Բաժիններ՝

Միամիտ ժողովուրդ

Որևէ մեկը կասի՞, թե ի՞նչ տարբերություն կա ԱԱԾ տնօրենի հրաժարականի, Ոստիկանապետի հրաժարականի, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի և որոշ անդամների հրաժարականների և «սահմանադրական կարգի տապալման» շինծու գործով նշանակված դատավորների կողմից դատավարությունից խուսափելու, կամ` մարտի ժամանակ հրամանատարի կողմից դիրքը լքելու և հեռանալու միջև:

Ո՞րն է տարբերությունը, կասե՞ք…

Թե բա` հայտարարություն է տարածել, զգուշացրել է երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վերահաս վտանգի մասին, և գնացել է… «Ֆուտբոլ նայելու»:

Մյուսն էլ հավանաբար գնացել է… ՊՊԾ գունդ…

Տղերք, դուք լո՞ւրջ եք ասում:

Պատիվ ունե՞ք…

Այդ դեպքում այս գործելաոճը ողջունողները թող պատասխանեն. եթե երկրի փաստացի ղեկավարի կողմից վարվող քաղաքականությունը, նրա գործողություններն ու դավաճանաբարո, ազգատյաց, չարացած, հոգեշեղված վիճակն այն աստիճան վտանգավոր են դարձել, որ իրականում սպառնում են երկրի անվտանգությանը, ապա վերը նշված պաշտոնյաներն ինչո՞ւ են լքում պաշտոններն ու հեռանում:

Այդ դեպքում որո՞նք էին ի պաշտոնե նրանց գլխավոր առաքելությունն ու գործառույթները` իրենց լիազորությունների ողջ զինանոցը և իրենց, թեկուզ արհեստականորեն ժամանակավոր ուռճացված վարկանիշը օգտագործելով` կանխե՞լ այդ վերահաս սարսափելի օրհասական վտանգները` ամեն գնով բացահայտելով և չեզոքացնելով դրանք, թե՞ հրաժարականի դիմումներ ներկայացնել, ըստ էության հայտարարելով, որ՝ «ժողովուրդ, բոլորդ սարսափելի վտանգված եք, և որ` եթե կանգ չառնի, ապա` ազգովի գնում ենք կործանման», ու լուռ ու մունջ հեռանա՞լ:

Նրանք լրագրող-իրազեկողնե՞ր էին, թե՞ ոչ բարով գեներալներ… Կամ` ԲԴԽ նախագահն ու դատավորները` Դանիել Իոաննիսյան ու Ստյոպիկ Սաֆարյա՞ն են, թե դատավորներ: Դա՞ է սպայի պատիվն ու արժանապատվությունը… Դա՞ է դատավորի երդումը… Այսպե՞ս են ծառայում Հայաստանի Հանրապետությանը, հայրենիքին:

Հայաստանի Հանրապետությանը ծառայելը, դա Արցախի պաշտպանության բանակի հրամանատարների պահվածքն է, դա Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամների պահվածքն է, դա դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի պահվածքն է, դա երջանկահիշատակ գնդապետ Վանյանի և զոհված ոստիկանների պահվածքն էր:

Վերջ տվեք այս դատարկ փիառին: Մարդկանց հիմարի տեղ մի դրեք:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս