
Հայաստանն Իսրայելում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը կքննարկի Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Այն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման՝ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծելը:
«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,- ասված է հիմնավորման մեջ:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին:
Վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները:
Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից հարկ է նշել, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան: