Բաժիններ՝

«Հանդիպումը, որը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում, կնպաստի երկրների միջև առկա բարդագույն խնդիրների լուծմանը». Գախարիա

Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յրքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում կայացած հանդիպումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: «Հանդիպումը, որը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում, կնպաստի երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը: Ես նորից եմ կրկնում, կնպաստի բարդագույն խնդիրների լուծմանը:

Պարզ է, որ այդ խնդիրների լուծման միակ ճանապարհը միջազգային կանոններն են եւ օրենսդրությունը, իհարկե, նաեւ սերտ համագործակցությունը մեր գործընկերների հետ»,- ասել է Վրաստանի վարչապետը: Իր հերթին ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը, որը 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր: Զալկալիանին եւ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես, վրացական կողմն արծարծել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը:

«Շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարեւոր է. այն ցույց է տալիս, որ կա այն բանի հույսը, որ կառուցողական երկխոսությունը կարող է նվազեցնել լարվածությունը եւ ամրապնդել կայունությունը ի բարօրություն ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- գրել է Լայչակը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս