Նաթանյահուի կուսակցությունը և նրա հիմնական մրցակիցներն առաջատարներն են Կնեսետի ընտրություններում
Կնեսետի ընտրություններում քվեաթերթիկների 60,28 տոկոսի տվյալների մշակման արդյունքներով վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ընթանում է երկրորդ տեղում՝ ձայների 25,68 տոկոսով, իսկ ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավանն»՝ առաջին տեղում՝ 26,34 տոկոսով: Այդ մասին հայտնել է Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը (ԿԸՀ): Առայժմ երկու կուսակցությունները խորհրդարանում ստանում են 32-ական տեղ:
Երրորդ տեղում է իսրայելացի արաբների «Ընդհանուր ցուցակ» կուսակցությունը՝ ձայների 8,47 տոկոսով (12 տեղ): Այնուհետեւ գալիս են ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը (7,72 տոկոս), «Մեր տունն Իսրայելն է» ազգային-հայրենասիրական կուսակցությունը (7,26 տոկոս), ոււղղադավան «Յախադուտ խա Տորա»-ն (6,47 տոկոս): Սեպտեմբերի 18-ին ավելի վաղ նույնպիսի դասավորության մասին հայտնել է «12-րդ ալիքը»՝ վկայակոչելով ԿԸՀ-ի մի աղբյուր եւ ձայների 91 տոկոսի ամփոփման արդյունքները, հիշեցնում է Jerusalem Post-ը: Հեռուստաալիքը նաեւ հայտնել է, որ ձայների հաշվման նկատմամբ մեծ ուշադրության պատճառով ԿԸՀ-ն կատարում է վերահաշվումներ, ուստի ընտրությունների արդյունքների ամփոփումը ձգձգվում է, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: