«Պետք է ստեղծենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմներ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը: Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը:
Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից և բարձրաձայնվել իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում որոշման նախագծով ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշել է. «Հարգելի գործընկերներ այս թեման շատ երկար և շատ բարդ, ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է, առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բազմաթիվ մտավախություններ և այսպես շարունակ: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հետևյալն է՝ մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ կա՛մ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ:
Ես ձեզ կոնկրետ ասեմ՝ այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ իքս բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ասենք, ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, այդ գույքը վաճառվել է, և իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է, և գումարը Հայաստանի Հանրապետությունից դուրս է հանվելու: Այսինքն՝ ըստ էության, ոչ թե մեր աչքի առաջ, բայց մենք իմացել ենք, որ հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց օրենսդրությամբ այնպիսի սահմանափակումներ են եղել, որ կամ պետք է ապօրինի, շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ կամ էլ պետք է լուռ հետևեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում:
Մեր քաղաքական որոշումը հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես որևէ կասկած չլինի Հայաստանի Հանրապետության, ժողովրդի և կառավարության՝ այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ: Եվ ես կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է, որը, էլի ուզում եմ ընդգծել, ոչ թե անում ենք ոտքի վրա՝ ափալ, այլ մեկ տարի շարունակ, բոլոր հնարավոր ձևերով, տեմպերով քննարկել ենք: Մենք այս քաղաքական որոշումը կայացրել ենք և պետք է այս որոշումը նաև դե յուրե արձանագրենք: Չկա մի տեսակետ, որը չենք լսել, չենք կարդացել, բայց այս խնդիրը պետք է լուծվի և պետք է լուծվի հիմա»:
Գործադիրի որոշումներով ևս 2 մլրդ դրամին համարժեք ներդրումային ծրագրերի տրվել է ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն
Կառավարությունը որոշումներ է ընդունել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար 3 տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հայտերը բավարարելու և սահմանված կարգով համապատասխան արտոնությունը կիրառելու վերաբերյալ: Որոշումների նախագծերը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը:
Առաջին հայտը ներկայացվել է «Իրինա Կոչոյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Ա. Քամալյանը նշել է, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ, որը գործում է Հրազդան քաղաքում, ընկերությունը գործում է 2005 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 80 մլն դրամի ներդրում՝ նոր սարքավորումների և մոտ 580 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 35 աշխատատեղ, ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ: Ծրագրով նախատեսված ընդհանուր արտադրանքի ծավալը կկազմի 600 մլն դրամ, որից 450 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 150 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ-երկրների տարածքում:
Հաջորդը «Անիպլաստ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտն էր. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար, արտադրությունն իրականացվելու է Աշտարակ քաղաքում, ընկերությունը գործում է 1998 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել մոտ 1.4 մլրդ դրամի ներդրում, որից 300 մլն դրամն արդեն իրականացվել է կապիտալ ներդրումների համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 33 աշխատատեղ, ծրագրով նախատեսվում է ստեղծել ևս 20 աշխատատեղ:
Երրորդ արտոնությունը տրամադրվել է «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ին. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տետրերի և նկարչական ալբոմների արտադրության մեջ, որն իրականացվելու է Աբովյան քաղաքում, ընկերությունը գործում է 2012 թվականից: Ծրագրով նախատեսվում է 457 մլն դրամի ներդրում՝ հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար, ներկայում առկա է 13 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 6-9 նոր աշխատատեղ:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումային ծրագրերին, նշել է. «Այստեղ խոսքը գնում է մոտ 2 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրման մասին: Ես էլի ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը: Մեկ ամսվա տվյալով՝ այդ թիվը 601 հազար էր, և վերջին՝ երեկ ստացված նոր, թարմացված տվյալներով՝ աշխատողների թիվը գերազանցել է 604 հազարը, ինչը, կարծում եմ, շատ կարևոր իրադարձություն է»:
Արձագանքելով վարչապետի խոսքին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ 2018 թ. մայիսի 20-ի համեմատ այսօրվա դրությամբ նոր բացված աշխատատեղերի քանակը 64899 է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ թեպետ նոր ստեղծված և ստվերից դուրս եկած աշխատատեղերը տարբերակելու մեխանիզմ չկա, բայց պետք է արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 64000-ից ավելի աշխատատեղերի աճ: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահից՝ ճի՞շտ է չէ, որ հենց գործատուներն են այս տվյալները ներկայացնում Պետական եկամուտների կոմիտե, այսինքն՝ սա ոչ վերլուծություն է, ոչ կանխատեսում, այլ կոնկրետ մարդկանց կողմից գրանցված աշխատողների թիվն է:
ՊԵԿ նախագահը հաստատել է վարչապետ Փաշինյանի ասածը՝ նշելով, որ 2013 թվականից ՊԵԿ-ում գործարկվել է անձնավորված հաշվառման համակարգ, գործում է անձնավորված՝ ՀԾՀ-ների հիման վրա բացվածք, որը հայտարարագրում են հարկ վճարողները, և ՊԵԿ-ն ուղղակի արձանագրում է դրանց հանրագումարները:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է 3 տարով հետաձգել «Արմփաուեր» ՓԲԸ-ին ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կառուցել և շահագործել 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 3 տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ (կառուցման ընթացքում)՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով և 106 աշխատատեղ (շահագործման ընթացքում)՝ 550 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 124 մլրդ դրամ՝ արդի սարքավորումների ձեռքբերման համար: Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարն առաջին փուլի համար կկազմի 26 մլն դրամ:
Պետք է խթանել նոր տեխնոլոգիաների տիրապետող ընկերությունների մուտքը Հայաստանի ճանապարհաշինության շուկա. 2019 թ. նախատեսված 330 կմ ճանապարհաշինության ծրագիրը կգերակատարվի
Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակում իրականացնել 4,5 մլրդ դրամի ճանապարհաշինական և նախագծային աշխատանքներ, որից 2.9 մլրդ դրամը՝ ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտների և 400 մլն դրամը՝ «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառման տնտեսումների հաշվին: Իսկ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման տնտեսումներից 1,2 մլրդ դրամը վերաբաշխել նույն միջոցառման շրջանակում` այլ աշխատանքների իրականացման համար: Պետական բյուջեով ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում կմշակվեն ևս 7 և 1 լրացուցիչ ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթեր, արդյունքում կհիմնանորոգվի 39.2 կմ ավտոճանապարհ, և կիրականացվի 48.6 կմ ճանապարհի նախագծային աշխատանք:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացվում են հիմնականում մյուս տարվա համար, և այս տարի նախատեսված 330 կմ-ը գերակատարվելու է. այս պահին աշխատանքներն ընթանում են 307.2 կմ վրա, ևս 70 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ ավարտված են, դրանից զատ, աշխատանքներ են իրականացվում Երևանում, նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, որոնք նախատեսված 330 կմ ճանապարհաշինության ծրագրում ներառված չեն:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքելով տեղեկացրել է, որ այս տարվա ծրագիրը գերակատարվելու է, և 2020 թ. որոշ ծրագրեր արդեն տեղափոխվել են 2019 թ. ծրագիր: Նրա խոսքով՝ կառավարության՝ մինչև 2023 թ. ծրագիրը ձգտելու է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույնը 2500 կմ միջպետական և հանրապետական ճանապարհ վերանորոգվի և հիմնանորոգվի, կատարվեն միջին նորոգման աշխատանքներ՝ չներառելով Հյուսիս-հարավ ճանապարհահատվածը: Փոխվարչապետը հավելել է, որ 307 կմ ճանապարհի վրա այս պահի դրությամբ են աշխատանքներն իրականացվում, կլինեն ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքները դեռևս կսկսվեն, և այս տարվա 330 կմ միջին նորոգման և հիմնանորոգման ծրագիրը միանշանակ կիրականացվի և կգերակատարվի: Դրա մեջ չեն մտնում սուբվենցիոն ծրագրերով կատարվելիք աշխատանքները, Երևանում և այլ համայնքներում տարբեր ծրագրերով կատարվելիք ճանապարհաշինական աշխատանքները: Տ. Ավինյանը նշել է, որ վերջնական ամփոփ տեղեկատվությունը հավաքագրելուց հետո մեծ է հավանականությունը, որ ճանապարհաշինության ոլորտում ռեկորդային ցուցանիշ կարձանագրվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մյուս տարի ճանապարհաշինության ոլորտում ռեկորդային ցուցանիշների արձանագրումը և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքը: «Այս ողջ ընթացքում քննարկումների արդյունքում, պարոն Պապիկյան, մենք եկանք այն եզրակացության, որ պետք է խթանել նոր տեխնոլոգիաների տիրապետող ընկերությունների մուտքը շուկա, և այս առումով պարոն Ավինյանի հայտարարությունը շատ կարևոր է: Դա նշանակում է, որ այս տարի, ենթադրենք, 350 կմ ճանապարհ նորոգեցինք, մյուս տարի նվազագույնը պետք է լինի 500 կմ ճանապարհ և առաջիկա տարիներին պետք է այդ 2500 կմ ճանապարհաշինությունն իրականացնենք: Սա նաև ինչո՞ւ ենք բարձրաձայնում, քանի որ մեր շատ հայրենակիցներ՝ Ռուսաստանում, Ղազախստանում, այլ երկրներում այդ գործերով են զբաղվում և շփումների ընթացքում տեսել ենք, որ նրանք նորագույն տեխնոլոգիաների են տիրապետում: Իմիջիայլոց, գնումների մասին օրենսդրության մեջ, կարգավորումների մեջ փոփոխությունների արդյունքում մենք պետք է երաշխավորենք, որ մրցույթներում հաղթեն միայն այնպիսի ընկերություններ, որոնք տեխնիկապես ի վիճակի են կատարել աշխատանքը ժամանակին և պատշաճ մակարդակով ու որակով: Սա շատ կարևոր է: Պայմանավորվել ենք, որ մյուս տարվա մրցույթները շուտ պետք է արվեն, այսինքն՝ հունվարի 1-ի դրությամբ մրցույթներն արդեն պետք է ավարտված լինեն, ընկերությունները հայտնի լինեն: Հույս ունեմ, որ հիմա մեր գնումներին ավելի մեծ թվով ընկերություններ կմասնակցեն՝ դրանից բխող դրական արդյունքներով: Արձանագրենք նաև, որ մենք այս տարի ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկման համար անհրաժեշտ լուրջ տեխնիկա ենք ձեռք բերել, և այդ տեխնիկան նույնպես օգնելու է, որպեսզի որակը լինի պատշաճ մակարդակով: Նաև լուրջ ուշադրություն պետք է դարձնել ճանապարհային գծանշումների ապահովմանը», – ասել է կառավարության ղեկավարը:
Սուրեն Պապիկանը նաև տեղեկություն է ներկայացրել Սևանա լճից ջրառի վերաբերյալ. նա նշել է,որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չի լինի, ավելին, այս պահին խնայվել է շուրջ 30 մլն խմ ջուր՝ թույլատրելի 170-ից, նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 53 մլն խմ: Նախարարը նաև հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձրացել է:
Գործադիրը հավանության է արժանացրել ծխախոտի սպառման նվազեցմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը
Գործադիրը որոշում է ընդունել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Նախագծի ընդունումը նպատակ ունի, նկատի ունենալով միջազգային փորձը, իրականացնել օրենսդրական փոփոխություններ` ՀՀ կողմից 2004 թ. վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին համահունչ: Մասնավորապես, ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում, սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը, թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները, դրանց գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները, առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները և այլն:
Որոշման նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, քննարկվել են թեմայի առողջապահական, ֆինանսական, կրթական ասպեկտներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով նախագծի ընդունման կարևորությանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Բովանդակության հետ կապված, կարծում եմ, բոլորս համաձայն ենք: Խնդիրն այն է, որ մենք որոշ իրողություններ պետք է հաշվի առնենք և որոշակի ժամանակ տանք և՛ բիզնեսին, և՛ հանրությանը, որպեսզի ադապտացվեն այդ փոփոխություններին: Այստեղ շատ կարևոր մի հարց կա. մենք ասում ենք՝ 2021 թվականին, 2022 թվականին, նախկինում էլ շատ դեպքեր են եղել, որ այսպիսի հետաձգված օրենքներն անաղմուկ ընդունվել են, հետո երբ եկել է կիրառման ժամկետը, սկսվել են որոշակի գործընթացներ, հետաձգում և այդպես շարունակ: Շատ կարևոր է, որ այսօրվանից բոլոր պետական մարմինները պատրաստեն հանրությանն այդ իրադարձությանը, ոչ թե հիմա ընդունենք ու մոռանանք, այլ ամենօրյա աշխատանքով պատրաստենք»:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՊԵԿ-ին Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմել այն ռեստորանների ցանկը, որոնք 100 տոկոսով չծխող տարածքներ են ապահովում և նրանց հարկային վճարումներից հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակը նրանց մոտ: «Դա կարող է հետաքրքիր տեղեկություն լինել նաև բիզնեսի առումով: Շատերը մտածում են, որ եթե ծխելն արգելեցինք, ռեստորանները փակվելու են, բայց եթե այսօր կան ռեստորաններ, որոնք 100 տոկոս չծխելու ռեժիմում են աշխատում և շահույթ ունեն, նշանակում է՝ այդ դրույթն այդքան էլ ճիշտ չէ: Մտածենք՝ եթե այդպիսի հնարավորություն կա, այդ վերլուծությունն անենք:
Եվս մի այսպիսի պատեհ դիտարկում. մենք կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունը երևի, իհարկե, նախկին կառավարությունների շատ կոնկրետ վիճակագրությունը չունենք, բայց հաստատ մեր կառավարությունը ամենաչծխող կառավարություններից մեկն է: Մեր կառավարությունում ծխողների վիճակագրությունը 20 տոկոս է, կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում, և շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում: Կարծում եմ՝ սա էլ կարևոր ցուցանիշ է, և ով, եթե ոչ մեր կառավարությունը պետք է այս որոշումն ընդունի: Իմիջիայլոց, արձանագրենք, որ կառավարության մեծամասնությունը ծխող է եղել, ես ինքս ծխել եմ շատ երկար տարիներ: Ի վերջո, թողել եմ ծխելը, շատ ուրախ և հպարտ եմ այդ որոշման համար, 2004 թվականից ի վեր ես չեմ ծխում», – նշել է վարչապետը:
Դեղերի ներմուծման համակարգի արդիականացման գործընթացի շրջանակում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2019թ. փետրվարի 28-ի 202-Ն որոշմամբ հաստատված կարգում և ընդունել համապատասխան որոշում, որով ներմուծման պահին դեղագործական արտադրանքի պիտանելիության մնացորդային ժամկետը սահմանվել է նվազագույնը 6 ամիս՝ նախկին 1 տարվա փոխարեն: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում որոշակիորեն կբարելավվի դեղերի հասանելիությունը բնակչության համար, ինչպես նաև կարևոր պարզեցում կլինի տնտեսվարողների համար՝ հայտարարագրվող անվանացանկի ապրանքները ոչ դեղագործական նպատակներով ներմուծելու դեպքում կվերացվի հավաստագրման պահանջը: Առողջապահության նախարարը նշել է, որ որոշման նախագիծը նախապատրաստվել է վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքներով, և նախագծի ընդունմամբ կդյուրացվի թե՛ դեղագործական արտադրանքի ներմուծումը, թե՛ այլ տնտեսվարողների համար ոչ դեղագործական ապրանքների ներմուծումը:
Վարչապետը որոշման համատեքստում անդրադարձել է նաև զուգահեռ ներմուծումների կարգավորման հարցին՝ նշելով. «Զուգահեռ ներմուծումների մեխանիզմը կարգավորելը շատ կարևոր է, որովհետև, օրինակ, այդ քննարկումների արդյունքում ես հանդիպեցի հիմնավոր պնդումների, իհարկե, ոչ 100 տոկոսանոց, որ երբեմն ընկերություններն իրենք են որոշակի տարբերակումներ մտցնում, որպեսզի, այսպես ասած, մի երկրից այլ երկիր ներմուծելու հնարավորությունը սահմանափակեն, խոշոր շուկաներից, էժան շուկաներից դեղը չներհոսի դեպի փոքր շուկաներ, և այնտեղ գնանկում տեղի չունենա: Այսպիսի կարգավորումները, որոնք, ըստ էության, կորպորատիվ շահերի կարգավորումներ են, մենք պետք է շատ հստակ և գրագետ կանոնակարգենք, որպեսզի այդ խնդիրը լուծենք»:
Հաստատվել է արտաքին գործերի ոլորտում պետական մարմինների փոխգործակցության կարգը
Գործադիրը որոշում է ընդունել արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը սահմանելու վերաբերյալ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նախագծի նպատակն է սահմանել արտաքին քաղաքական ոլորտում պետական մարմինների ամենօրյա փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը՝ հնարավորություն տալով պետական համակարգում ապահովել միասնական արտաքին քաղաքականության իրագործումը, ՀՀ կառավարության ծրագրի կատարումը։ Առաջարկվում է ստեղծել միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերություններում կառավարության առավել միասնական, ընկալելի և երկրի անվտանգության և զարգացման համալիր տեսլական ունեցող գործընկեր լինելու ամրապնդմանը նպաստող գործուն մեխանիզմ: Արդյունքում ակնկալվում է, որ կառավարության կողմից կկատարվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքների դրույթները:
Վարչապետը, ընդգծելով նախագծի կարևորությունը, նշել է, որ դրանով նախատեսվում է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքում կստեղծվի ինստիտուցիոնալ բազա՝ ՀՀ պետական պաշտոնյաների արտերկրում ծավալած գործունեության և միջազգային գործընկերների հետ պայմանավորվածությունների վերաբերյալ: «Այստեղ կարևոր է նաև արձանագրել, որ այս ամենն արվում է պետական պաշտոնյաների արտաքին հարաբերությունները ճիշտ կազմակերպելու համար, և ԱԳՆ-ն այդ ամբողջ գործընթացը նաև սպասարկելու շատ կարևոր գործառույթ պետք է իրականացնի, որովհետև մենք, ցավոք, այս ընթացքում հանդիպել ենք իրավիճակների, երբ չգիտենք նախկինում ինչ է խոսվել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Նույնիսկ երբեմն լինում է, որ խնդիրներ ենք ունենում ճշտելու, թե մեր կառավարության անդամները որտեղ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, և կարող են որոշակի հակասություններ առաջանալ: Այնպես որ դա շատ կարևոր է: Բայց այստեղ, պարոն Մնացականյան, ուրիշ կարևոր բան կա. կարևոր է համոզվել, որ կան այդ ամբողջ տեղեկատվությունը մշակելու և գործնական կիրառման համար պիտանի նյութ դարձնելու մասնագիտական, տեխնիկական և կառուցվածքային կարողություններ, որովհետև եթե այդ ամենն ուղղակի դարակներում նստելու է, դա ուրիշ թեմա է, որովհետև եթե ռեալ մշակվելու է, դառնալու է կառավարության և բարձրաստիճան պաշտոնյաների համար օգտագործելի և կիրառելի նյութ, պրակտիկա, դա բոլորովին ուրիշ բան է: Այնպես որ այս որոշումն, այո, կարևոր է, բայց սրանից նաև շատ մեծ պատասխանատվություն է բխում Արտաքին գործերի նախարարության համար, որովհետև պետք է բոլորը տեսնեն, որ այս ամեն ինչի արդյունքում արտաքին հարաբերություններում իրենց գործը հեշտացել է և իրենք զրոյից չէ, որ պետք է սկսեն որևէ հարաբերություն կառուցել: Դրա համար ինստիտուցիոնալ հիմք գոյություն ունի», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ: Վարչապետը նշել է, որ մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտա հընթացս ավելի լավ հասկանալ դրա էությունը, լրամշակել և բարելավել այն:
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշում: Նախագծով աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող 59 միայնակ կենսաթոշակառուի: Ներկայում այդ կացարաններում բնակվում է ավելի քան 200 անձ, որից 59-ը միայնակ կենսաթոշակառու է` 28-ը բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում: Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (3 ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որն ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում 59 բնակչի հաշվարկով կպահանջվի տարեկան 8 496, 000 դրամ:
Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Հիմնավորման համաձայն՝ Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2019 թ. փետրվարի 5-ին կայացրած ՍԴՈ-1442 որոշմամբ հանգել է հետևության, որ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով սահմանափակվում են կալանավորված անձի և դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, և ՀՀ օրենսդրության վերոհիշյալ իրավադրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 31-րդ, 33-րդ և 78-րդ հոդվածներին հակասող: ՍԴ վերոնշյալ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2019 թ. հունիսի 28-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել են «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները, և ընդունվող որոշմամբ գործադիրը նշված օրենքների կարգավորումներին համահունչ փոփոխություններ և լրացումներ է կատարում իր՝ 2006 թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման տեսանկյունից ՀՀ պետական մարմիններում մարդկային ռեսուրսների գծով առկա կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Որոշման նախագիծը հնարավորություն կտա հստակեցնել կարողությունների զարգացմանն ուղղված թեմաների շրջանակը և կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման գործընթացի իրականացմանը: