
Ծանրորդ Սամվել Գասպարյանն ԱԱ-ի փոքր բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը (102 կգ) աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշում Հայաստանից Սամվել Գասպարյան պոկում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 171 կգ, երկրորդին` 175 կգ և երրորդին` 178 կգ: Գյումրեցի ծանրորդը այս ձևում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությանը Գասպարյանը գլխավերևում պահեց 212 կգ, սակայն 216 կգ մոտեցման ժամանակ վնասեց ոտքի մկանը և չբարձրացրեց պատվիրված քաշը:
Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանն աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար դեռևս կպայքարեն՝ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 26, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին), Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ, սեպտեմբերի 27, մեկնարկը Երևանի ժամանակով 12:55-ին): Մինչ Հայաստանից աշխարհի չեմպիոն էր դարձել Հակոբ Մկրտչյանը: