«Հուսով եմ՝ վարչապետն ինձանից գոհ է». Հակոբ Արշակյանը՝ պաշտոնանկությունների մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով՝ տրամաբանական չէ ևս մեկ անգամ մեկնաբանել, թե ինչու են տեղի ունեցել երկու ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները, քանի որ դրա մասին արդեն խոսել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Նրա կարծիքով՝ նորմալ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, և որոշում են բաժանվել։
Հարցին, օրինակ, եթե Վալերի Օսիպյանից վարչապետը գոհ չէր, ինչո՞ւ նշանակեց իրեն գլխավոր խորհրդական, կամ ի՞նչ խորհուրդներ նա պետք է տա վարչապետին, Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ աշխատանքի տարբեր ուղղություններ ու պատասխանատվություններ կան, այդ պատճառով էլ չի ցանկանում մեկնաբանություն տալ։
«Չգիտեմ, թե վարչապետի դժգոհությունները կոնկրետ որ հարցերի հետ են կապված եղել։ Կոնկրետ այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած, դրա մասին են վկայում նաև հանրության կարծիքները»,- Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակոբ Արշակյանը։
Ըստ նրա՝ այլ նախարարների հրաժարականի մասին որևէ քննարկում չի եղել։
Հարցին՝ վարչապետն իրենից գո՞հ է, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Հուսով եմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան