Կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:
Հանդիպման արդյունքներով վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով: