«Ցավոք սրտի, այսօր ոստիկանապետը չի նպաստում, որպեսզի ոստիկանական համակարգի պատիվը բարձր պահվի». Արամ Հարությունյան

«Այդ կինը Նիկոլ Փաշինյանի քայլող ֆեյքերից է».

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տեղի ունեցած երեկվա միջադեպից հետո «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշով:

Հիշեցնենք, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, և երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ հարվածել է մի կնոջ:

«Դատավարությունից անմիջապես հետո, երբ մենք իջնում էինք աստիճաններով, տարբեր մարդիկ վատ արտահայտություններ էին անում, մասնավորապես` մի քանի կանայք անընդհատ կրկնում էին՝ «թուրք», սկզբից, հետո էլի եկան նույնը կրկնեցին։ Հետո մի կինը այդ երկուսի արանքում ասաց՝ «թուրք, բալեդ թաղեմ», ինձ համար սահմանն անց էր, և ես հարվածեցի»,- պատմեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հարվածն ուղղված էր Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին:

«Էդ կինը Նիկոլ Փաշինյանի քայլող ֆեյքերից է: Էդ կինը հայերեն գրել չգիտի, բայց եկել էր և ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշման հետ կապված ինչ-որ բաներ էր ասում»,- ասաց նա։

Արամ Հարությունյանը տեղի ունեցողը համեմատեց 2018 թվականի քաղաքական հայտնի իրադարձությունների ժամանակ նախկին իշխանությունների հանդեպ իրականացված տարատեսակ գործողություններին համացանցում և դրանից դուրս:

«Այսօր ոստիկանապետը չի նպաստում, որպեսզի ոստիկանական համակարգի պատիվը բարձր պահվի»

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում անելիք ունի ՀՀ ոստիկանությունը. «Ամբողջ խնդիրը նաև նրանում է, որ ոստիկանությունը չպիտի թողնի բանը հասնի դրան, որովհետև ոստիկանության խնդիրն է՝ հասարակական կարգը պահպանելը, բայց, ցավոք սրտի, այսօր ոստիկանապետը չի նպաստում, որպեսզի ոստիկանական համակարգի պատիվը բարձր պահվի: Նաև ասեմ, որ դա այն մարդն է, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ էր, և ականատեսները պատմում են` երբ դուրս գալուց հետո իրեն խուզարկել են, պարզվել է՝ իր մոտ թաքնված եղել է զենք: Այսինքն, ինքը, ի տարբերություն Վանոյանի, որը պաշտպանում էր պետութունը, իր պատիվը, ոչ մի քայլ չի արել, մինչդեռ ամբողջ ընթացքում պոկել են պագոնները, ստորացրել են, և նման մարդն այսօր բարոյական իրավունք չունի լինելու ոստիկանապետ, այն մարդը, որին դատարանում ասում են «լակոտ» նույն «Սասնա ծռերը», և չի արձագանքում, այն մարդը, որի համակարգում ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները մտնում են, ոստիկան են ծեծում, չի արձագանքում, մենք իրավունք չունենք, քանի որ 90 տոկոսը նորմալ մարդիկ են:

Նույն ձևով սադրանքներ եղել են Մարտի մեկին. ցուցարարները ցանկացած ոստիկանի վրա քարեր են գցել, հայհոյել. կադրերը կան, նույն ձեռագիրն է»:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը մի քանի նոր դրվագներ բարձրաձայնեց, որոնք գտել է հին թերթերից

Արամ Հարությունյանը բարձրաձայն կարդաց «Հայկական Ժամանակ» թերթի 2015 թվականի մի հրապարակում, որտեղ մասնավորապես նշվում է. «Երեկ «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսում 2008 թվականի Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ոչ բոլորն են Մարտի 1-ի համար պայքարում ՀԱԿ-ից, որոնցից մի քանի հոգի անջատվեցին: Ես կարող եմ անունները տամ, ոչ վախենում եմ, ոչ էլ ամաչում եմ: Մինչև հիմա իմ տղայի գերեզմանի տեղը չգիտեն, տան տեղը չգիտեն, հանձինս Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան: Ես շատ խիստ վրդովված եմ: Ի՞նչն է պատճառը, թող ինձ բացատրի, մի պատճառ պիտի ունենա, չէ՞, էս քանի տարի է, ինքը դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել: Այսինքն՝ չի էլ արտահայտվել (…) Ի՞նչն է պատճառը, ես ուզում եմ իմանամ, իրանցից լսեմ, թող գան, արտահայտվեն: Տպավորությունս իրանց հանդեպ վերջացել ա: Իրանց պետք էր մտնել ԱԺ, մտան: Բայց ումո՞վ մտան: Իմ որդու արյունով չմտնեն ԱԺ ու իրանց անելիքը անեն: Ինձ հետաքրքրում է, որ ինքը մինչև վերջ պիտի կանգնած լիներ մեր կողքը, ծնողներիս կողքը»:

Նիկոլ Փաշինյանը Ֆարմանյանի այս հայտարարությանը արձագանքել է՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ՝ նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում: Սա՝ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք՝ նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը և որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:

Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել՝ Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելով:

Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առջև: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի և նրա զոհված որդու առջև:

Կարծում եմ, ճիշտ չէ հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ եմ եղել: Բայց եթե սա է չափանիշը, թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որևէ զոհի գերեզմանին քանի՞ անգամ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարկ եմ համարում նաև ընդգծել՝ Հայ ազգային կոնգրեսի և անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումներն ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների ետևում թաքնվելու շարունակական և երկչոտ գործելակերպի կապակցությամբ»:

«ՀԱԿը գոյատևում է Մարտի մեկի բրենդով»

Խոսելով Մարտի մեկի հնարավոր վարկածների մասին՝ Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ որևէ իշխանության ձեռնտու չէին զոհերը, և այն կարող էր ձեռնտու լինել կա՛մ թշնամիներին, կա՛մ ընդդիմությանը: Վերջինի մասին նա հիշեցրեց այդ օրերի հայտնի ձայնագրությունները և նշեց. «ՀԱԿ-ը գոյատևում է Մարտի մեկի բրենդով»:

Մարտի մեկի զոհերի հարազատների դատական նիստերի ելույթներին անդրադառնալով՝ հղում անելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքին՝ նշեց, որ Մարտի մեկի զոհերի ծնողներին դիտավորյալ չեն իրազեկում գործի նյութերի մասին. «Ես ուղղակի ցավում եմ, հորդորում եմ, իրենք ուղղակի օգտագործվում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, և հիմա արդեն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»:

«Արցախը չպիտի ականապատվի սորոսականներով. Արցախում պետք է լինի արցախցու իշխանությունը»

«Եթե 2008-ի Մարտի մեկից հետո մենք ստացանք հայ-թուրքական արձանագրությունները, ապա եթե այստեղ լինի բախում, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի դրդմամբ տանում է այդ բախմանը, մեզ կպարտադրեն կապիտուլյացիա, մենք կկորցնենք Արցախում, այսօր Արցախում են պառակտում»,- հավելեց քաղաքական գործիչը:

Նա նշեց, որ Արցախին պետք է միասնական թեկնածու, իսկ այդ գործում, ըստ նրա՝ կարևոր դեր է խաղում Վիտալի Բալասանյանը.  «Արցախը չպիտի ականապատվի սորոսականներով. Արցախում պետք է լինի արցախցու իշխանությունը»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս