ԱՀ-ում անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ. Կարեն Աբրահամյան

Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ,այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը՝ նշելով, որ զորավարժության թեման է «Զինված ուժերի ծավալումը հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը»:

Նրա խոսքով՝ զորավարժության հիմնական նպատակներից են՝ ստուգել զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ԱՀ և ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, հակառակորդի կողմից ագրեսիայի սկսման սպառնալիքի պայմաններում վեր հանել պրոբլեմային հարցերը և որոշել դրանց արդյունավետ լուծման ուղիները:

Ըստ Կ. Աբրահամյանի՝ զորավարժության երկրորդ նպատակն է պետական և տեղական ինքնակառավարման, զինված ուժերի կառավարման մարմինների և զորահավաքային ռեսուրսներին տալ գործնական փորձ՝ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զորահավաք հայտարարելու ժամանակ զորահավաքային խնդիրների կատարումից:

«Զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ պետության և զինված ուժերի մասշտաբով նման ծավալներով զորահավաքային պատրաստակամության և առաջադրանքների կատարումն անց է կացվում առաջին անգամ: Զորավարժությունն անց է կացվելու երեք փուլերով: Հատկապես կարևորում ենք առաջին փուլը՝ զինված ուժերի ծավալումը, որի համար հատկացվել է 4 օր. այդ ընթացքում իրականացվելու են զորահավաքային պատրաստակամության խնդիրներ՝ 24 ժամվա ընթացքում»,-մասնավորապես ասել է Կ. Աբրահամյանը:

ԱՀ կառավարության նիստը ղեկավարող՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ զորահավաքն իրականացվելու է հաստատված նոր պահանջներին համապատասխան:

«Այդ գործողությունները համակարգելու են ԱՀ պետնախարարն ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարության հետ մեկտեղ»,-նշել է նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս