Նաթանյահուն ընտրություններում իր մրցակցին առաջարկել է ստեղծել լայն միասնության կառավարություն
Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն սեպտեմբերի 17-ին կայացած կրկնական խորհրդարանական ընտրություններում իր հիմնական մրցակից «Կախոլ-Լավան» կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցին առաջարկել է ստեղծել լայն միասնության կառավարություն։
«Եկեք հանդիպենք: Մենք պետք է լայն միասնության կառավարություն ստեղծենք»,- Գանցին ուղղված Նաթանյահուի խոսքը սեպտեմբերի 19-ին մեջբերում է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: «Ընտրողներն ակնկալում են, որ մենք երկուսս էլ պատասխանատվություն հանդես կբերենք եւ կհամագործակցենք: Մարդիկ ակնկալում են, որ մեք կաշխատենք միասին, ոչ մի կարգի հիմքեր չկան երրորդ ընտրությունների համար»,- հավելել է վարչապետը:
Աջ եւ կրոնական կուսակցությունների դաշինքը՝ վարչապետ Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններում ձայների 90 տոկոսի հաշվման արդյունքներով Կնեսետում ստանում է 55 տեղ 120 տեղից, իսկ կենտրոնամետ եւ ձախ կուսակցությունները՝ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքի հետ՝ 56 աթոռ: Կայուն կոալիցիայի կազմավորման համար անհրաժեշտ է 61 տեղի նվազագույն մեծամասնություն 22-րդ գումարման Կնեսետի 120 պատգամավորական մանդատներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: