Մենք քիչ ենք, բայց մեզ էլ են հաշվում

Ժողովրդագրական որոշ տվյալներ գտնելն արդեն լուրջ հմտություններ է պահանջում: Համարյա հետախույզին վայել հմտություններ: Թվում էր, թե իրավիճակ է փոխվել: Թվում էր, թե տնտեսական վիճակագրության «խաղիկներն» անցյալում կմնան:

Ընտրակեղծիքների նման: Բայց միայն թվում էր: Տարիներ շարունակ վիճակագրությունը տեղեկություն էր հրապարակում Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած մարդկանց քանակի մասին: Տարիներ շարունակ վիճակագրությունը տեղեկատվություն էր հրապարակում գործազրկության մասին:

Հիմա փորձեք գտնել նման տեղեկատվություն: Գործազրկության վերջին պաշտոնական տեղեկությունն այս տարվա առաջին եռամսյակին է վերաբերում: Հասկանալի է, որ այդ ցուցանիշն անվերջ թաքցնել չի կարելի: Հետևաբար, առաջիկայում ինչ-որ բան կհրապարակվի: Փոխարենն անհասկանալի է, թե ինչու է թաքցվում ժամանող-մեկնողների հարաբերակցությունը: Ի վերջո, վերջին մեկ-երկու տարում օր օրի ավելանում է մեր երկիր ժամանող հնդիկների քանակը: Նրանց «առկայությունը» կմեղմեր բացասական ցուցանիշը: Ժողովրդագրական բացասական ցուցանիշը: Շատերն են հիշում ոչ այնքան հեռավոր 2015 թվականը:

Այդ տարվա վերջում առաջին անգամ ՀՀ բնակչության թիվը պաշտոնապես նվազեց 3 մլն-ի ցուցանիշից: 2015թ. տարեվերջին ՀՀ բնակչության թիվը պաշտոնապես 2 մլն 998 հազար 600 մարդ հայտարարվեց: Միջազգային պրակտիկայում սովորաբար ընդունված է վստահել ժողովրդագրական այն թվերին, որոնք ձևավորվում են մարդահամարի արդյունքում: Իսկ մեր երկրում 10 տարին մեկ կանոնավոր մարդահամար է անցկացվում: Տարվա ընթացքում հրապարակվող տնտեսական տեղեկատվության մեջ պարբերաբար ժողովրդագրության ցուցանիշներ կան, ուր նշվում է երկրի բնակչության ընդհանուր թիվը, տղամարդ-կին, քաղաքային ու գյուղական բնակչության հարաբերակցությունը, տարիքային կառուցվածքը, և այլն: Ասել կուզի՝ ոչ մի իշխանություն, ամենամեծ ցանկության դեպքում, ի վիճակի չէ թաքցնել ժողովրդագրության տենդենցները: Իսկ վերջին տասնամյակներում մեր երկրի բնակչությունը մշտապես նվազում է:

Արտագաղթի տեմպերը, իհարկե, տարբեր են, բայց մնայուն է նվազման միտումը: Տեսեք՝ 2016-ին պաշտոնապես հայտարարված բնակչության թիվը 2 մլն 986 հազար հարյուր մարդ է, որը 12.5 հազարով պակաս էր նախորդ տարվանից: Ասել կուզի՝ այդ պահին իշխանություններն ընդունում էին, որ երկրի բնակչությունը նվազել էր 12.5 հազարով: 2017 թ. տարեվերջին պաշտոնապես հրապարակվեց 2 մլն 972 հազար 700 թիվը:

Այսինքն՝ արտագաղթը պաշտոնապես մի փոքր աճել էր` նախորդ տարվա 12.5 հազարի դիմաց՝ բացասական հաշվեկշիռը 13.4 հազար էր: Հետո եկավ քաղաքական մեծ փոփոխությունների՝ 2018-ի հեղափոխական անվանված տարին: Ու այդ տարվա ինչ-որ պահից ժողովրդագրական (ու ոչ միայն ժողովրդագրական) ցուցանիշները սկսեցին տարօրինակորեն փոփոխվել: Որովհետև հասարակական սպասումներում աճել էր տնտեսական տեղեկատվության պահանջարկը: Նաև իշխանությունների «թեթև ձեռքով»:

Բայց միևնույն է՝ այս մի ցուցանիշը պարտադիր հրապարակվում է: 2019թ. հունվարի 1-ի դրությամբ (որ նույնն է թե` 2018թ. տարեվերջի դրությամբ) երկրի բնակչության պաշտոնական քանակը 2 մլն 965 հազար 300 մարդ էր: Այսինքն՝ 7.4 հազար մարդով պակասել էր: Հնարավոր է, որ անսպասելի էր, բայց պարզ էր, որ անկման միտումը պահվել է: Ու հնարավոր է, որ այդ միտումի պատճառով հնարավոր չէ գտնել ժամանող-մեկնողների վիճակագրությունը, որը տարիներ շարունակ շատ ավելի մեծ տարբերություն էր արձանագրում, քան ժողովրդագրության մյուս հրապարակումները: Իսկ դրանք շարունակում են հրապարակվել նաև այս տարի: Ու շարունակում են բնակչության նվազում արձանագրել:

Օրինակ, հրապարակվեց, որ այս տարվա ապրիլի 1-ի (ամսաթիվը պաշտոնական է և ոչ մի ակնարկ չի պարունակում) դրությամբ՝ հրապարակվեց 2 մլն 962 հազար 100 թիվը: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում բնակչության քանակը պակասել էր 3.2 հազարով: Մյուս պաշտոնական տվյալն ավելի մեղմ էր. հուլիսի 1-ի դրությամբ՝ հայտարարվեց 2 մլն 961 հազար 600 բնակչի մասին:

Այսինքն՝ բնակչության արտագաղթը երկրորդ եռամսյակում կտրուկ պակասել էր` կազմելով 500 մարդ: Վատ չէ, եթե իրական պատկեր է: Հարկավոր է հիշել տարեկան վերջնական հաշվետվությունների հետ համադրելու համար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ գյուղական բնակչության նվազումն ավելի առաջանցիկ տեմպ ունի: Սա միանգամայն բնական ու ժամանակակից տենդենց է:

Վերջում՝ ժողովրդագրական երկու տվյալ. մեր երկրում օրական ծնվում է 111 երեխա: Ամեն օր մահանում է 75 մարդ: Այսինքն՝ բնական օրական աճը պետք է որ կազմեր մոտ 36 մարդ: Եթե արտագաղթ չլիներ:

Տեսանյութեր

Լրահոս