
Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է, այլև 2006թ. ի վեր արվեստում մեծ ներդրումներ է կատարում: Նա տանն ունի արվեստի յուրօրինակ գործերի մեծ հավաքածու:
Յըլմազը, մասնակցելով «Galeri 77» ցուցահանդեսին, հայ Մուրադյանի վրձնին պատկանող 2 կտավ է գնել:
Նշվում է, որ թուրք դերասանը հայ նկարչի «Pequod» կտավի համար վճարել է 66.000դոլար, իսկ «Portre 4» կտավի համար` 20.000 դոլար: