«Պաշտոնները հավերժ չեն, դրանք կարող են փոխարինվել». Մակունցը՝ պաշտոնանկությունների մասին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։

Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ սա կուսակցության հերթական նիստերից է։

«Չեմ կարող ասել, թե ինչ ենք քննարկելու, որովհետև սահմանված օրակարգ չկա։ Ես չեմ կարող բարձրաձայնել, թե ինչ հարցեր կհնչեցվեն իմ կողմից, այդ թվում՝ թե ինչու երկու ուժային կառույցների ղեկավարները հրաժարական տվեցին։ Վարչության նիստի օրակարգը կներկայացնի վարողը և ըստ այդմ էլ կերևա, թե ինչ ենք քննարկելու»,- նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ ինչպե՞ս կբացատրեք Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու և վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու քայլը, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ այդ ամենը համարում է բնականոն գործընթացներ։

Մակունցը դժվարացավ ասել, թե ի՞նչն է հիմք հանդիսացել, որպեսզի Օսիպյանի մի պաշտոնը փախարինեն մեկ այլ պաշտոնով։ Նա նաև հավելեց, որ ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն, և հասկանալի է, որ դրանք կարող են փոխարինվել։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Լիլիթ Մակուցը նշեց, որ Վանեցյանն իր հայտարարությունից մեկ օր անց հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ՝ տալով մեկնաբանություն, այդ պատճառով էլ որևէ ավելացնելու բան չունի։

Նա դժվարացավ ասել նաև, թե առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ ոչ, քանի որ որևէ տեղեկատվություն չունի։

«Պաշտոնանկությունների հետ կապված հայտարարություններ անում են հենց իրենք՝ հրաժարականի դիմում ներկայացնողները։ ԱԱԾ պետի հրաժարականի հետ կապված՝ այն, ինչ հնարավոր էր պարզաբանել, վարչապետը պարզաբանել է»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս