«Սա բխում է մեր պետության շահերից». Սուրեն Սարգսյան

«Շատ ուրախ եմ, որ վերջապես ՀՀ քաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց Իսրայելում դեսպանություն բացել։ Սա բխում է մեր պետության շահերից՝ հաշվի առնելով մի քանի կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Իսրայելում մեր պատմական ներկայությունը, եկեղեցապատկան գույքը և սրբատեղին, որ մենք ունենք, որը մեր պաշտպանության ու պահպանության կարիքն ունի, աճող հայ համայնք ունենք Իսրայելում, որը պետք է դարձնել քաղաքական ազդեցիկ գործոն, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իսրայելը մեր թշնամուն զենք է վաճառում։ Այս և տասնյակ այլ հանգամանքներով պայմանավորված՝ ժամանակն է, որ ՀՀ-ն ռեզիդենտ դեսպան ունենա Իսրայելում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին կառավարության որոշումը:

Ըստ նրա՝ որևէ խնդիր չկա, եթե Իսրայելն ինքն իր հերթին՝ ՀՀ-ում դեսպանություն չբացի. «Թե ինչպես կկողմնորոշվի Իսրայելը, դա իր սուվերեն իրավունքն է։ Չեմ կարծում, որ դա որևէ բացասական ձևով կարող է մեկանաբանվել։ Շատ պետություններ կան, որտեղ ՀՀ-ն ունի ռեզիդենտ դեսպան, իսկ այդ պետությունը մեր երկրում չունի, օրինակ՝ Կանադան»։

Անդրադառնալով Եթովպիայում ևս դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշմանը՝ Ս.Սարգսյանը դա կարևորեց աշխարհագրական սփռվածության առումով. «Ընդհանրապես Հայաստանի դեսպանությունների աշխարհագրությունը սովորաբար սփռված է դեպի Եվրոպա։ Իհարկե, մենք ունենք դեսպանություններ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, ասիական երկրներում, բայց ռեզիդենտ դեսպաններ չունենք մի շարք ուղղություններով, օրինակ՝ Աֆրիկայում, չհաշված Եգիպտոսը, և սա, իհարկե, խնդրահարույց է։ Բայց աշխարհագրության տարածման տեսանկյունից նաև կարևոր է, որ ՀՀ-ն փորձի սփռել դեսպանությունները, և գոնե տարածաշրջանային կենտրոններում ունենալ դեսպանություններ, որոնք կսպասարկեն ոչ միայն տվյալ երկրի, այլև հարևան երկրների տարածքները։ Կարծում եմ՝ պետք է այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել»։

Ս.Սարգսյանի խոսքով՝ Եթովպիայի պարագայում նաև հաշվի է առնվել հայկական պատմական ներկայությունն այդ երկրում, որը հարյուրամյակների պատմություն ունի, նաև մշակութային ժառանգությունը. «Միայն Ադիս Աբեբայում 2 հայկական եկեղեցի կա, այլ քաղաքներում ևս կան հայկական եկեղեցիներ։ Սա նաև խոսում է համայնքների ակտիվության, ներգրավվածության մասին, նաև մշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից, կարծում եմ, ճիշտ է, որ մենք դեսպանություն ունենանք նաև Եթովպիայում»։

Տեսանյութեր

Լրահոս