«Հիմա դուք ընդդիմությո՞ւն եք …». Իրավապաշտպանը՝ ԼՀԿ-ի ներկայացրած նախագծի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը տարբեր գնահատականների է արժանանում: Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Ի՞նչ է առաջարկում ԼՀԿ-ն՝ այս երկու պաշտոնները դարձնել զուտ քաղաքական, և  իշխող քաղաքական ուժն այդտեղ ում ուզի՝ առաջադրի, եթե պատգամավորի չափանիշերին համապատասխանում է (իսկ մեզ մոտ այդ չափանիշերին համապատասխանելը հեշտ է՝ այդտեղ IQ-ի  հետ կապված որևէ պահանջներ չկան): Ի՞նչ է ստացվվում ՝ ԼՀԿ-ն ոչ թե բուն խնդիրն է լուծում, որովհետև դրանք նախարարություն չեն դառնում, այլ հեշտացնում է իշխող քաղաքական ուժի  հնարավորությունը՝ ում ուզեն՝ նշանակեն ԱԱԾ և Ոստիկանության պետ, ինչը լուրջ վտանգներ է ստեղծում, որովհետև, եթե  ամեն պատահած դառնա ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ, չեմ կարծում, որ քաղաքացիները կարող են իրենց լավ զգալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանը նաև հարցադրումներ հղեց՝ ուղղված ԼՀԿ-ին՝ «Հիմա դուք ընդդիմությո՞ւն եք …»:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ շատ երկրներում տարածված է այդ պաշտոնների քաղաքականացումը, սակայն այն պայմանավորված է երկրի կայունությամբ.

«Արդյո՞ք երկիրն այնքան կայուն, իրավական ու ժողովրդավարական պետություն է, որ ոչ մի քաղաքական գործիչ՝ անկախ նրանից, թե ինքը որ պաշտոնը կզբաղեցնի, չկարողանա փոխել այն համակարգը, որն արդեն կա: Արդյո՞ք մենք ունենք այնպիսի ԱԱԾ  և Ոստիկանություն, որ քաղաքական գործիչը՝ անկախ նրանից, թե ով կգա, չկարողանա համակարգային փոփոխություններ անել և այնպիսի վտանգավոր գործունեություն ծավալել, որոնք կկարողանան երկրի անվտանգությանը լուրջ մարտահրավերներ նետել»:

Լ. Սահակյանը համոզված է, որ ներկայում նման փոփոխությունները վտանգավոր են.

«Այսօրվա դրությամբ, երբ այնպիսի անձինք են այսօր ԱԺ-ում պատգամավոր, և ինչպիսի պաշտոններ են զբաղեցնում անձինք, ովքեր ընդհանրապես չեն էլ պատկերացնում՝ էդ պաշտոնատար անձն ինչ լիազորություններ ունի, մենք նման ցոփություն մեզ թույլ տալ չենք կարող. սա իրականում երկրի անվտանգության լուրջ խնդիր է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս