պահեստային տարածքից ծուխ է նկատվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մանկական զարգացման կենտրոնի սանհանգույցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 14:47-ին:
Այրվել է սանհանգույցի կախովի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 4 քմ), ջերմահարվել է խոհանոցի առաստաղը (մոտ 40 քմ). տուժածներ չկան:
Փրկարարները տարհանել են 5 երեխայի և 3 աշխատակցի: