Ինչո՞ւ է Լարիսա Մինասյանը մասնակցում Հ1-ի թռուցկաժողովին. Պետրոս Ղազարյանը հերքում է՝ «Կյանքումս մոտիկից չեմ տեսել նրան»
Մեր տեղեկություններով՝ վերջերս «Բաց հասարակության հիմնադրամներ» (Սորոսի գրասենյակ) կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին հաճախակի են տեսնում Հանրային հեռուստատեսության շենքում։ Այս տեղեկությունը 168.am-ին փոխանցել է ականատեսներից մեկը՝ ասելով, որ Լարիսա Մինասյանն այնտեղ է լինում մեդիա կազմակերպություններից մեկի ղեկավարների հետ:
Նրանք, ըստ աղբյուրի, եղել են լրատվական հաղորդման խմբագրությունում և մի քանի անգամ մասնակցել են լրագրողական «լիտուչկային»՝ թռուցկաժողովին, որտեղ սովորաբար խմբագիրները լրագրողների հետ օրվա կամ շաբաթվա կտրվածքով քննարկում են թեմատիկ նյութերի օրակարգը:
Գործնականում ի՞նչ նպատակ են հետապնդել նրանց պարբերական այցելությունները, ի՞նչ կարգավիճակով են նրանք եղել Հանրային հեռուստաընկերության շենքում, փորձեցինք պարզել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից, սակայն հեռախոսն անջատված էր:
Հանրային հեռուստաընկերության քաղաքական-լրատվական հաղորդումների ղեկավար Պետրոս Ղազարյանը մեր հարցադրումների վերաբերյալ 168.am-ին այսպիսի մեկնաբանություն տվեց.
«Սուտ ա ասում Ձեր աղբյուրը, Լարիսա Մինասյանը որևէ ֆորմատով ինձ չի հյուրընկալվել, անգամ հանկարծակի չի հայտնվել մեր խմբագրությունում, սա ձեզ վստահեցնում եմ լրատվական-քաղաքական հաղորդումների խմբագրության մասով, որովհետև ես միայն այդ մասով եմ պատասխանատու և պնդում եմ իմ իրավասության շրջանակներում, այլ բան ասել չեմ կարող: Իսկ ընդհանուր առմամբ ասեմ, որ ես Լարիսա Մինասյանին կյանքումս մոտիկից չեմ տեսել, սա ընդգծում եմ՝ հատկապես ձեր աղբյուրի ու մեր միջև հատուկ կապեր փնտրողների համար։
Ասեմ ավելին, եթե մի օր տիկին Լարիսան գար, ես մեծ հաճույքով կընդունեի նրան, այդ թվում՝ իմ հաղորդման տաղավարում, ես խնդիր չունեմ և նրան հյուրընկալելու համար չունեմ որևէ կաշկանդվածություն: Եթե որոշ մարդիկ այդքան վախենում են «Սորոս»-ական գաղափարներից, ապա ասեմ՝ ես այդ գաղափարները տարածում եմ և գտնում եմ, որ պարտավոր ենք տարածել, չէ՞ որ այնտեղ գրված է՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատության մասին գաղափարներ, համամարդկային նորմեր են սրանք, որոնք ամրագրված են նաև մեր Սահմանադրության մեջ:
Մի խորհուրդ նրանց, ովքեր այդքան շատ են ուզում ինչ-որ գաղտնի կապեր փնտրել «Սորոս»-այսօրվա իշխանություն, Հանրային հեռուստաընկերություն և այլն, թող ուղղակի մտովի հետ գնան և հիշեն, հարցնեն իրենց գործընկերներին, թե իրենց ֆրակցիայից քանի՞ պատգամավոր է նախկին իշխանության օրոք դիմել «Սորոսի» գրանտներ ստանալու համար, և քանիսն են եղել, որ ստացել են, ու ոչ՝ մեկ անգամ: Ես ժողովրդավարության և մարդու իրավունքների քարոզչության մեջ վատ բան չեմ տեսնում, բայց եթե այդ մարդիկ այլ նպատակներ են գտնում «Սորոսի» տարածած գաղափարների մեջ, թող ասեն… թե չէ՝ դատարկ գլխով ման են գալիս ու ասում են՝ «Սորոս», դա լուրջ չի, ահագին հայկական գրքեր է թվայնացրել նույն «Սորոսը», ինչ է՝ դե՞մ են դրան, ես փորձում եմ հասկանալ էդ տրամադրությունների իմաստը»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, որ նախկին իշխանության օրոք Հանրային հեռուստաընկերությունն այդքան մատչելի ու հասանելի երբեք չի եղել «Սորոս»-ական գաղափարների տարածման համար, ինչպես այսօր է, և դրա լավագույն իրականացնողներից մեկը հենց քաղաքական-լրատվական հաղորդումների խմբագրությունն է համարվում, այստեղով է ապահովվում գաղափարների տարածումը հաղորդումների տաղավարում «Սոսոս»-ական պաշտոնյաների հյուրընկալումներով, Պետրոս Ղազարյանն այսպես հակադարձեց.
«Ինձ համար մարդկանց միջև սորոս-չսորոս բաժանում գոյություն չունի, մարդիկ բաժանվում են ՀՀ օրենքները հարգողների և չհարգողների միջև: Մենք գործ ունենք օրենքը հարգող հասարակության խմբի հետ, չհարգողներն ուրիշ վայրում են, և այդ հարգողների մեջ ես եմ, դուք ու մեր միջավայրում շատերը… ուրեմն ինչ, դո՞ ւք էլ եք «Սորոս»-ական, այո, դուք և ձեր ընկերները չե՞ն ընդունում ժողովրդավարությունը: Այո, ես պարբերաբար հրավիրում եմ տաղավար մեր այսօրվա պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ Ձեր ընդգծած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որոնք օգտվել են «Սորոսի» հիմնադրամից, բայց ես հրավիրում եմ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որ գա՝ հակառակը պատմի, պարզապես չի գալիս, բայց ինքն էլ է «Սորոսի» գրանտներ վերցրել, ինքն էլ կարող է գալ, լավ բաներ պատմել, ի՞նչ կապ ունի, թե որ ճամբարից է մարդը»:
Սյուզի Բադոյան