«Հայաստանում գործում է նորագույն պատմության մեջ ամենանկախ և ամենաանաչառ դատական համակարգը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դատարանների անկախության և անաչառության հասնելու ձգտումը եղել է բոլոր ժամանակների երազանք, որը, սակայն, ոչ մի պետության չի հաջողվել հասնել։

Դատարանների աշխատանքի արդյունավետության գնահատումը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ և պայմանավորված է դատական ակտի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Եթե այն քո օգտին է, ապա դատարանը լավն է, արդար, ազնիվ։ Իսկ եթե քո դեմ է, ուրեմն կոռումպացված է, անարդար, վերևից հրահանգավորված և այլն։

Ի՞նչ անել . . .

Ոչինչ, ուղղակի ենթարկվել դատարանի ընդունած որոշմանը, քանի որ եթե որոշել ես դիմել, ուրեմն պարտավոր ես ընդունել նրա կողմից ընդունված ցանկացած որոշում։

Օրենսդրությունը նախատեսում է բողոքարկման հնարավորություն, նաև սահմանում է իրավիճակներ, որոնց առկայության դեպքում իրավասու սուբյեկտները կարող են հարուցել կարգապահական վարույթ՝ առերևույթ կոպիտ խախտում թույլ տված դատավորների նկատմամբ։

Այդ դեպքում ինչո՞ւ են աղմկում «ժողովրդի» իշխանությունները, ինչն է իրենց խանգարում գործող օրենսդրության շրջանակներում լուծել արդարադատության իրացման ընթացքում ծագած խնդիրները։

Պատասխանն ակնհայտ է. ՈՉԻՆՉ, քանի որ իրենց խնդիրը որ թե արդարադատության որակի և արդյունավետության բարձրացումն է, որ իրենցից կախյալ, հրամանները կատարող և իրենց ցանկությամբ առաջնորդվող դատավորներ ունենալը, այլ կերպ ասած, «ժողովրդի» իշխանության հաստատումը դատական համակարգում։

Կամ էլ անձնական վրեժն այն դատավորների նկատմամբ, որոնք իր նկատմամբ ընդունել են մեղադրական դատավճիռ։

Երկու դեպքում էլ գործ ունենք իրավունքի հետ խորը հակասություն ունեցող և օրենքից դուրս գործընթացի հետ, որը հիմնավորվում է հորինված «հեղափոխական» օրակարգով։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր, առայժմ, Հայաստանում գործում է նորագույն պատմության մեջ ամենանկախ և ամենաանաչառ դատական համակարգը, քանի որ դատավորները չեն կարող կատարել նախկին իշխանությունների հրահանգները, իսկ նորերը հայտարարել են, որ չեն միջամտելու դատարանների աշխատանքներին։

Այնպես որ, հարգելի իշխանություններ, ձեր ձախողումները փնտրեք ձեր մեջ և քավության նոխազներ մի փնտրեք»։

Տեսանյութեր

Լրահոս