Բաժիններ՝

««Ձեռքի հետ» գիտական աստիճան ստանալն այլևս անհնար կլինի». Սմբատ Գոգյան

Այս տարի՝ անցած տարվա համեմատ, 98-ով քիչ ատենախոսություններ են ներկայացվել ԲՈԿ որակավորման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Անցած տարի հունվարից մինչև սեպտեմբերի 17-ը ներկայացվել է 286 որակավորման գործ, այս տարի նույն ժամանակահատվածում ներկայացվել է 188-ը: Այսինքն՝ դրանք պակասել են 98-ով: Ես դա բացատրում եմ ոչ թե նրանով, որ անորակ կադրերը որոշել են հեռու մնալ, այլ, հասկանալով, որ խնդիրներ են ունենալու համակարգի հետ, գնացել են ու լավացնում են իրենց ատենախոսությունները, ովքեր ունեն արտագրություններ, սկսում են մշակել այդ տեքստը: Հնարավոր է, որ մյուս տարի ավելի շատ մարդիկ լինեն, այս 98-ը միանան մյուս տարվա դիմողներին»:

Արտագրություններն անհնարին դարձնելու, գիտական կենսագրությունն էլ հանրային դարձնելու համար ԲՈԿ-ը հաջորդ ամսվանից գործարկելու է նոր համակարգ: Սմբատ Գոգյանն ասում է՝ լուսաբանելու են գիտնականների ամբողջ անցած ճանապարհը:

«Մշակել ենք մի հարթակ, որտեղ սկսելու ենք լուսաբանել ատենախոսների ամբողջ գործունեությունը, ինչը թույլ կտա խուսափել «օդիոզ» դեպքերից, երբ մարդիկ ոչ մի բան չանելով՝ գալիս-դառնում են գիտնական, նրանք ստիպված կլինեն լուսաբանել իրենց գիտական բոլոր աշխատանքները, ինչը նշանակում է, որ չեն կարողանա «ձեռքի հետ» գիտական աստիճան ստանալ: Եթե ընդունվում են բուհ, օրինակ, պետք է այնտեղ դա գրանցվի, եթե դասավանդում են, պետք է գրված լինի, թե որ դպրոցում, պետք է լինեն դասաժամերը: Այս ձևով մենք կբացառենք նաև նմանատիպ թեմաների պաշտպանությունը, քանի որ մի քանի տարի տարբերությամբ մարդիկ ատենախոսություններ են հրապարակում նույն թեմայի մասին և մեկը մյուսից տեղյակ չեն լինում: Նոր համակարգի շնորհիվ ատենախոսությունների պաշտպանությունները կհեռարձակվեն, ինչը հնարավորություն կտա, որ որակավորմանը մասնակցեն նաև սփյուռքի մեր գիտնականները»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս