«Ռուս պաշտոնյաների անդրադարձները՝ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու թեմայի վերաբերյալ, կարող են տարբերվել միմյանցից, քանի որ նման հարց չի քննարկվել»․ փորձագետ

Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀԱՊԿ-ի կանոնադրության փոփոխությունները, որոնք ենթադրում են կազմակերպությունում դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ, շարունակում են ակտիվորեն քննարկվել Երևանում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի շնորհման հնարավորությունը։

Այս քննարկումներին առավել սրություն հաղորդեցին ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի Երևանում արած մեկնաբանությունները։

Ինչպես հայտնի է, 168am-ի և մի քանի այլ ԶԼՄ-ների հետ զրույցում, Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) աշխատանքային խմբի նիստից հետո, ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանը դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում, եթե հայկական կողմը դա բացառում է, ասել էր, որ համապատասխան քննարկումներից հետո, եթե կազմակերպությունն ընդունի նման որոշման անհրաժեշտություն, ապա այն կընդունվի՝ այդ կազմակերպության կանոնադրության, ընթացակարգերի և կանոնների համաձայն։

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ ՀԱՊԿ-ը ողջունելու է համագործակցությունը ոչ միայն՝ Ադրբեջանի, այլև՝ հետսովետական բոլոր երկրների հետ:

«Չէ՞ որ ինչ-որ ժամանակ մենք բոլորս միասնական ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, դա վերաբերում է նաև հետսովետական պետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը: Ուստի մենք վարում ենք չափազանց մտածված և հավասարակշռված քաղաքականություն՝ ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը ՀԱՊԿ-ում»,- ասել էր Բորիսովը:

Նա նաև վստահեցրել էր, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության բորբոքմամբ, ընդհակառակը՝ ամեն կերպ նպաստելու է, որպեսզի հակամարտությունը գնա դեպի մարում։

Յուրի Բորիսովը նաև պարզաբանել էր, որ որոշումները ՀԱՊԿ-ում հավաքական կերպով են կայացվում:

«Ուստի, համապատասխան քննարկումներից հետո, եթե կազմակերպությունն ընդունի նման որոշման անհրաժեշտություն, ապա այն կընդունվի՝ այդ կազմակերպության կանոնադրության, ընթացակարգերի և կանոնների համաձայն»,- հստակեցրել էր ռուս պաշտոնյան։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով ՌԴ փոխվարչապետի այս մեկնաբանությանը՝ ստիպված էր եղել կրկնել այն, ինչ, արդեն մի քանի օր է, ԱԺ-ում կրկնում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը. առանց Հայաստանի համաձայնության՝ Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում որևէ կարգավիճակ ստանալ։

Ըստ նրա՝ եթե Հայաստանը չի տալիս հավանություն, ապա այդ կարծիքները կամ մեկնաբանությունները լոկ այդպիսին էլ մնում են։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, ով օրեր առաջ կրկին մեզ հետ զրույցում նման հարցերում կարևորել էր կոնսենսուսային սկզբունքը, ասաց, որ ռուս պաշտոնյաների անդրադարձները տվյալ թեմային կարող են տարբերվել միմյանցից, քանի որ նման հարց չկա ՀԱՊԿ օրակարգում, նման հարց չի քննարկվել, և յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը հայտնել՝ հիմքում շեշտելով այն հանգամանքը, որ ամեն որոշում կայացվելու է ՀԱՊԿ կանոնադրության համաձայն։

«Բավական է հիշել այն, թե ինչպես արգելակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության թեման ՀԱՊԿ-ում։ Եթե հնարավոր լիներ կայացնել որոշում՝ առանց բոլոր անդամ երկրների համաձայնության, ապա նման որոշում կկայացվեր, քանի որ որոշման հետաձգումը վնասում էր հենց այդ կառույցին, և, բացի Հայաստանից, ըստ էության, բոլորը ցանկանում էին, որ խնդիրն օր առաջ կարգավորվեր։

Սակայն այն կարգավորվեց, ըստ էության, շուրջ մեկ տարի անց, երբ եղավ բոլորի համաձայնությունը։ Այսպես են կայացվում բոլոր որոշումները։ Ենթադրում եմ, որ հայկական կողմն ի սկզբանե վստահ է եղել, որ նման հեռանկար չի կարող լինել, և համաձայնել է վավերացնել այս փոփոխությունները՝ հասկանալով, որ կարող է թույլ չտալ նման հեռանկար։ Իսկ այս կամ այն պաշտոնյան նման հարցի անդրադառնալիս կարող է նաև իր համակրություններով առաջնորդվել, հատկապես, երբ ՀԱՊԿ-ը բաց կառույց է, և ՀԱՊԿ անդամ երկրները կցանկանան, որ այն ընդլայնվի, և ցանկալի չէ, որ որևէ երկրի ուղղված կարծիք հնչի, որ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր դեմ է մյուսի անդամակցությանը կամ դիտորդի կարգավիճակին, երբ կան երկկողմ դրական հարաբերություններ։

Հենց այդ պատճառով նշվում է, որ ՀԱՊԿ-ը բաց է բոլորի առջև, և Ադրբեջանը կարող է դիմել, բայց թե այդ հայտն ինչպիսի ճակատագիր կունենա, կորոշեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։ Եվ այստեղ մտահոգությունները հասկանալի չեն, եթե կա Կանոնադրություն, հստակ է ամեն բան, ինչո՞ւ է պետք մտահոգվել, թե կարող է տեղի ունենալ մի բան, որը ՀՀ-ն կարող է թույլ չտալ»,- ասաց վերլուծաբանը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատարի մեկնաբանությունների վրա՝ ասելով, որ պետք է հիմք ընդունել ՀԱՊԿ պաշտոնյայի դիրքորոշումը, ով ավելի լավ է ծանոթ ընթացակարգերին և հնարավորություններին։

«Իսկ այլ պաշտոնյաներ գուցե ծանոթ չեն և հերթապահ հայտարարություններով են փորձում անդրադառնալ թեմային»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական հարաբերությունները բավականին լավ հունի մեջ են։ «Կարծում եմ՝ հենց այդ պատճառով այս հարցը ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն դիտարկում, հատկապես, երբ կա Հայաստանի գործոնը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս