«Վանեցյանի հրաժարականի հարցում գործ ունենք պատճառների մի ամբողջ մոզաիկայի հետ, այդ թվում՝ մոսկովյան գործոն». Դուբնով

«ԱԱԾ տնօրենը լուրջ պաշտոն է, բայց չեմ կարծում, որ այդ պաշտոնից Վանեցյանի հրաժարականը ճակատագրական է ներկայիս Հայաստանի և իշխանության համակարգի համար: Սա քաղաքական պրոցեսների բնականոն զարգացում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Նրա հայտարարության վերջին հատվածում, մասնավորապես, ասվում էր․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ամենաաղմկահարույց իրադարձությունը շուրջ մեկ տարի առաջ համացանցում հայտնված՝ իր և և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունն էր, որի ընթացքում պաշտոնյաները՝ Վանեցյանը և Խաչատրյանը, քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Վադիմ Դուբնովն ասաց, որ ակնհայտորեն եղել են բավականին լուրջ քաղաքական տարաձայնություններ Վանեցյանի և Փաշինյանի միջև: Ըստ նրա՝ պատճառների մասին հրապարակումների մի մասը դավադրության ծիծաղելի տեսություն են թվում, մյուս մասը՝ օբյեկտիվ պատճառներ: Ըստ նրա՝ սա օբյեկտիվ և բնական գործընթաց է, որովհետև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկավ որոշակի առումով ժողովրդական ճակատը, և ժամանակն է եկել, որպեսզի այն քիչ-քիչ քաղաքականապես հարստացվի, բաժանվի, քաղաքական նոր հայտեր լինեն, որոնցից մեկը տրվեց նախօրեին:

«Վանեցյանի հայտարարությամբ տրվեց իր քաղաքական ուղու ստարտը: Լիովին բնական պրոցես է՝ նման քաղաքական իրավիճակների և ոչ այնքան գաղափարականացված իշխանության դեպքում: Սա լուրջ քաղաքական շրջադարձ է, բայց այն դրամատիզացնել պետք չէ, թեև այս շրջադարձն անդրադառնալու է իշխանության գործողությունների տակտիկայի վրա: Մենք հայաստանյան քաղաքական կյանքի տարբեր ուղղություններում նյարդայնություն ենք նկատում՝ Քոչարյանի գործ, Ռուսաստանի հետ հարաբերություններ, որոնք առաջիկայում տարբեր քաղաքական նորությունների առիթ են դառնալու, գործընթացները շարունակվում են»,- ասաց Վադիմ Դուբնովը:

Ռուս քաղաքական վերլուծաբանը համաշխարհային քաղաքական պատմության ընթացքում երկրի ղեկավար-ԱԱԾ տնօրեն «ապահարզանի» այլ դեպք չի մտաբերում, սակայն, ըստ նրա, ամենայն հավանականությամբ նման օրինակներ եղել են:

«Վանեցյանն առանցքային խաղացող էր, և ներկայումս ճակատում հայտնված առանցքային կադրերը ցրվում են: Նման ձևով կարող է իր քաղաքական կարիերան սկսել նախարարներից մեկը, երկուսը, և այլն: Այո՛, սա լուրջ պաշտոն է, բայց չեմ կարծում, որ ճակատագրական է ներկայիս Հայաստանի և իշխանության համակարգի համար: Սա քաղաքական պրոցեսների բնականոն զարգացում է»,- նման տեսակետ հայտնեց նա:

Խոսելով Վանեցյանի հրաժարականի հարցում արտաքին, մասնավորապես՝ ռուսական գործոնի առկայության հավանականության մասին՝ Դուբնովն ասաց, թե դեռ պետք է տեսնել՝ ով պետք է նշանակվի, դա ցուցիչ է լինելու:

«Կտեսնենք՝ եթե Վաղարշակ Հարությունյանը նշանակվի, դա մի բան է, եթե այլ մեկը՝ մեկ այլ: Չեմ բացառում, որ մոսկովյան գործոնը եղել է այս ողջ հրաժարականի պատմության մեջ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իշխանությունների նյարդի աղբյուրներից մեկն են, որը կարող էր անդրադառնալ ներկայիս սցենարների վրա: Մենք գործ ունենք պատճառների մի ամբողջ մոզաիկայի հետ, և ոչ մի գործոն, ինչպես ռուսականը, Քոչարյանի գործոնը չենք կարող տարանջատված դիտարկել, ինչպես նաև դատական ոլորտում զարգացումները, այսինքն՝ բոլոր թեմաները փոխկապակցված են: Բայց մոսկովյան գործոն կա: Բայց դեռ վաղ է ավելի հեռուն գնացող կարծիքների համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս