Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:
2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, Աժ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները:
Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչը) կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:
Այսպես՝ բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այն է` կազմակերպում է ԱԺ նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական և արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը, զբաղվում է ապրանքների մարքեթինգով, կազմակերպում և իրականացնում է ԱԺ նյութատեխնիկական ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման, պահեստավորման և մատակարարման աշխատանքները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 – 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:
Մասնավորապես` 2015-2016 թվականներին ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ նրան պատկանող ՍՊ ընկերությանը կազմված հաշիվ ապրանքագրերի, թվով 7 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, ինչպես նաև նշված ՍՊ ընկերության տնօրենի ընկերոջ անվամբ գրանցված ԱՁ-ի հետ թվով 3 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և 75 հատ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:
Սակայն ՍՊ ընկերության տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարչի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված` ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ, ինչի արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակաով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով 9.359.083 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նշված հուշամեդալները պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից՝ պատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:
2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հ.Գ. 168.am-ի տեղեկություններով՝ Քոչար Խաչատրյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է: