Բաժիններ՝

Նաթանյահուն խոստացել Է բանակցություններ սկսել «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մոտ օրերս բանակցություններ կսկի «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը, բայց անհրաժեշտ է համարում սպասել խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին: Այս մասին նա հայտարարել է Թել Ավիվում իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:

Վարչապետի ելույթը հեռարձակել են Իսրայելի հեռուստատեսության հիմնական ալիքները:

«Մոտ օրերս մենք բանակցություններ կսկսենք, որպեսզի ստեղծենք ուժեղ սիոնիստական կառավարություն: Մեզ անհրաժեշտ է կառավարություն, որը շարունակի հանդես գալ հանուն այն բանի, որ Իսրայելը հրեա ժողովրդի պետությունն է: Ես արդեն այդ թեմայով խոսել եմ աջ կուսակցությունների առաջնորդների հետ»,- ասել է Նաթանյահուն:

22-րդ գումարման Կնեսետի՝ սեպտեմբերի 17-ին կայացած կրկնական ընտրությունների արդյունքներով ելքահարցումները չեն պարզել միանշանակ հաղթողին, արձանագրում է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: Ռադիոկայանի հաշվարկներով՝ աջ եւ կրոնական կուսակցությունների դաշինքը, որոնց վրա մտադիր է հենվել վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ստանում է (առանց Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության մասնակցության) խորհրդարանի 120 տեղից 54-ից մինչեւ 56 տեղ, մինչդեռ կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 61 աթոռ:

Ըստ որում՝ կենտրոնամետները՝ «Կախոլ-Լավան» դաշինքով՝ Իսրայելի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի գլխավորությամբ ձախ կուսակցությունների հետ մեկտեղ նույնիսկ Լիբերմանի պաշտպանությամբ Կնեսետում կկարողանան վերահսկել սոսկ 52 տեղ, պնդում է ռադիոկայանը:

Ելքահարցումների հրապարակումից հետո Գանցը եւ Լիբերմանը հանդես են եկել ազգային միասնության լայն կառավարության ստեղծման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս