Ռոնալդուն արտասվել է՝ առաջին անգամ տեսնելով իր հայրիկի մասնակցությամբ տեսանյութը
ITV հեռուստաալիքում կհրապարակվի հարցազրույց Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Twitter-ում արդեն հայտնվել են մի շարք դրվագներ, որոնցից ամենահուզիչը Ռոնալդուի հայրիկի մասնակցությամբ տեսանյութի հատվածն է:
Լրագրող Պիրս Մորգանը Կրիշտիանուին ցույց է տվել մի տեսանյութ, թե ինչպես է նրա հայրը՝ Խոսե Դինիս Աևիրոն, իր մահից որոշ ժամանակ առաջ՝ 2005 թվականին, Նորվեգիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել, որ հպարտ է իր որդու հաջողություններով: Ռոնալդուն առաջին անգամ էր տեսնում այդ տեսանյութը:
– Սա ձեզ համար շատ հուզական պահ է:
– Ես սա երբեք չէի տեսել… Կներեք… (Ռոնալդուն արտասվեց,- խմբ.):
– Ինչո՞ւ եք տխրում:
– Որովհետև ես թիվ մեկն էի, և նա երբեք դա չէր տեսնում: Նա չտեսավ, թե ինչպես եմ ես մրցանակներ ստանում:
– Նա չտեսավ, թե որքան մեծ ես դարձել:
– Երբեք… Իմ ընտանիքը տեսավ, մայրս, եղբայրներս, անգամ իմ ավագ որդին: Բայց հայրս, նա ոչինչ չի տեսել:
Ես կարծում էի, որ այս հարցազրույցը զվարճալի կլինի, բայց ես չէի սպասում, որ ես լաց կլինեմ: Ես երբևէ չէի տեսել այդ կադրերը, չգիտեմ, թե որտեղից եք գտել… Ես պետք է դրանք ցույց տամ իմ ընտանիքին: Ես իմ հորը 100 տոկոսով չգիտեի: Նա շատ էր խմում: Ես երբեք նրա հետ իրական զրույց չեմ ունեցել: Դժվար էր:
Ի՞նչ գիտենք մենք Ռոնալդուի հայրիկի և նրա հարաբերությունների մասին:
Ոչ շատ, միգուցե այն պատճառով, որ նրանք իսկապես դժվարությամբ էին շփվում: Կրիշտիանուի ծնողները՝ 18-ամյա Դոլորեսը և 20-ամյա ձկնորս Խոսե Դինիսը, ամուսնացել են 1973 թվականին: Երբ Դոլորեսը երկրորդ անգամ հղիացավ, Դինիսին զորակոչեցին բանակ և ուղարկեցին Աֆրիկա, որտեղ Պորտուգալիայի գաղութները պայքարում էին անկախության համար: Պատերազմից նա վերադարձավ ծերացած և ընկճված, նա լքեց աշխատանքը և սկսեց խմել, իսկ Դոլորեսը հեռացավ Մադեյրայից և Փարիզում սկսեց աշխատել՝որպես տնային տնտեսուհի:
Այնուհետև Դոլորեսը վերադարձավ, իսկ Դինիսը շարունակում էր լցնել իր ունայնությունը սիրելի խմիչքով (տաքացրած ալկոհոլը՝ մեղրով, կիտրոնով և մրգերով): Նա թափառում էր առանց աշխատանքի: Երեսուն տարեկան հասակում նրա կինը հղիացավ չորրորդ անգամ: Նրանք արդեն ունեին երկու դուստր և մեկ որդի, ընտանիքն ապրում էր Դոլորեսի աշխատավարձով, որը հյուրանոցում աշխատում էր՝ որպես խոհարար և մաքրուհի: Բժիշկը հրաժարվեց աբորտից, իսկ հարևանի խորհուրդը` խմել խաշած մուգ գարեջուր, չօգնեց դադարեցնել հղիությունը: 1985 թվականի փետրվարի 5-ին ծնվեց Կրիշտիանու Ռոնալդուն:
Ռոնալդուի հայրը հետագայում գտավ մի շարք աշխատանքներ՝ նա կտրում էր խոտ, մաքրում էր ֆուտբոլային ակումբների զուգարանները, իսկ ամբողջ երեկոն անցկացնում էր մոտակա բարում: Ռոնալդուն չէր կարողանում քնել առանց հոր և խնդրում էր ավագ քույրերին՝ տուն վերադարձնել հորը:
Հետագայում Կրիշտիանուն հորը կանչեց Լոնդոն՝ բուժելու երիկամները: Դինիսը մահացավ Լոնդոնի կլինիկայում 2005 թվականի սեպտեմբերի 7-ին: Այդ օրը Կրիշտիանուն գտնվում էր Մոսկվայում՝ նախապատրաստվելով 2006-ի աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը Ռուսաստանի դեմ:
Երբ Ռոնալդուին հարցնում են իր հայրիկի մասին, նա ասում է, որ շատ է սիրել նրան, բայց չի թաքցնում, որ նա եղել է ալկոհոլիկ և ուշադրություն չի դարձրել ընտանիքին:
Սիրարփի Աղաբաբյան