
Հնդկաստանում 17 մարդ է զոհվել տեղատարափների ընթացքում կայծակի հարվածներից

Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 17 մարդ է զոհվել կայծակի հարվածներից տեղատարափ անձրեւների ժամանակ: Սեպտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Բիհարի նահանգում տեղացել են հորդառատ անձրեւներ՝ ամպրոպով, որոնց հետեւանքով Գանգես գետում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը: Խիստ հորդացումները նաեւ հեղեղումներ են առաջացրել նահանգի առանձին շրջաններում:
Հնդկաստանի Ջրային պաշարների կենտրոնական հանձնաժողովը նախազգուշացրել է ջրհեղեղի մասին: Աղետի շրջաններում շարունակվում է որոնողական-փրկարարական գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: