
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից փաստաթղթեր է ստացել Brexit-ի վերաբերյալ

Եվրամիությունը (ԵՄ) Մեծ Բրիտանիայի իշխանություններից ստացել է փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, բովանդակում են Լոնդոնի առաջարկությունները Միությունից թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների համաձայնագրի վերաբերյալ: Սեպտեմբերի 19-ին Բրյուսելում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մինա Անդրեեւան։
«Ես կարող եմ հավաստել, որ մենք փաստաթղթեր ենք ստացել Մեծ Բրիտանիայից եւ կուսումնասիրենք դրանք: Այսօր եւ վաղը մեզ մոտ տեղի կունենան տեխնիկական քննարկումներ»,- ասել է նա:
Անդրեեւան նաեւ հաստատել է այն տեղեկատվությունը, որ սեպտեմբերի 20-ին տեղի կունենան բանակցություններ Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիի եւ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: