«Ամուլսարի հարցով ճանապարհ փակողներն իրո՞ք էկոլոգ են կամ շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետ». Ահարոն Ադիբեկյան

«Ամուլսարի նման խնդիրները պետք է գտնվեն փորձագետների քննարկման շրջանակում, այլ ոչ թե դառնան հանրային քննարկման  հարց: Ռուսաստանի ակադեմիան, օրինակ, կառավարության հետ պայմանագիր կնքեց, որ բոլոր փորձագիտական հետազոտությունները պետք է արվեն նրանց հետ: Մենք ունենք երկրաբանական ինստիտուտ, լավ մասնագետներ, ովքեր կարող են որպես փորձագետ հանդես գալ: Փորձագետներից հետո հարցը պետք է  դնեին հանրային քննարկման՝ արժե՞ ռիսկի գնալ, թե՞ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ոչ ոք չի հետազոտում, թե ով դուրս է գալիս, ճանապարհ  է փակում, ի՞նչ նկատառումներով է դա անում: Նա իրո՞ք էկոլոգ է կամ շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետ»,- հավելեց նա:

168.am-ի հարցին՝ այսինքն, հանքի շահագործմանը դեմ բնապահպանները վստահություն չեն ներշնչում, սոցիոլոգը պատասխանեց.

«Ո՞ւմ համար են բնությունը պահպանում, սոված ժողովրդի՞: Եթե պայթյունները կարող են բերել ներքին ջրատարի գործունեության խաթարման, կարող են սահման գծել, որ այսքանից ավելի հզորություն պայթյունը չունենա: Դա տեխնիկական խնդիր է, որը մասնագետները պետք է լուծեն, ոչ թե փողոցում ու ճանապարհին: Վարչապետը պետք է վստահի տեղացի մասնագետներին, որովհետև նրանք ՀՀ բնակիչ են, պատասխանատու են շրջակա միջավայրի համար»:

Ահարոն Ադիբեկյանը կարծիքով՝ ներդրումների դաշտը բավականին թուլացել է:

«Մեզ տարեկան անհրաժեշտ է մի քանի տասնյակ միլիարդի ներդրում: Մեկ աշխատատեղ ստեղծելու համար Ճապոնիայում անհրաժեշտ է 100.000 դոլար, մեզ մոտ թող լինի 10.000: Նախկին կառավարությունն Ակադեմիայի հետ պայմանագիր կնքեց, որ գոնե գիտական մշակումներն արտասահմանում վաճառքի հանենք: Երկու պայմանագիր կնքեցին, բայց դա այդպես էլ մնաց թղթի վրա: Ուրեմն, կառավարությունից շատ բան է կախված՝ ներդրումային դաշտի հետ կապված: Հայաստանում երկու տասնյակ հանածո ներկայացնող արդյունաբերական տեղամասեր կան, որոնք, չգիտես ինչու՝ մրցակցությունից դուրս են մնում»,- նշեց նա:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս