«Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն»
Նախորդ օրվա խեղդող լրահոսից առանձնանում էր «Եթե ես փախչող լինեի, ապա ադրբեջանցիք հիմա Ստեփանակերտում թեյ էին խմում» ձևակերպումը։
Նույնիսկ նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին են վերագրում աշխարհի բոլոր մեղքերը, հոգու խորքում կընդունեն, որ այս տողերը ճշմարտացի են։
Երկրորդ նախագահի կողքին նստած են հաղթանակների ու մարտունակ բանակի մյուս հիմնադրիրները՝ գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։ Մարդիկ, ովքեր 90-ականներին սակավաթիվ ուժերով կազմակերպեցին գրագետ ինքնապաշտպանություն, 2000-ականներին՝ հազար տարի պետականություն չունեցող ժողովրդի համար՝ կանոնավոր բանակ, իսկ պաշտոնավարման վերջում այդ բանակը համալրեցին գերժամանակից իսկանդերներով, որից աշխարհում հատուկենտ պետություններ ունեն։
Հաջորդ օրվա լրահոսում՝ Արցախի գեներալների և նախագահ Բակո Սահակյանին ՀՔԾ հրավիրելու մասին լուրն էր։ Հրահանգ տվողը երջանիկ է, իսկ օսլայած օձիքով, կյանքում վառոդի հոտ չառած քննիչը կպատրաստվի մեղադրել նրանց՝ պետության հանդեպ կատարած արարքներում։
Մեղադրել այն մարդկանց, որոնք պետություն են ստեղծել ու ապահովել մեր միասնական պետության անվտանգությունը, այն մարդկանց, ովքեր հնարավորություն են տվել հայտարարելու՝ Արցախը Հայաստան է…
Նույն օրվա լրահոսում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիրովի հայտարարությունն է. «Շատ մոտ ժամանակներում մեր բանակը կլուծի խնդիրը… Մենք անհամբեր սպասում ենք հրամանի…»։ Եվ նա մեծ հույս է հայտնում, որ «այս անգամ Ռուսաստանը չի օգնի հայերին»։
Դարձյալ մեր լրահոսից իմանում ենք, որ գեներալ Լևոն Մնացականյանը և այլ բարձրաստիճան սպաներ կանչվելու են ԱԺ ապրիլյանի հանձնաժողով և պատասխանելու են մի խումբ պատահականությունների մեղադրանքներին։
Ինչի՞ համար է այս ամենը, ո՞ր գլխում է ձևավորվում այս օրակարգը։ Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն։ Բայց այդ դեպքում միշտ պետք է հիշել, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում չեն մնալու։ Ստեփանակերտից Երևան ուղիղ 4 ժամ է, ուղղաթիռով՝ անհամեմատ ավելի արագ։
Մոտ օրերս կազմակերպությունը հրապարակելու է փորձագետների խմբի պատրաստած վերլուծական տեղեկանքը տարածաշրջանային անվտանգության և Հայաստանի համար արագ ձևավորվող նոր ռիսկերի վերաբերյալ։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»