Բաժիններ՝

Տնօրեններն աշխատանքից ազատվել են՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ կապված. Այս պահին նրանք ժամանակավոր պաշտոնակատարներ են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:

Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի կողմից տարածված հաղորդագրությունից։

Հատկապես թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանի պարագայում հայտարարությունը մեծ ռեզոնանս առաջացրեց համայնքում և սոցիալական ցանցերում։

Մասնավորապես, «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.

«Մարությանը աշխատանքից ազատել է 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանին, ում հորեղբայրը քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն է։ Սրանում կասկածելի ոչինչ չէր լինի, եթե չլիներ Աշոտ Բլեյանին պատկանող մասնավոր դպրոցին կառավարության կողմից տրամադրված 117 մլն․ դրամը և 181 դպրոցի մանկավարժների և աշակերտների ծնողների բողոքի ակցիաները, ովքեր պնդում են, որ Բլեյանն ուզում է վերցնել պետական դպրոցի մասնաշենքի մի մասը, և դպրոցի բոլոր աշակերտներն անցնեն այն կրթական ծրագիրը, որը դասավանդվում է Բլեյանի կրթահամալիրում, Բլեյանը հերքում է սա։
Բլեյանի և վարչապետի ջերմ հարաբերությունների մասին հայտնի է բոլորին»։

Հիշեցնենք, որ 168.amանդրադարձել էր նշված խնդրին, երբ հունիսի 6-ին գործադիրը որոշում էր ընդունել 117 մլն դրամ հատկացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։

Այս որոշումը փոթորկել էր թաղամասի բնակիչների ու, մասնավորապես, 181 դպրոցի շահառու հանդիսացող աշակերտների, ծնողների ու ուսուցչական կազմի անդորրը. որոշմանը հետևեցին բողոքի ակցիաները դպրոցի բակում։ Պահանջը մեկն էր. չեն ուզում, որ իրենց դպրոցը ներառվի միասնական կրթական ցանցում, այլ կերպ ասած՝ չեն ուզում հաճախել կրթօջախ, որում դասավանդումը կիրականացվի Մ. Սեբաստացի կրթահամալիրի ծրագրով։

Դպրոցի բակում հավաքված ծնողների հետ զրուցել էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և նշել, որ ինքը մտադրություն չունի իր կրթական ծրագիրը պարտադրել թիվ 181 հիմնական դպրոցում սովորող աշակերտներին։ «Այդպիսի որևէ մտադրություն ես չունեմ, ավելին՝ որևէ փաստաթուղթ իմ գիտությամբ դրա վերաբերյալ չկա։ Մեր կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն մեր կրթական ծրագրերը»,- ասել էր Աշոտ Բլեյանը՝ հերքելով ծնողներին հուզող տեղեկությունը։

168.am-ը հարցումներ էր ուղարկել երեք գերատեսչությունների՝ Երևանի Քաղաքապետարանին, ԿԳՄՍ-ին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությանը, և փորձել հասկանալ վերոնշյալ կառույցների դիրքորոշումը նշված խնդրի վերաբերյալ։

«Երևանի քաղաքապետարանը Մ. Սեբաստացի կրթահամալիրի վերաբերյալ նույնաբովանդակ գրություններ է ստացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից, որով առաջարկում է Երևանի ենթակայության թվով չորս կրթական հաստատությունների` h.181 դպրոցի և հհ.76, 93, 95 մանկապարտեզների սահմանների վերացում, միջդպրոցական ներթաղային անցումների-հեծանվուղիների ստեղծում, բարեկարգում, ինչպես նաև վերոնշյալ մանկապարտեզների վերանորոգում և վերակազմակերպում՝ որպես դպրոց-մանկապարտեզների:

Հ.181 դպրոցն ունի 2049 աշակերտ, որոնց թիվն օրըստօրե աճում է, իսկ նախադպրոցական երեք հաստատությունները՝ հիմնանորոգվելու, բակերը բարեկարգվելու են տարբեր ծրագրերով:

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է առարկություն առաջարկության վերաբերյալ՝ հիմք ընդունելով կրթական հաստատությունների համար սահմանված սանիտարական և քաղաքաշինական նորմերը:

Միաժամանակ ներկայացված ծրագիրն իրագործելու համար Մ. Սեբաստացի կրթահամալիրի տնօրենին առաջարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թերբեռնված հ.87 մանկապարտեզի ազատ և չօգտագործվող տարածքը»,- նշված էր Քաղաքապետարանի պատասխանի մեջ։

Ինչևէ, պարզելու համար, թե արդյո՞ք թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանն ազատվել է աշխատանքից, մենք դիմեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին։

«Նշված երեք դպրոցների տնօրենների պաշտոնավարման 5-ամյա ժամկետն ավարտվել է, և ըստ կարգի՝ նրանք ազատվել են աշխատանքից։ Դպրոցի խորհուրդը երկամսյա ժամկետում կհայտարարի մրցույթ տնօրենի թափուր հաստիքի համար, և տնօրենի հաստիքի պահանջներին բավարարող ցանկացած մարդ, այդ թվում՝ նաև ազատված տնօրենները, կարող են մասնակցել այդ մրցույթին»,- ասաց Աննա Ստեփանյանը։

Մեր այն հարցին, թե մինչ մրցույթի հայտարարումն ու նոր տնօրենի ընտրությունը ովքե՞ր են կատարելու նրա աշխատանքային պարտականությունները, Երևանի քաղաքապետարանի Հանրակրթությանն վարչության պետն ասաց, որ ըստ կարգի՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դառնում փոխտնօրեններից մեկը։ Եթե նրանք հրաժարվում են, նշանակվում է դրսից մարդ։

«Այս երեք դպրոցների պարագայում փոխտնօրենները հրաժարվել են դառնալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, և, որպեսզի դպրոցների բնականոն կյանքը չխաթարվի այս պահին, առաջարկվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ժ/պ նշանակել գործող տնօրեններին, կարգադրությունն արդեն կա: Նշված երեք տնօրեններն էլ այս պահին իրենց դպրոցներում ժամանակավոր պաշտոնակատարներ են»,- եզրափակեց Աննա Ստեփանյանը։

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս