Տոլման բացառապես հայկական կերակուր է. լեհ պատմաբան
Լեհաստանի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Քշիշտոֆ Ստոպկան՝ Գդանսկի հայկական միությունում ներկայացրել է իր և պրոֆեսոր Անջեյ Ժեմբայի «Հայոց Լեհաստանը» գիրքը: Այս մասին հայտնեցին «Երևան իմ սեր» հիմնադրամից:
«Տոլման միշտ եղել է և հիմա էլ համարվում է բացառապես հայկական խոհանոցի ամենահին ու հայտնի կերակուրներից մեկը: Առաջին անգամ եմ լսում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն համարել է ադրբեջանական կերակուր», – ասել է նա:
Գրքում ներկայացված են, թե ինչպես են հայերը հաստատվել Լեհաստանում, ինչ ավանդույթներ են ունեցել ու ինչպես են ոմանք դարձել կաթոլիկներ: Քշիշտոֆ Ստոպկան ասել է, որ «Հայոց Լեհաստանը» գիրքն առայժմ լեհերեն է, սակայն պատրաստվում են առաջիկայում ռուսերեն, հետագայում նաև հայերեն հրատարակել: Շնորհանդեսից հետո տեղի է ունեցել Լեհաստանի նկարիչների միության անդամ, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանի «Հայաստան իմ սեր» խորագրով ցուցահանդեսը: Գեղանկարիչը ներկայացրել 20 գեղանկար, որոնցից մի քանիսը հենց Հայաստանում է նկարել:
Ի դեպ, նա միակ հայն է, ում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պարգևատրել է «Ասպետության խաչ» շքանշանով: «Ապրել հայրենիքից հեռու՝ ավելի ճանաչելի դարձնելով հայրենիքը. արդեն 25 տարի փորձում եմ այդպես անել՝ հիմնականում իմ արվեստի միջոցով»,- ասել է գեղանկարիչը: Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, Գդանսկի փոխքաղաքապետ Պյոտր Կովալչուկը, ԵՎրոպայի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Մարիա Սլազակը, Գդանսկի մարզային իշխանության ներկայացուցիչներ: «Երբ հրատարակվի «Հայոց Լեհաստանը» գրքի հայերեն տարբերակը, սիրով պատրաստ ենք դրա երևանյան շնորհանդեսն իրականացնել «Երևան իմ սեր» հիմնադրամում: Վստահ եմ, որ այսօր, երբ մեր հարևանները պարբերաբար կեղծում, խեղաթյուրում են մեր պատմությունը, լեհ պրոֆեսորների այս հրաշալի աշխատությունը կարող է լինել այդ կեղծիքներին հակազադելու միջոցներից մեկը: Կարծում եմ, այն կհետաքրքրի հատկապես պատմաբաններին: Մենք ուրախ կլինենք նաև մեր հիմնադրամի տարածքում տեսնել Գագիկ Պարսամյանի հայ-լեհական գույները, ուստի առաջարկում եմ պարոն Պարսամյանին իր ցուցահանդեսն անցկացնել մեզ մոտ՝ երբ ցանկանա»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:
Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի կարծիքով, «Պարսամյանի նկարներն օգնում են կտրվել գորշ իրականությունից, իսկ պրոֆեսորներ Ստոպկայի և Ժեմբայի հեղինակած գիրքը փաստում է, որ Հայաստանն ու Լեհաստանը 650 տարվա բարեկամներ են»: Գդանսկի փոխքաղաքապետ Պյոտր Կովալչուկն էլ ասել է. «Պատահական չէ, որ Գդանսկի հայկական միությունը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում, որովհետև մեր իշխանությունը ոչ միայն խրախուսում, այլև աջակցում է այսպիսի միջոցառումների կայացմանը»: