Ինչո՞ւ է փոխվել «Արցախ» ֆուտբոլային թիմի անունը

Ֆեյսբուքյան օգտատեր Արեգ Բարսեղյանը հետևյալ գրառումն էր կատարել. «Ադրբեջանի ֆուտբոլի առաջնությունում #Ղարաբաղ ֆուտբոլային ակումբը քիչ էր, հիմա էլ #Էրիվան անվանումով ակումբ է գրանցվել։ Իսկ Հայաստանի առաջնությունում  #Արցախ  ֆուտբոլային ակումբը վերանվանվում է ինչ-որ Նոահ… Դե հիմա ասեք տեսնեմ, էդ ո՞ւմ ա էդքան անհարմարություն պատճառել էդ ակումբի անվանումը»։

168.am-ի հետ զրույցում ակումբի մամուլի հետ կապերի պատասխանատուն ասաց, որ ակումբի «Արցախ» անվանումը «Նոահ»-ով փոխարինելը նախկին սեփականատիրոջ հետ պայմանավորվածության արդյունք է։

«Երբ մենք հունվարին ձեռք բերեցինք ակումբը, նախկին սեփականատերը ցանկացավ մրցաշրջանի ավարտից հետո հետ ստանալ իր «Արցախ» անունը, որ կարողանա հետագայում թիմ ձեռք բերի, գրանցի Գորիս քաղաքում ու մասնակցի 1-ին խմբի առաջնությանը։ Հետևաբար՝ մենք մրցաշրջանի ավարտից հետո կատարեցինք մեր պայմանավորվածությունն ու իրենց Արցախ անունը վերադարձրինք իրենց»,- ասաց թիմի մամուլի հետ կապերի պատասխանատու Ռուբեն Մելոյանը։

Մեր այն հարցին, թե ի՞նչ է նշանակում ակումբի ներկայիս անվանումը, Ռուբեն Մելոյանն ասաց, որ այն Նոյ Նահապետի անվան անգլերեն տարբերակն է։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս