Ուժային ցայտնոտ, կամ՝ կառավարման ճգնաժամի ծիլերը

Երկրորդ օրն է՝ ներհայաստանյան քաղաքական կյանքը փոթորկում է ուժային կառույցների ղեկավարների՝ սկսված ու, հայտնի չէ, երբ ավարտվող հրաժարականների շքերթը։

Երկու օր առաջ հրաժարական ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ այսօր՝ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

Անկախ հրաժարականների տեքստերի մեղմ կամ կոշտ հնչերանգներից՝ այս հրաժարականները ցույց են տալիս, որ երկրում կառավարման խորը ճգնաժամ կա, կամ, այլ կերպ ասած՝ վարչապետը չի տիրապետում իրավիճակին։ Երբ հետհեղափոխական երկրում, հայտնի իրադարձություններից հետո քո իսկ նշանակած երկու ուժայինները երկու օրվա մեջ հրաժարականի դիմումներ են ներկայացնում, սա նշանակում է, որ երկրում ոչ թե մի բան այն չէ, այլ շատ բան այն չէ։ Ու այս պարագայում կարևոր չէ որևէ վարկած։

Ակնհայտ է, որ հրաժարականների այս հրավառությունը մեկ օրվա բան չէ, և դրանք կաթիլ-կաթիլ կուտակված խնդիրների հավաքական պոռթկումը դարձան, ու սա խոսում է այն մասին, որ, փաստորեն, տևական ժամանակ իշխանությունների ներսում ներքին ցնցումներ ու խլրտուքներ կան, ու դեռ պարզ չէ՝ ավարտվեցի՞ն դրանք այս երկու հրաժարականներով, թե՞ ոչ։

Ցանկացած պետության մեջ ուժային կառույցները տիրապետում են՝ ինչպես անվտանգային տեղեկատվությանը, այնպես էլ՝ կառավարման այս կամ այն աստիճանի վրա գտնվող անձանց վերաբերյալ հսկայական ինֆորմացիոն բազայի, և ցանկացած ուժային կառույցի ղեկավար այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որ կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել ցանկացած պաշտոնյայի համար, սկսած վարչապետից՝ մինչև կառավարման ստորին օղակներ։ Բնական է, որ վարչապետը պետք է փորձեր հետ պահել վերջինիս նման որոշումից։ Փաստորեն չի ստացվել։ Ակնհայտ է նաև այն, որ ամեն դեպքում ԱԱԾ տնօրենը չէր պլանավորել այսքան վաղ հրաժարվել իր պաշտոնից, այլապես օրեր առաջ խոսնակի փոփոխություն չէր կատարի, ով ընդամենը մի քանի օր աշխատելուց հետո՝ այսօր նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ուրեմն ո՞րն էր այն վերջին կաթիլը, որը Արթուր Վանեցյանին ստիպեց օր առաջ կայացնել այդ որոշումը։

Մշուշոտ է նաև վերջինիս աշխատանքի հեռանկարը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Վարչապետն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ Արթուր Վանեցյանն այժմ պետք է կենտրոնանա ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության խմբային մրցաշար դուրս բերելու վրա։ Արդյո՞ք սա թափանցիկ ակնարկ չէ առ այն, որ չհաջողելու դեպքում Վանեցյանը հրաժեշտ կտա նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ Թեպետ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի առաքելությունն ամենևին չի սկսվում ու ավարտվում ազգային հավաքականով ու նրա ցույց տված արդյունքներով, արդյո՞ք կշարունակի պաշտոնավարել Արթուր Վանեցյանը, եթե ազգային հավաքականը Եվրո 2022-ի խմբային փուլի մասնակցության իրավունք չստանա։

Պարզ է, որ բոլոր իշխանությունների ներսում էլ լինում են տարաձայնություններ, բայց եթե երկրի ղեկավարի ու ԱԱԾ տնօրենի տարաձայնությունն ավարտվում է հրաժարականով, ու այն էլ՝ շատ թափանցիկ ակնարկներ պարունակող հայտարարությամբ ուղեկցվող հրաժարականով, ուրեմն երկիրն իսկապես լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։

Այլ է իրավիճակը ոստիկանության պետի առնչությամբ, ում հրաժարականը, թերևս, նույնիսկ ուշացած կարելի է համարել այս իրավիճակում։ Եթե Վալերի Օսիպյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրած լիներ այն օրը, երբ վարչապետը կառավարությունում հանդիպում էր «Սասնա ծռերից» Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ, սպայի պատվի վերաբերյալ դիտարկումներն ավելի առարկայական կլինեին։ Ուրեմն այստեղ խնդիրը բոլորովին այլ տեղ պետք է փնտրել, և եթե ճիշտ են մամուլում տեղ գտած արտահոսքերն այն մասին, թե հրաժարականի պատճառն ամուլսարյան զարգացումները կարող են լինել, թերևս, Օսիպյանի ինքնահեռացումը կարող էր սոսկ պարզ ինքնապաշտպանական բնազդի հետևանք լինել։

Ի դեպ, արտահոսքերի մասին։ Որքան էլ իշխանությունները փորձում են կառավարել տեղեկատվական հոսքերը ու թույլ չտալ ինֆորմացիայի արտահոսք, գաղտնիության նույնիսկ ամենաբարձր աստիճանի ցանկացած լուր անխուսափելիորեն շատ կարճ ժամանակում հայտնվում է մամուլի էջերում։ Սա էլ իր հերթին է խոսում այն մասին, որ իշխանության ներսում ճաքերն իսկապես անկառավարելի են։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս