Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է․ նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Cybertech Europe 2019 միջազգային համաժողովիում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։

Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհի առաջատար միջազգային հարթակներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 40 երկիր ներկայացնող 5000-ից ավելի պետական գործիչներ և գործարար շրջանակների ղեկավարներ, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերություններ ողջ աշխարհից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը, «Լեոնարդո» ընկերությանը և նրա ղեկավար Ալեսանդրո Պրոֆումոյին՝ հրավերի համար։ «Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով իր ելույթում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․

«Ես տեսական ֆիզիկայի և հարաբերական աստղաֆիզիկայի նախկին պրոֆեսոր եմ: Սակայն համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը կապված չէ քվանտային մեխանիկայի կամ քվանտային ծրագրավորման հետ: Ապրելով գիտնականի, գործարարի, ապա՝ քաղաքական գործչի կյանքով՝ ես հասկացա, որ մենք ապրում ենք մեծ, պատմական փոփոխությունների ժամանակաշրջան: Աշխարհը, որում ապրում ենք այսօր, ամբողջովին տարբեր է այն աշխարհից, որում ապրել ենք 10, 20, 30 տարի առաջ: Վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխություններն ամբողջությամբ փոխել են մեր կյանքը:

Իսկապես, աշխարհը փոխվել է: Ամեն նոր ծնվող երեխա սկսում է բացահայտել աշխարհը, սակայն 2000-ականներից հետո ծնված երեխաները սկսում են բացահայտել ոչ թե մեկ, այլ երկու աշխարհ: Մեկը նյութական աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք։ Դա այն դասական աշխարհն է, որտեղ մեր բոլոր գործողությունները դասական բնույթ ունեն: Այստեղ գործում են նյուտոնյան ֆիզիկայի օրենքները: Սակայն, միևնույն ժամանակ, մենք ապրում ենք ոչ դասական աշխարհում, որն էլ երեխան սկսում է բացահայտել և անում է դա ipad-ի, iphone-ի միջոցով, որը տեսնում է առաջին իսկ օրվանից: Երեխան 1-2 տարեկանից արդեն սկսում է ապրել երկու աշխարհում՝ մեկը դասական, մյուսը՝ թվային, վիրտուալ…

Մեկ ամիս առաջ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ստորագրեց պայմանագիր Հենրիխ Մխիթարյանի հետ, ով Հայաստանի ազգային հավաքականի ավագն է: Այդ պայմանագրի ստորագրումով ակումբը մի քանի միլիոն նոր աջակիցներ ձեռք բերեց, որոնք ոչ միայն երկրպագելու են «Ռոմա»-ի խաղերը, այլև կրելու են նրա շապիկները և այլն: Հայաստանը դրա միջոցով ավելի մերձեցավ Իտալիայի և «Ռոմա»-ի հետ: Եվ այս ամենն ավելի հեռուն է գնում, քանի որ հիմա ամենահետաքրքիր զբաղմունքը ոչ թե ֆուտբոլն է կամ «Գահերի խաղը», այլ ինտերակտիվ՝ համակարգչային խաղերը, քանի որ դրանք ոչ միայն կարելի է դիտել, այլև կարելի է մասնակցել:

Ողջ աշխարհում մարդկային գործունեության երկու ոլորտներ ավելի ու ավելի են մոտենում ու ինչ-որ տեղ հատվում: Դա վերաբերում է զվարճանքներին ու քաղաքականությանը: Քաղաքականությունը, որն իր մեջ զվարճանքների մեծ մաս ունի, ուղղակի ազդեցություն է ունենում հասարակության վրա: Զարմանալի չէ, որ ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչների ենք տեսնում, ովքեր մեծ հաջողությամբ օգտագործում են սոցիալական ցանցերի գործիքները՝ շրջանցելով ավանդական քաղաքական ինստիտուտները՝ քաղաքական կուսակցությունները, ու հաջողության են հասնում՝ ուղղակիորեն դիմելով հանրությանը…

Ժողովրդավարությունը, որն ի հայտ է գալիս այսօր, օրական, իրական ժամանակի ժողովրդավարություն է: Այստեղ սեփական իրավունքներդ կարող ես իրացնել սոցիալական ցանցի միջոցով, ամեն օր: Այդ իսկ պատճառով ականատեսն ենք լինում, թե ինչպես դասական ժողովրդավարությունը, որը խորհրդարանում ու կազմակերպություններում է, երբեմն տարաձայնություններ է ունենում իրական ժամանակի ժողովրդավարության հետ, որն ամեն օր դրսևորվում է «Ֆեյսբուք»-ում: Մենք հայտնվել ենք բացարձակ նոր աշխարհում: Սակայն մենք չպետք է վախենանք դրանից:

Ինչո՞ւ է կարևոր կիբերանվտանգությունը: Կիբերանվտանգությունը կարևոր է, քանի որ այնքան ջանքեր են ներդրվել գումարի, հետազոտությունների տեսքով՝ պայքարելու թվային գործիքներով տեղեկատվության համար: Իրականությունն այն է, որ այս ամբողջ տաղանդն ու գիտելիքը վաղն անհրաժեշտ է լինելու սոցիալական հանրությանը պաշտպանելու համար, քանի որ մեր ժամանակների կիբեր վտանգներից մեկը «ֆեյք» լուրերն են: Դրանք ճշմարտության վրա հաքերային հարձակումներն են:

Կիբերանվտանգության իրական արժեքները գաղտնիությունը, ինտեգրվածությունը և հասանելիությունն են: Դրանք պետք է կիրառվեն նաև մեր սոցիալական կյանքում: Այստեղից էլ տեսնում ենք, որ մենք ապրում ենք երկու աշխարհում. մեկը դասական՝ իրական աշխարհն է, մյուսը ոչ դասական, քվանտային աշխարհը, որտեղ մեր շարժման արագությունը հասնում է լույսի արագությանը: Եվ աստիճանաբար մենք ավելի ու ավելի շատ ենք ապրելու վիրտուալ աշխարհում: Վիրտուալ աշխարհը ռիսկերի առումով ուղղակի ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա: Ուստի, բարի գալուստ 21-րդ դար: Բարի գալուստ խառը կյանք, որն աստիճանաբար դառնալու է ավելի ու ավելի թվային: Թվայինն ավելի է արագացնում ռիսկերը, փոխում դրանց բնույթը:

Իմ ապագա գրքում, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը» և որը շուտով լույս կտեսնի, ես հենց դա եմ փորձում բացատրել՝ թե ինչպես են համաշխարհային ռիսկերը դառնում քվանտային: Որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք ապրելու այս նոր աշխարհում, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես է մարդկային կյանքը դրսևորվում թվային աշխարհում:

20-րդ դարասկզբին առնվազն գիտնականները շփոթմունքի մեջ էին, քանի որ բացահայտում էին իրեր, երևույթներ, որոնք դժվար էր բացատրել՝ ատոմի կառուցվածքը, տարրական մասնիկներն ու դրանց վարքագիծը և այլն: Այս ամենը դեմ էր տարրական տրամաբանությանը: Մարդիկ շփոթմունքի մեջ էին՝ ի՞նչ է տեղի ունենում, ո՞ւր ենք շարժվում: Պատասխանը պարզ էր՝ մենք պետք է հասկանանք և փոխենք ինքներս մեզ: Եվ ինչ տեղի ունեցավ արդյունքում՝ մենք ադապտացրեցինք նոր փիլիսոփայությունը, որը քվանտային ֆիզիկայի փիլիսոփայությունն էր:

Դրանից հետո ամեն բան ավելի հասկանալի դարձավ, և չհասկացած լինելու ռիսկերն սկսեցին անհետանալ: Ուստի, ռիսկերը հաղթահարելու համար մենք պետք է իսկապես հասկանանք դրանց աղբյուրները, դրանց բնույթը»։

Շարունակելով խոսքը՝ Հայաստանի նախագահն ասել է, որ մենք ևս մեկ հեղափոխության եզրին ենք, որը ոչ միայն գիտական բացահայտումներով է լինելու, այլև նոր կյանքի բացահայտումներով, որը ոչ դասական է լինելու, այլ լինելու է քվանտային: «Հայաստանը 21-րդ դարի երկրի դասական օրինակ է,- ասել է Արմեն Սարգսյանը:- Որպես աշխարհի առաջին քրիստոնյաներ, մենք ունենք հարուստ պատմություն: Մենք մշտապես եղել ենք համաշխարհային ազգ: Առևտրականներ ենք ունեցել, որոնք առևտրով են զբաղվել վաղ միջնադարում՝ Չինաստանից հասնելով Սամարղանդ, Բուխարա և Մանչեսթեր: Հպարտ եմ, որ տարիներ առաջ որպես դեսպան Սուրբ Աթոռում մի ցուցադրության կազմակերպիչներից մեկն էի, որը կոչվում էր՝ «Հռոմ-Հայաստան. Հարաբերությունների 2000 տարի»:

Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է: Որովհետև բնական ռեսուրսներն այլևս այնքան կարևոր չեն լինելու, որքան նախկինում: Հնարավորություն է լինելու նորարարության, ադապտացվելու, գիտության, տեխնոլոգիայի համար: Մենք ժառանգել ենք և ունենք բարձր մակարդակի կրթական համակարգ, մասնավորապես, բնական գիտությունների՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում:

Ցանկացած հեղափոխություն սկսվում է երեխայից, կրթությունից: Իսկ Հայաստանում դուք կգտնեք յուրօրինակ դասապատրաստման դպրոցներ, որոնք մենք այժմ արտահանում ենք Փարիզ, Բեռլին, Մոսկվա: Այդ դպրոցը կոչվում է ԹՈՒՄՈ: Բացի այդ, ունենք այլ դպրոցներ, որոնք կոչվում են «Այբ», «Քվանտ» և այլն, դրանցից յուրաքանչյուրը տրամադրում է երեխաների կրթելու յուրատեսակ, նորարարական տարբերակ: Սա է ապագայի հիմքը:

Որպես Հանրապետության նախագահ՝ ունեմ իմ սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM (Advanced Tomorrow): Պատկերացրեք մի վայր, որտեղ երեխաները կարող են գալ և խաղալ, դրա շնորհիվ բացահայտել բնության օրենքները և ինժեներական որակներ ձեռք բերել: Վայր, որտեղ երիտասարդները կարող են այցելել «Վաղվա թանգարան»: Այս ամենը վերաբերելու է գիտությանն ու տեխնոլոգիաներին, սակայն ոչ պատմությանը, այլ ապագային: Վայր, որտեղ հնարավոր կլինի տեսնել խոշոր ընկերությունների, որոնք զբաղվում են արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, տեղեկատվության կառավարման, կիբերանվտանգության հետազոտություններով: Հարթակ, որտեղ հայկական, ամերիկյան, ռուսական, ֆրանսիական և այլ համալսարանները կհամագործակցեն ու հետազոտություններ կիրականացնեն: ATOM-ը նախագահական նախաձեռնություն է, որը ճանապարհին է: Ես բոլորիդ հրավիրում եմ Հայաստան՝ լինելու այդ նախագծի մասը:

Մենք շատ նվաճումներ ունենք, այդ թվում և՝ ստարտափները: Հայաստանում անցկացվում է Seaside Startup-ը: Այս նախագծի շրջանակում հազարավոր ստարտափներ են հավաքվում մեկ հարկի տակ մեկ շաբաթով, ապրում են միասին, հաղորդակցվում: Այս տեսանկյունից ես հավատացած եմ, որ ես նաև ստարտափի նախագահ եմ, և մեր ստարտափը կոչվում է Հայաստան: Երիտասարդ, բայց հին ազգ, որն ունի լավ որակներ և նոու հաու, ունի հավակնություններ՝ դառնալու մեծ, ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր ստարտափ: Ես հպարտ եմ լինելու նախագահը մի ստարտափի՝ երկրի, որը ցանկանում է դառնալ նոր՝ 21-րդ դարի աշխարհի առաջնորդներից մեկը:

Երբ գիրքս լույս տեսնի, ուրախ կլինեմ գալ և քննարկել այն ձեզ հետ: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Հայաստան, հրավիրել Cybertech-ին Հայաստան: Cybertech-ը պետք է լինի նաև Եվրասիայում, իսկ Հայաստանը Եվրասիայի կենտրոնն է: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք ԵՄ հետ՝ համաձայնագրի հիմքով, միևնույն ժամանակ, մենք ԵԱՏՄ անդամ ենք:

Գալով Հայաստան, որը բացարձակ եվրոպական երկիր ու ժողովուրդ է՝ հիանալի ենթակառուցվածքներով՝ սկսած բանկերից, և ունի հավակնություն՝ դառնալու տեխնոլոգիապես առաջատար երկիր, դուք կունենաք երկրի կառավարության ու անձամբ նախագահի լիակատար աջակցությունը:

Հուսով եմ, որ առաջիկա տարիներին համաժողովը կգա Երևան: Միևնույն ժամանակ, խոստանում եմ, որ մյուս տարի դուք այստեղ կունենաք հայ մասնակիցներ՝ ի դեմս տարբեր ընկերությունների»։

Տեսանյութեր

Լրահոս