Կառավարությունը զսպում է, Կենտրոնական բանկը՝ թուլացնում
Մինչ կառավարությունը զսպում է բյուջեի ծախսերը, Կենտրոնական բանկը ստիպված էժանացնում է փողը` փորձելով ակտիվացնել գնաճը։ Թե դա ինչպե՞ս կազդի գների կայունության վրա, ցույց կտա ժամանակը։
Մի բան փաստ է, որ Կենտրոնական բանկին չի հաջողվում արդյունավետ կառավարել գնաճը։ Այն ոչ մի կերպ չի տեղավորվում նախատեսված թիրախի շրջանակում։ Ու դրա պատճառը ոչ միայն այն է, որ գնաճը չի ենթարկվում ԿԲ գործողությունների տրամաբանությանը, այլև այն, որ դրա համար խոչընդոտներ է ստեղծում կառավարությունը` իր չարդարացված հարկաբյուջետային քաղաքականությամբ։
Խոսքը բյուջետային չիրականացվող ծախսերի մասին է։ Կառավարությունը չի կարողանում ժամանակին կատարել նախատեսված ծախսերը, որոնք ազդում են ոչ միայն՝ տնտեսական ակտիվության վրա, այլև՝ զսպում են գնաճը։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում տասներկուամսյա գնաճը կրկին մոտեցել է զրոյի։ Նախատեսված 2,5-5,5 տոկոս միջակայքում լողալու փոխարեն՝ օգոստոսին այն կազմել է ընդամենը 0,6 տոկոս։
Առաջիկա սպասումները ևս գնաճի նվազման ուղղությամբ են։ Ու մինչ կառավարությունն իր հարկաբյուջետային քաղաքականությամբ բարդություններ է ստեղծում գնաճի կառավարման համար` Կենտրոնական բանկը ստիպված է ռիսկի գնալ։ Այն գնաճն ակտիվացնելու խնդիր ունի։ Ու որպես հիմնական գործիք` որոշել է հերթական անգամ էժանացնել փողը։
Միքանիամսյա ընդմիջումից հետո ԿԲ խորհուրդը վերստին թուլացրել է դրամավարկային քաղաքականության պայմանները։ Նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նախկին 5,75-ից իջեցնելով 5,5 տոկոսի։
Սա այս տարի փողն էժանացնելու՝ Կենտրոնական բանկի երկրորդ փորձն է։ Առաջինն իրականացվեց տարվա սկզբին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0,25 կետով։ Բայց այն ըստ էության չլուծեց խնդիրը։ Պատահական չէ, որ գնաճը գտնվում է թիրախային ցուցանիշի անգամ ներքին սահմանից անհամեմատ ցածր դիրքում, ինչը վատ է։
Գնաճը, անշուշտ, ինքնանպատակ չէ։ Այն ունի ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական կարևոր նշանակություն։ Ցածր գնաճը որքան լավ է սոցիալական առումով, նույնքան վատ է տնտեսության համար. այն խոչընդոտ է տնտեսական զարգացումների համար։ Ու բոլորովին էլ պատահական չէ, որ ընտրվել է 2,5-5,5 տոկոս արդյունավետ միջակայքը։ Թվում է, թե փոքր տատանողականություն չէ, բայց դա էլ սովորաբար չի հաջողվում ապահովել։
Հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում գնաճի հետ, Կենտրոնական բանկը որոշել է հերթական անգամ էժանացնել փողը` փորձելով խթանել պահանջարկը։ Ի՞նչ կստացվի այս անգամ, դեռ վաղ է ասել։
Մի բան ամեն դեպքում հստակ է` փողի էժանացումով համեմատաբար ավելի լավ պայմաններ են ստեղծվում՝ ինչպես վարկային շուկայի ակտիվացման, այնպես էլ՝ տնտեսության մեջ ֆինանսական հոսքերի մատչելիության բարձրացման համար։ Վերաֆինանսավորման այն տոկոսադրույքը, որը հաստատվել է, աննախադեպ ցածր ցուցանիշ է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պատմության մեջ։ Բայց միայն դա չէ։
Այս անգամ ԿԲ-ն որոշել է ոչ միայն էժանացնել փողը, այլև մտածում է, թե ի՞նչ կարելի է անել այն տնտեսությանը հասանելի դարձնելու համար. «Շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով»։
Թե ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը, դեռևս պարզ չէ։ Ամեն դեպքում, փողը տնտեսությանը հասցնելու խնդիր Հայաստանում իսկապես կա։ Իշխանափոխությունից հետ այդ խնդիրը կարծես ավելի է սրվել։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է վարկերի ակտիվացմամբ, փաստն այն է, որ բանկային կապիտալը շրջանցում է տնտեսության իրական հատվածը։ Ու մինչ չկան ներդրումներ, կամ դրանց ծավալները փոքր են, սա ավելի է բարդացնում իրավիճակը։ Հատկապես որ, կառավարությունն էլ մյուս կողմից է խեղդում տնտեսությանը` փողը դուրս բերելով ու չվերադարձնելով տնտեսություն։
Ստեղծվել է մի իրավիճակ, որը բոլորովին էլ չի բխում տնտեսության շահերից։ Շրջանառու միջոցների հասանելիությունը տնտեսության համար ցածր է։ Չնայած վարկային կապիտալի հոսքերը բավական ակտիվ են, դրանք հիմնականում դուրս են մնում տնտեսության իրական հատվածից։
Վկայություններից մեկն էլ արդյունաբերության մեջ իրականացված վարկային ներդրումներն են, որոնք ոչ միայն չեն ավելացել, այլև բավականաչափ կրճատվել են։ Եթե անցած տարվա հուլիսին արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը հասնում էր 540 միլիարդի, ապա այս տարվա նույն ամսին կազմել է 477 մլրդ դրամ։ Այսինքն` կրճատվել է 63 մլրդ դրամով կամ ավելի քան 11,6 տոկոսով։
Վարկային կապիտալի հասանելիությունը ցածր է նաև գյուղատնտեսության մեջ։ Վերջին մեկ տարում գյուղվարկերի պորտֆելն ավելացել է ընդամենը 1,2 մլրդ դրամով։
Անշուշտ, լավ է, որ Կենտրոնական բանկը քննարկում է ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու հնարավորությունը։ Բայց շատ ավելի լավ կլիներ, եթե կառավարությունը կարողանար ժամանակին կատարել իր ստանձնած բյուջետային պարտավորությունները։ Որքան էլ փողի էժանացումը լավ է տնտեսության համար՝ ֆինանսական միջոցների հասանելիության առումով, այնուհանդերձ այն նաև ռիսկային է։
Ճիշտ է, պաշտոնական գնաճը Հայաստանում ցածր է, բայց բազմաթիվ ապրանքային շուկաներում գնաճային ճնշումը շարունակում է բարձր լինել։ Ու դեռ բարձրանալու է` պայմանավորված՝ ինչպես հաջորդ տարվա սկզբից գործողության մեջ մտնող ակցիզային հարկի նոր դրույքաչափերով, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրներից մի քանի հարյուր անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ավելացմամբ։
Եվ, որ շատ կարևոր է` դեռևս հստակեցված չեն էներգակիրների գները։ Այս պահին սպասումները դրանց թանկացման ուղղությամբ են։ Իսկ դա լուրջ ռիսկ է գնաճի համար։ Էներգակիրների գների բարձրացումը սովորաբար ազդում է տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։
Գնաճի համար ոչ պակաս կարևոր ռիսկ է նաև ազգային արժույթի հնարավոր թուլացումը, որը կարող է արտահայտվել հատկապես հաջորդ տարվա սկզբից։
Էժանացնելով փողը և խթաններ ստեղծելով տնտեսության ու գնաճի ակտիվացման համար` դժվար է ասել, թե Կենտրոնական բանկը որքանո՞վ է հաշվարկել այս բոլոր ռիսկերի հնարավոր ազդեցությունները։ Բայց, որ դրանք կան և կարող են ինչ-որ փուլում խնդիրներ ստեղծել գների կայունության համար, միանշանակ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ