«Զգուշացեք հրեշտակային դեմքով այդ արարածներից…»

Հարցազրույց Կարլ Գուստավ Յունգի հետ։

Տղամարդը, կինը և Աստված…

Հայտնի անգլիացի լրագրող Ֆրեդերիկ Սենդսը հարցազրույց վերցրեց Կարլ Յունգից, որը հետագայում հոդվածաշարի ձևով հրապարակվեց լոնդանյան «Դեյլի մեյլ» թերթում՝ նախապես ստանալով Յունգի հավանությունը։

Եվ այսպես, ներկայացնենք 1955թ. Կարլ Յունգի՝ Ֆրեդերիկ Սենդսին տված հարցազրույցը։

Կարդացեք նաև

Մարդու համար իր գլխավորագույն հետաքրքրությունն աշխատանքի մեջ է, սակայն կնոջ համար նրա աշխատանքն ու գործը տղամարդն է հանդիսանում։

Այո, ես գիտեմ, որ երբ ես խոսում եմ, դա հնչում է՝ որպես եսասեր արուի հարմար փիլիսոփայություն։ Սակայն ամուսնությունը տուն է նշանակում։

Իսկ տունը բնի պես է։ Նրանում չկա տեղ միանգամից 2 թռչունների համար։ Մեկը նստում է ներսում, իսկ մյուսը՝ նրա եզրին, նայում է ներս ու իր գործով է զբաղվում նրա սահմաններից դուրս։

Տղամարդկանց փառասիրությունը շատ դեպքերում իր մասնագիտական գործունեության արդյունք է։ Երբեմն այն նույնիսկ գրոտեսկի է հասնում։

Տղամարդկանց մեծ մասը վախենում է ինչ-որ բանից ու լի է այնպիսի նախապաշարումներով, որոնք գործնականորեն կանանց մոտ բացակայում են։ Տղամարդիկ հակված են շփոթվել իրենց մտածելակերպի և իրենց սահմանափակ համոզմունքների միջամտության փորձերից։

Դա հատկապես վերաբերում է տղամարդկային ներկայանալիության հասկացությանը. տղամարդիկ զգում են, որ պետք է պահպանեն այն, անգամ, երբ նրան ոչինչ չի սպառնում։

Նրանք կարող են վախենալ, որ կհիվանդանան, կամ նրանից, որ կասեն, որ իրենք հիվանդ են, կարող են ունենալ ֆինանսական կամ այլ լրջագույն մտահոգություններ։

Սակայն ամենից հաճախ նրանք տառապում են պարզապես իրենց ներկայանալիության վերաբերյալ ունեցած վախից։ Տղամարդիկ գրեթե միշտ ազնիվ են լինում կամ իրենք իրենց, կամ շրջապատողների հետ։ Այդ պատճառով էլ շատ կանայք արտասվում են՝ ցանկանալով իրենց ամուսինների հետ լավագույն հասկացվածությունն ունենալ։

Նրանց տղամարդիկ ի վիճակի չեն դա հասկանալ, ինչը տարօրինակ չէ, քանի որ տղամարդիկ կանանց երբեք չեն հասկանում։

Սակայն կանայք էլ ի վիճակի չեն հասկանալ, որ աշխատավայրում իրենց ամուսինները միապետներ չեն, այլ ծառայողներ, որոնք պետք է կատարեն իրենց աշխատանքային պարտականությունները՝ հանդուրժել ղեկավարի ծաղրը, օրինակ, և դրա դեմ լավագույն միջոցը կնոջ՝ ամուսնուն հասկանալն ու սատարելն է։

Այդպիսի ոչ բարենպաստ պայմաններում անցկացրած ամբողջ օրվանից հետո դժվար է փորձել դուր գալ մարդկանց, որոնք իրեն դուր չեն գալիս, և տղամարդն այդ լարված աշխատանքային օրվանից հետո տուն է վերադառնում ինչ-որ մեկի գլուխը պոկելու հստակ մտադրությամբ։ Դրա փոխարեն՝ նա շարունակում է այդ կտտանքը՝ ստիպված լինելով մեղմ ու սիրալիր լինել իր կնոջ հետ։

Կինը, իհարկե, շատ ցերեկային հոգսեր ունի՝ կապված երեխաների ու տան գործերի հետ, և, բնականաբար, կցանկանար խոսել այդ մասին։ Նա, ըստ էության, պարզապես խոսելու տրամադրություն չունի։ Բայց նրա ամուսինը հոգնած է ու լուռ։

Միջին վիճակագրական կինը չի կարող մտովի պատկերացնել տղամարդու խնդիրները։ Քարտուղարուհին իր ղեկավարին ավելի լավ է հասկանում, քան նրա կինը։

Ես երբեք նախկինում այդ մասին որևէ հարցազրույցում այսքան շատ չեմ խոսել։ Հավանաբար ես իմ ասած որոշ բաների համար խնդիրներ կունենամ կանանց հետ։

Կանայք շատ ավելի խիստ են, քան տղամարդիկ։ Կանանց թույլ սեռ անվանելը կատարյալ հիմարություն է։

Զգուշացեք հրեշտակային դեմքով այդ արարածներից, որոնք միշտ թույլ են թվում ու անօգնական և խոսում են բարձր ձայնով։ Նրանք բոլորից ամենախիստն են։ Զգույշ եղեք ու ամեն ինչի պատրաստ՝ հանգիստ կնոջ հետ։

«Մարմանդ գետից վախեցիր» հին ասացվածքը հատկապես վերաբերում է կանանց։ Ես գիտեմ՝ դա այնքան էլ լավ չի հնչում, սակայն հանգիստ կինը, որպես կանոն, մեզ համար շատ անակնկալներ է թաքցնում, հենց որ մենք փորձում ենք ներթափանցել նրա խորքերը։ Զրույցի հակված կանանց չի կարելի տառացիորեն հասկանալ։

Հաճախ նրանց խոսակցությունները հիմք չեն ունենում։ Շատ մարդիկ չափազանց շատ են խոսում, քանի որ չեն ցանկանում կարևոր բաներ քննարկել։

Շատ խոսող կանայք քիչ են մտածում։ Կանայք ինձ ցինիկ կանվանեն ու շնորհակալ չեն լինի այսպիսի անկեղծության համար։

Կանացի բնազդ է՝ նվաճել ու պահել մեկ մարդու։ Տղամարդկային բնազդ է՝ հնարավորինս շատ կանանց նվաճել։

Տղամարդը փորձում է հնարավորինս երկար չընկնել իրեն հետապնդողի ծուղակը։ Դա արագոտն կենդանիների բնազդն է՝ փրկվել փախուստով։

Կնոջ համար լավագույն ավարը տղամարդն է, ում ոչ մի կնոջ իրենից առաջ չի հաջողվել ձեռք գցել։ Մատչելի տղամարդուն ձեռք գցելն այդ հաղթանակն ինչ-որ տեղ անօգուտ է դարձնում։

Սակայն մի անգամ տղամարդուն ստանալով՝ կինը նրան շատ ամուր է պահում ու թույլ չի տալիս, որ որևէ կին նրան մոտենա։ Դա բնական և անհրաժեշտ է, քանի որ տղամարդու բնույթն է այդպիսին՝ այս ու այն կողմ թռչել հնարավորության դեպքում։

Ես սարսափելի տհաճություններ եմ ունենում այն պատճառով, որ ստիպում եմ մարդկանց տեսնել այն, ինչ ես նկատի ունեմ։ Յուրաքանչյուր հոգեբանական պնդում նույնպես ճիշտ է, երբ այն իր շուրջն է պտտվում ու հակառակը նշանակում։ Դա բարդ է, բայց դա բնությունն է։

Կան, օրինակ, որոշակի քանակությամբ բավականին պինդ տղամարդիկ, որոնք որոշակի պատկերացում ունեն այն կնոջ մասին, որն իրենց պետք է, ուղիղ գծով գնում են դեպի իրենց նպատակը, և երբեք չեն անհանգստացնում այլ կանանց։

Կինն իրեն ամենից լավ զգում է այն ժամանակ, երբ սիրում է տղամարդուն։ Անձնական հարաբերությունները նրա հիմնական պահանջմունքն են, բայց երբ դա խաթարվում է, նա դառնում է դժգոհ ու բռնկուն, ինչը հաճախ հանգեցնում է ամուսնալուծության։

Բայց դա, իհարկե, չի նշամակում, որ տղամարդիկ և կանայք պետք է անտարբեր լինեն տեղի ունեցողի նկատմամբ։

Հարաբերություններում որոշակի լարվածություն պետք է գերակշռի օրվա ընթացքում, այլապես սեքսում իդեալական հարաբերություններ չեն կարող լինել, իսկ դա պետք է տեղի ունենա տղամարդու և կնոջ միջև։

Մի անգամ ինձ մոտ խորհրդատվության համար մի «կատարյալ զույգ» եկավ։ Ինչ-որ բան այն չէր։ Երբ ես նայեցի նրանց, մտածեցի, թե ինչը կարող էր նրանց ինձ մոտ բերել։

Թվում էր, թե նրանք կատարելապես հարմար են միմյանց ամեն ինչով, և, ինչպես ես շուտով հայտնաբերեցի, ապահովված էին նաև նյութապես։ Սակայն արդյունքում ես գտա, որ իսկական դժբախտությունն այն էր, որ նրանք չափազանց շատ էին միմյանց հարմար։ Դա կանխում էր նրանց ինտիմ հարաբերություններում գոյություն ունեցող ցանկացած լարվածություն։ Նրանք այնքան նման էին իրար, որ ոչինչ տեղի չէր ունենում։ Այս իրավիճակը նույնքան բարդ էր, որքան հակառակ ծայրահեղությունը՝ լիակատար անհամատեղելիությունը։

Նայեք սրան առօրյա կյանքի տեսանկյունից։ Մի՞թե խոսակցությունը հետաքրքիր կլինի, եթե դու նախապես գիտես, որ զուգընկերդ համաձայն կլինի քո ասած ամեն բանի հետ։ Ինչո՞ւ քննարկել դատավճիռը, երբ այն արդեն իսկ նախապես ընդունված է: Քննարկման խթանը մեռնում է։ Երբ դուք գիտեք, որ ձեր կարծիքը համաձայնեցվում է ձեր զուգընկերոջ կարծիքի հետ, այն քննարկելու իմաստ ընդհանրապես չկա։ Եվ այսպես, էլ ինչի՞ մասին է մնում խոսել։

Շատ ավելի հետաքրքիր ու արդյունավետ է քննարկել ինչ-որ բան, ինչի մասին տարբեր կարծիքներ կան։ Մենք առանձնապես չենք վայելում քննարկումը, եթե բոլորը քննարկվող հարցի վերաբերյալ նույն կարծիքն ունեն, չկան հաղթահարելու համար խոչընդոտներ, ոչ մի լարվածություն, ոչ մի արդյունավետ հոսք։

Տարակարծիք լինելը կարող է արդյունավետ լինել։ Այնպես որ, վիճել կարելի է։ Դա խոչընդոտ է ընդհանուր ճանապարհի առջև, և պետք է ջանքեր գործադրել այն հաղթահարելու համար։

Մտավոր, բարոյական, ֆիզիկական. բնությունը ստեղծել է կնոջ և տղամարդու միջև ծայրահեղ տարբերություններ՝ այնպես, որ տղամարդն իր հակապատկերը գտնում է կնոջ մեջ, կինն էլ՝տղամարդու։ Դա լարվածություն է ստեղծում։

Եթե տղամարդն ու կինը միանման են, լճացում է առաջանում, իսկ էներգիա ստանալու համար հակապատկերներ են պետք և վերին, և ստորին պլաններում։ Պետք է մակարդակների միջև տարբերություն լինի։

Անձամբ ինձ համար գեղեցիկ կինն անհանգստության աղբյուր է։ Գեղեցիկ կինը, որպես կանոն, սարսափելի հիասթափեցնում է։ Այն ասես կարկանդակի կտոր լինի, որը տեսնում ես, բայց չես կարողանում ուտել։

Տղամարդկանց մոտ գեղեցկությունն ու ուղեղը հազվադեպ են միասին հանդիպում։ Ատլետիկ կազմվածք ունեցող բավականին գրավիչ տղամարդու ուղեղը դառնում է սոսկ նրա գեղեցիկ մարմնի ածանցյալը։

Այստեղ՝ իմ գյուղում, ես ասես պատսպարանում եմ։ Գրում եմ, նկարում, բայց ամենաշատ ժամանակն անց եմ կացնում իմ մտքերի հետ միայնակ։ Ինձ թվում է՝ մենք հասել ենք մեր զարգացման վերին սահմանին, այն կետին, որից հետո այլևս առաջ չենք կարող գնալ։

Մարդը մեկնարկել է անգիտակցական վիճակից, երբ նա դեռ չէր պայքարում ինքնագիտակցության բարձր մակարդակի համար։ Գիտակցության զարգացումը բեռ է, տառապանք ու մարդկության օրհնանք։

Յուրաքանչյուր նոր բացահայտում տանում է դեպի գիտակցության բարձրացում, ու այն ճանապարհը, որով մենք գնում ենք, սոսկ նրա շարունակությունն է։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է մեծ պատասխանատվության ու  քո մեջ պահանջում է մեծ փոփոխություններ։

Մենք պետք է եզրակացություն անենք այն ամենից, ինչ գիտենք, ու կատարենք ինքնուրույն բացահայտումներ, այլ ոչ թե կլանենք այն ամենը, ինչ մեզ տրվում է։

Մարդը մարդու համար ոխերիմ թշնամի է դարձել։ Դա բախում է մարդու ու Աստծո միջև, որում մարդկային լյուցիֆերական հանճարը ստեղծեց այնպիսի հզորության ռումբ, որ սկսեց ավելի արդյունավետ ոչնչացնել, քան ինչ-որ հին աստված։ Մենք պետք է սկսենք ուսումնասիրել մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր Ջեքիլ կարող է տեսնել իր Հայդին։

20-րդ դարի փոփոխություններն ու լարվածությունն այնպես են ազդել ժամանակակից միջավայրի վրա, որ շատ երկրներում երեխաներն այլևս ի վիճակի չեն կենտրոնանալ։ Այստեղ՝ Ցյուրիխում, լճի վերին հատվածի դպրոցական ուսուցիչներն ինձ հարցրին, թե ինչու երեխաներն այլևս ի վիճակի չեն ուսումնական ծրագիրը ողջ ծավալով կատարել։ Նրանք ասացին, որ երեխաները կենտրոնացման հետ խնդիրներ ունեն։

Ես նրանց ասացի, որ դրանում մեղավոր են կինոն, ռադիոն, հեռուստացույցը, մեքենաների չընդհատվող աղմուկն ու գլխավերևում ինքնաթիռների հռնդյունը։ Նրանց համար դրանք շեղող գործոններ են։

Նույն այդ շեղող գործոններն ազդում են նաև մեծերի վրա։

Չի կարելի գալ հյուրանոց կամ ռեստորան ու ինտելեկտուալ խոսակցություն վարել ճաշելիս կամ թեյելիս, քանի որ ձեր բառերը խեղդվում են հնչող երաժշտության մեջ։

Որոշ ժամանակ առաջ ես նյույորքյան նորաբաց հյուրանոցում ուզում էի զրուցել ամերիկացի պրոֆեսորի հետ։ Դա անհնարին էր, և մենք հրաժարվեցինք այդ գաղափարից։

Ես ոչինչ չունեմ երաժշտության դեմ, եթե այն անհրաժեշտ ժամանակ հնչում է անհրաժեշտ վայրում, բայց մեր օրերում նրանից ոչ մի տեղ չես փախչի։ Ես նոր եմ վերադարձել իտալական Շվեյցարիայում գտնվող Տիչինոյից, ուր սիրում են երաժշտություն։ Բայց երբ ռեստորանում ռադիոն միացրին, ես այնպես նյարդայնացա, որ նետեցի պատառաքաղը։

Ջազը և նման այլ բաները հիմար ու հիմարեցնող են, բայց շատ ավելի վատ է, որ ռեստորանում դասական երաժշտություն են նվագում, ասենք՝ Բախ։ Բախն Աստծո հետ է շփվում։ Ես ունակ եմ Բախին հասկանալ։ Բայց ես կարող եմ հարվածել մարդուն, ով ռեստորանում Բախ է նվագում։

Սպիրտային խմիչքները նույն շարքում են։ Նրանք պարզապես սպանում են բոլոր սթափ դատող խոսակցությունները։ Այդ պատճառով էլ բոլոր նրանք, ովքեր գնում են խմելու, կարող են նորմալ խոսել միայն 3-րդ բաժակից հետո։ Բայց ամենավատը հեռուստատեսությունն է…

Չիմանալով այս ամենը՝ մարդը միշտ կապված է եղել Աստծուն։ Այն, ինչ որոշ մարդիկ բնազդ կամ ինտուիցիա են անվանում, ոչ այլ ինչ է, քան Աստված։

Աստվածն այն ձայնն է մեր ներսում, որը մեզ ասում է՝ ինչ անել ու ինչ չանել։ Այլ կերպ ասած՝ Աստված մեր խիղճն է։

Մեր այս մութ, ատոմային դարում իր գաղտնի վախերն ունեցող մարդը ղեկավարում է փնտրում։ Գիտակցաբար թե ոչ, նա կրկին Աստծուն է փնտրում։

Ես իմ հիվանդներին հասկացնում եմ, որ բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունենում նրանց հետ իրենց կամքին հակառակ, Բարձրագույն ուժն է։ Նրանք կարող են դրան Աստված կամ սատանա անունը տալ. դա ինձ համար նշանակություն չունի, եթե նրանք հասկանում են, որ դրանք ինչ-որ գերագույն ուժեր են։

Դուք Աստծո ներկայությունն ամեն օր կարող եք զգալ։

Կան, օրինակ, տարօրինակ իրավիճակներ, որոնք պատահում են որոշակի անձանց կյանքում։ Իմ շատ հիվանդներ դրա համար են ինձ մոտ եկել, և շատ բնական է, որ նրանք ուզում են իմանալ, թե ինչու են այդ բաները կրկնվում, արդյո՞ք պատճառն իրենց մեջ է, և կա՞ արդյոք մի բան, որ նրանք կարող են անել դրան վերջ տալու համար։

Այդ իրավիճակները կարող են այնքան նկատելի լինել, հատկապես, եթե նրանք տհաճ են, որ հետաքրքրված անձը կարող է սկսել իրեն զգալ որպես ինչ-որ չարամիտ հետապնդման զոհ։

Մենք պետք է հստակ տարբերակենք դա ու հոգեկան հիվանդ մարդու հետապնդման մոլուցքը։ Այդ իրավիճակները հաճախ լրիվ իրական են լինում, այլ ոչ՝ հիվանդ երևակայության արդյունք։

Մի անգամ ես իմ այգում զբոսնում էի մի կնոջ հետ, ով եկել էր ինձնից խորհրդատվություն ստանալու։ Նա ինձ հայտնեց, որ, բացի ամեն ինչից, ամեն անգամ, երբ գյուղում է եղել, իր վրա հարձակվել են թռչուններ, սև թռչուններ։

Հազիվ էինք մենք հեռացել տնից, երբ մի քանի ագռավներ մեզ վրա իջան վերևից՝ թևերը թափահարելով ու բարկացած կռկռալով։ Նրանցից մեկը հետևից նույնիսկ բռնեց կնոջ պարանոցը, մինչև ես քշեցի նրան։

Եվս մեկ տարօրինակ դեպք։ Ես բուժում էի մի կնոջ և նրա 3 դուստրերին։ Երեք երիտասարդ կանայք սարսափելի երազներ էին տեսնում իրենց մոր մասին, ով կատարյալ մայր էր, ի դեպ։ Նրանց երազներում մայրը պատկերվում էր վայրի թռչունի կերպարով։ Տարիներ անց մայրը սկսեց հակվել մելանքոլիայի նոպաների, որոնց ժամանակ նա իրեն իսկապես պահում էր վայրի թռչունի պես։

Բանն այն է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մարդու հետ, բնորոշում է նրան։ Նա իրենից ինչ-որ պատկեր է ներկայացնում, ուր ամեն ինչ ճշգրիտ կերպով համընկնում է, կյանքի հոսքին զուգընթաց՝ յուրաքանչյուր իրադարձություն իր տեղն է ընկնում, որը, ի վերուստ, ըստ Պլանի, արդեն իսկ նախանշված է։

Այն ամենը, ինչ ես իմացել եմ, ինձ քայլ առ քայլ մոտեցրել է Աստծո գոյության համոզմունքին։ Ես հավատում եմ միայն նրան, ինչ գիտեմ, իսկ դա բացառում է հավատը։ Այդ պատճառով էլ ես նրա գոյությունը հավատալու հետ չեմ կապում։ Ես գիտեմ, որ ՆԱ գոյություն ունի։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս