«Ես կկանգնեմ և կգնամ, եթե ինչ-որ մեկը հարցնի՝ արդյո՞ք ՊՍԺ-ն կհաղթի Չեմպիոնների լիգան». Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի տնային խաղում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
«Նախ, եթե ինչ-որ մեկը հիմա ինձ հարցնի Չեմպիոնների լիգան հաղթելու մասին, ես ոչինչ չեմ ասի: Ես կկանգնեմ և կգնամ, եթե ինչ-որ մեկը հարցնի՝ արդյո՞ք ՊՍԺ-ն կհաղթի Չեմպիոնների լիգան:
Իսկապես թիմային խաղ էր և առանց գնդակի: Խաղացողները պատրաստ են աշխատել և ավելի լավանալ: Այսօր մենք դա ապացուցեցինք, չնայած որ դա ամեն երեք օրը մեկ անելը հեշտ չէ:
Երբ մենք խաղում ենք առանց Նեյմարի, Մբապեի և Կավանիի, դա կարող է օգնել մեզ: Մարդիկ ասում են, որ մենք ֆավորիտ չենք, և դա կարող է թեթևացնել պատասխանատվության բեռը խաղացողների ուսերից: Բայց, իհարկե, առանց նրանց՝ անհնար է խաղալ յուրաքանչյուր հանդիպում, մեզ անհրաժեշտ են բոլոր խաղացողները:
Ես շատ երկար պայքարեցի, որպեսզի թիմում տեսնեմ Գուեյին: Նա պարզապես մեքենա է: Նա երբեք կանգ չի առնում և շատ գնդակներ է խլում: Սա, անկասկած, կարևոր է «Ռեալի» նման թիմերի հետ խաղերում: Նրա, Մարկինիոսի և Վերատիի հետ մենք խնդիրներ չենք ունենա կիսապաշտպանությունում:
Դի Մարիան ամբողջ տարվա ընթացքում ցույց տվեց, որ կարողանում է այսպես խաղալ: Նրա ձախ ոտքը կախարդական է, ՊՍԺ-ում նրա վիճակագրությունը բացառիկ է: Նա միշտ առանցքային դեր է խաղում՝ գոլ խփելով և փոխանցումներ անելով: Նա շատ օգտակար է պաշտպանությունում: Նա փակեց Կարվախալին, իսկ ձախ կողմում լավն էր «Բերնանտի» հետ խաղում»,- նշել է գերմանացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան