«Փաշինյանի մեկնաբանություններում, մեղմ ասած, թաքնված հակառուսական ենթատեքստ կա». Կորոտչենկո

«168 Ժամի» զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն:

– Պարոն Կորոտչենկո, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, սպառնալիքներ է ուղղել հայկական կողմին՝ նշելով, որ մոտ ժամանակներս Ադրբեջանն իր «խոսքը» կասի կռվի դաշտում: Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի այս հայտարարությունը, որը հնչում է, ըստ էության, բանակցությունների ընթացքում և նախարարներ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպման շեմին:

– Նախ՝ ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմամբ այն որոշումների հիման վրա, որոնք ընդունվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների և ՄԱԿ ԱԽ-ի կողմից: Հասկանալի է, որ այն պայմաններում, երբ իրական բանակցություններն արդյունք չեն տալիս, թե հայկական, թե ադրբեջանական կողմերը միմյանց հասցեին փոխանակվում են բավականին կտրուկ հայտարարություններով, և, ցավոք սրտի, նմանատիպ հայտարարություններով հանդես են գալիս բացարձակապես երկու կողմերը:

– Պարոն Կորոտչենկո, նման սպառնալիքներով լի արձագանք Դուք հայկական կողմից հիշո՞ւմ եք: Հայկական կողմը սովորաբար նման հայտարարություններ չի անում կամ պատասխանում է արդեն արված ադրբեջանական հայտարարություններին՝ շեշտը դնելով ռազմական ներուժի վրա:

– Ես հիշում եմ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի կողմից բավականին կտրուկ հայտարարություններ: Նման հայտարարություններն ընդհանուր առմամբ երկկողմ են: Մենք հույս ունենք, որ բարձր մակարդակով բանակցությունները ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև ամենակարևորն են, հուսանք՝ երկխոսությունը կողմերի միջև կշարունակվի, և հույս ունենք, որ կհաջողվի ղեկավարների մակարդակով գալ փոխընդունելի զիջումների՝ սկսելով կարգավորել հակամարտությունը փուլ առ փուլ՝ գալով բացառապես խաղաղ կարգավորման: Եթե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպում են, զրուցում են տարբեր միջազգային հարթակներում, նշանակում է, որ կա գոնե բանակցություն, շփում, երկխոսություն, որը պետք է որ զսպիչ հանգամանք լինի: Ցանկալի է, որ այդ քաղաքական երկխոսությունը հանգեցնի կոնկրետ արդյունքների: Մենք Ռուսաստանում, հույս ունենք, որ այդպես էլ կլինի:

Կրկնեմ, որ սուր հայտարարություններ հնչում են երկու կողմից: Ավելին, Պաշտպանության նախարարները պատասխանատու են ռազմական ներուժի համար և ռազմական պատրաստակամության համար և չեն կարող դիվանագիտական հայտարարություններ անել: Ուստի, ըստ իս, գլխավորն այն է, որ կա երկխոսություն, քանի որ երկրների ղեկավարներն են իրականացնում պրակտիկ քաղաքականությունը, և ցանկանում եմ հավատալ, որ չնայած այս հայտարարություններին՝ հակամարտությունը չի տեղափոխվի թեժ փուլ, այլ կողմերը կհասնեն պրակտիկ պայմանավորվածությունների, թեև գործընթացը հեշտ չի առաջ ընթանում և երկարաձգվել է:

– Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունից հետո մեկնարկած բանակցային գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես կարծում եմ, որ Սարգսյանն ավելի նպատակադրված էր պրակտիկ պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ, իսկ Փաշինյանի համար պայմանավորվածությունների ձեռքբերումը բարդ է լինելու, քանի որ հայ ժողովրդի էյֆորիան անցնում է, ժողովուրդը սպասում է տնտեսական իրավիճակի բարելավման, իսկ դրա փոխարեն՝ մենք տեսնում ենք քաղաքական ընդդիմախոսների հետապնդումներ և քաղաքական հաշվեհարդարներ, դա նորմալ չէ, տեսնում ենք կադրային խառնաշփոթ: Տեսնում ենք ճնշումներ ԶԼՄ-ների նկատմամբ, իսկ ժողովրդավարական երկրներում տարբեր կարծիքներ են հնարավոր, Փաշինյանը ցավոտ է ընկալում քննադատությունները, այդ թվում՝ Հայաստանի ներսում:

Այս պայմաններում պրակտիկ պայմանավորվածությունների դժվար է հասնել: Ինչպես նաև Փաշինյանը որոշակի առումով ցանկանում է վերահսկել Ղարաբաղի քաղաքական էլիտաներին, դա ևս թաքնված հակազդեցություն է, քանի որ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ցանկանում է 1937 թվականի իրադարձությունների ոգով գտնել զինվորականների դավադրություն:

– Այդ մասով ՀՀ ՊՆ ղեկավարն ասաց, որ ցավոտ անակնկալներ չեն լինի:

– Լավ է, քանի որ տպավորություն էր, որ այդ միջոցով փորձում է «մաքրել», այդ մարդկանց զրկել ազդեցությունից: Ուստի Հայաստանում քաղաքական ակտիվ գործընթացները թույլ չեն տալիս Փաշինյանին նորմալ զբաղվել նաև ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Փաշինյանի շնորհիվ ներքաղաքական անկայունությունը կարող է գլոբալ ոչ դրական հետևանքներ ունենալ:

Մենք այստեղ՝ Մոսկվայում, կարծում ենք, որ Հայաստանում էյֆորիան անցնում է, կարծում էինք, որ Փաշինյանի գալն իշխանության նշանակելու է բարգավաճում, բայց չկա նման բան, նույն կլանային պայմանավորվածությունները, քաղաքական հաշվեհարդարները: Քաղաքական տեսանկյունից Փաշինյանը գործում է այնպես, ինչպես նախկին ղեկավարները, բայց հարցն այն է, որ մենք չենք տեսել Փաշինյանից առաջ «վհուկների որս», Փաշինյանն իր քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար է տեսնում, դա անթույլատրելի է: Դա, ի վերջո, թուլացնում է նաև Հայաստանը:

– Հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում:

– Տպավորություն է, որ Ռուսաստանը մեծ զգուշավորությամբ է հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում: Հայաստանը՝ որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, երբեք չի ենթարկվել որևէ կասկածի Ռուսաստանի կողմից, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, Ռուսաստանում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ:

Անկասկած, մենք այդ ամենը տեսնում ենք, և դա վատ է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների համար: Պաշտպանության նախարարությունների միջև աշխատանքն արդյունավետ է, այդ ոլորտում ամեն բան նորմալ է, մենք բազա ունենք Հայաստանում, այն կարևոր է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում լավ են զարգանում, բայց քաղաքական մակարդակում Մոսկվայում Փաշինյանին ու իր Կառավարությանը որոշակի զգուշավորությամբ են դիտարկում:

Փաշինյանի մի շարք հայտարարություններ, որոնք նա արեց վերջին ամիսների ընթացքում, մեղմ ասած, ոչ բարեկամական են Ռուսաստանի հանդեպ: Ի դեպ, նշեմ, որ քաղաքական մակարդակում մեզ մոտ ոչ ոք՝ ո՛չ Պուտինը, ո՛չ Մեդվեդևը, իրեն թույլ չի տվել հանրային քննադատության ենթարկել Հայաստանին, որևէ մեկը, իսկ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն իր հարցազրույցում մեկնաբանություններ է անում, որոնք, մեղմ ասած, կարելի է գնահատել նաև հակառուսական. թաքնված հակառուսական ենթատեքստ կա դրանցում:

Փաշինյանը հեղափոխության արդյունք է, մարդ, ով վերցրել է իշխանությունը, իսկ հետո լեգիտիմացրել է իր պաշտոնն արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Մենք ուրախ կլինեինք, որ Փաշինյանի օրոք Հայաստանը ցույց տար տնտեսական զարգացման, ներդրումային և այլ բարձր ցուցանիշներ, ուրախ կլինեինք, որ Փաշինյանն ասեր, որ ներդրումներ են գալիս, բայց դեռ դա չենք տեսնում, և Փաշինյանի գործունեությանը գնահատական առաջին հերթին պետք է տա հայ ժողովուրդը:

Ցուցիչն այն պետք է լինի, թե սկսել է արդյոք լա՞վ ապրել ժողովուրդը, թե՞ վատ, թե՞ ոչինչ չի փոխվել: Ուստի հայ ժողովուրդն էլ կորոշի և կգնահատի նրա գործունեությունը, կորոշի նրա քաղաքական ճակատագիրը, քանի որ, ինչպես ամբոխով եկավ իշխանության, իսկ հետո, կներեք, եթե արդյունքներ չլինեն, նույն մարդիկ նոր ղեկավար կցանկանան ունենալ: Սա փորձագիտական գնահատական է:

Մենք չենք միջամտում ՀՀ ներքին գործերին, ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, որը ինքնուրույն կերպով որոշում է իր ներքին և արտաքին քաղաքականությունը, բայց մենք չենք կարող չնկատել, որ թաքնված հակառուսական նոտաներ են նկատվում:

– ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է՝ հռչակել ինքնիշխանությունը, որ իշխանությունները ցանկանում են պրոյեկտել հայ-ռուսական հարաբերությունները ևս: Իր վերջին հարցազրույցներից մեկում, որը Դուք նշեցիք, Փաշինյանը խոսում էր Ռուսաստանի հետ հավասարը հավասարի սկզբունքով հարաբերություններ կառուցելու մասին: Դե՞մ եք սրան:

– Մենք հարգում ենք ՀՀ անկախությունը, ՀՀ-ն ինքնուրույն, ինքնիշխան երկիր է, դա որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Բայց դա պետք է ցույց տալ նաև քաղաքականությամբ, ինչպես նաև՝ ներքին քաղաքականությամբ, բարելավելով մարդկանց կյանքը, ներդրումներ ներգրավելով: Ռուսաստանի, ՌԴ ղեկավարների կողմից չկա գեթ մեկ հայտարարություն, բացասական կամ թաքնված ենթատեքստով, չկա նման բան, բոլորն ասում են, որ Հայաստանն անկախ է, իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, Հայաստանի ներքին խնդիրն են, որևէ մեկը չի փորձում ստորացնել Հայաստանը, իսկ Փաշինյանը փախստականի կարգավիճակ է տալիս այնպիսի գործչի, ով անհասկանալի կարգախոսներով էր հանդես գալիս:

– Ռուսաստանն էլ չի հանձնում Հայաստանում հայտնի գործերով մեղադրվող Միքայել Հարությունյանին և Միհրան Պողոսյանին:

– Ուզում եմ, որ արձանագրեք՝ ընդգծում եմ, որ մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը, մենք չենք միջամտում ներքին գործերին: Եթե Փաշինյանը ցանկանում է հավասարը հավասարի հետ խոսել, ապա մենք հավասարի հետ էլ խոսել ենք միշտ: Մենք, բացի լոզունգներից, ոչինչ չենք տեսնում: Ի վերջո, Փաշինյանի ճակատագիրը կորոշի հայ ժողովուրդը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, հայ ժողովուրդը գնահատական կտա:

Տեսանյութեր

Լրահոս