«Վանեցյանի առջև դրել են ոչ այնքան արժանապատիվ խնդիրներ, և ինքը՝ որպես սպա, հրաժարվել է դրանք կատարել». Երվանդ Բոզոյան
«Հրաժարականի պատճառը կապված է Վանեցյանի առաջ դրված խնդրի լուծման հետ, որովհետև հենց իր հայտարարության մեջ նա բառացիորեն նշում է, որ «այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:
Ըստ Բոզոյանի՝ Վանեցյանի հայտարարությունը նշանակում է, որ իրեն ինչ-որ բան են առաջարկել անել, որն ինքը սպայի պատվից ցածր է համարել և հրաժարվել է այդ քայլը կատարելուց. «Թե ինչ, ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում նա հրապարակավ դրա մասին կխոսի»:
168.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ բովանդակությամբ խոսակցություն են ունեցել. Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ասել է, որ ԱԱԾ-ն պետք է նյութեր հավաքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահի և դատավորների դեմ, բայց Վանեցյանը հրաժարվել է: Վանեցյանն ասել է, որ հնարավոր չէ այդպես շարունակել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է նախկինների կողմն անցնելու մեջ: Վանեցյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ արդեն իսկ Փաշինյանի այս կամ այն հրահանգների պատճառով բազմաթիվ օրենքներ է շրջանցել և չի պատրաստվում այլևս նման քայլերի գնալ։
Երվանդ Բոզոյանը նշեց, որ ոչ հեռու ապագայում Վանեցյանն անձամբ կհայտարարի, թե ինչ է տեղի ունեցել. «Վանեցյանը շատ լուրջ ձևակերպումներ է արել, ինչը նշանակում է, որ իր առջև դրել են ոչ այնքան արժանապատիվ խնդիրներ, և ինքը՝ որպես սպա, հրաժարվել է դրանք կատարել: Ընդհանուր ֆոնը ցույց էր տալիս, որ Փաշինյանը մտահոգված է այն մասին, որ իր ուժային կառույցների ղեկավարների վարկանիշն աճում է, ի տարբերություն իր վարկանիշի:
Խոսքն Արթուր Վանեցյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին է: Երկուսի վարկանիշն էլ այսօր բարձրանում է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում: Ես համոզված էի, որ մի պահ գալու է, որ այս երկու գործիչներն էլ չեն լինելու իրենց պաշտոններում, որովհետև քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ վարկանիշի անկում ունեցող երկրի ղեկավարի համար վտանգավոր կլինի հանդուրժել այս իրավիճակը:
Այլ խնդիր է, որ նրանք իրենց գործն իրենց պաշտոնում առնվազն կատարել են, բնականաբար, կան նաև թերություններ, մինչդեռ Փաշինյանի պաշտոնավարման գնահատականը բոլորիս աչքի առաջ է. արտաքին քաղաքականության մեջ որևէ արդյունք չկա, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը պրակտիկորեն կանգ է առել, տնտեսական, սոցիալական խնդիրներում գործնականում որևէ առաջխաղացում չկա, և մարդկանց սպասումը չի կարող երկար տևել»:
168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունների ցանկալի թեկնածուն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Երվանդ Բոզոյանը նշեց, որ զերծ կմնա այս առումով մեկնաբանություն տալ, քանի դեռ փաստեր չկան. «Չեմ կարծում, որ Վաղարշակ Հարությունյանն ԱԱԾ-ին համապատասխանի: Նա զինվորական է, և ԱԱԾ-ի պաշտոնում փոքր-ինչ այլ տրամաբանությամբ գործիչ պետք է լինի: Մանավանդ, որ նույն Փաշինյանն ակնարկեց, որ «Լուսավոր Հայաստանի» պասով ընդունվեց մի օրինագիծ, որի օգնությամբ այս պաշտոններում կարող են նշանակվել արդեն քաղաքական գործիչներ: Ես կարծում եմ, որ ավելի շուտ ընտրությունը կլինի հենց այդ տրամաբանության մեջ»: