ԱՄՆ-ը մտադիր է Իրանի ԻՀՊԶ-ին կտրել երկրի տնտեսությունից. Փոմպեո
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (ԻՀՊԶ, իրանական զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի արտաքին տնտեսական գործունեությունից կտրելու փորձ ձեռնարկել:
Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սեպտեմբերի 25-ին հայտնել է Նյու Յորքում ընթացող խորհրդաժողովում, որը կազմակերպել է ամերիկյան ոչ կառավարական մի կազմակերպություն, որն իր գործունեության նպատակ է հռչակել Իրանի կողմից միջուկային զենքի ստացման կասեցումը:
«Նախեւառաջ մենք նոր գործողություններ ենք ձեռնարկում, որպեսզի ԻՀՊԶ-ին կտրենք իրանական տնտեսությունից: Միացյալ Նահանգներն ակտիվացնում է այն բանին ուղղված ջանքերը, որ մյուս երկրներին ու ընկերություններին ավելի լավ ծանոթացնի այն ռիսկերի հետ, որոնցով ուղեկցվում է ԻՀՊԶ-ի կառույցների հետ գործեր վարելը, եւ մենք պատժելու ենք այդ պետություններին ու ֆիրմաներին, եթե նրանք համառեն եւ մարտահրավեր նետեն մեր նախազգուշացումներին»,-հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Փոմպեոն նաեւ հայտարարել է, որ Իրանը թաքցնում է«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներին:
«Իրանը երկար տարիներ ագրեսիվ քաղաքականություն է վարել սեփական ժողովրդի, հարեւան պետությունների եւ ամբողջ քաղաքակրթության դեմ»,-ասել է նա:
«Նրանք սպանում ու կտտանքների էին ենթարկում իրենց ժողովրդին, սպանում էին ամերիկացիներին՝ Լիբանանից մինչեւ Իրաք, նրանք մինչ այժմ պարտակում են «Ալ Քաիդա»-ին: Իրանն այդպես գործում էր չորս տասնամյակ եւ, ցավոք, առանց իր համար հետեւանքների»,-պնդել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: