Բաժիններ՝

«Կներեք, պարո՛ն վարչապետ, բայց շատ վտանգավոր կարող է լինել». Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության նիստում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի շուրջ ակտիվ քննարկում էր ծավալվել։

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի նպատակով նախագծով առաջարկվում է հարուցված քրեական գործերով վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը և դրան զուգահեռ՝ դատական վերահսկողության շրջանակներում նախատեսել երաշխիքներ՝ քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում, որում պետք է գնահատի, թե արդյո՞ք քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանք պարզելու համար անհրաժեշտ է նշված տեղեկությունների բացահայտումը, Դատարանն այդ հանգամանքը պետք է գնահատի քննիչի կողմից ներկայացված ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալների հիման վրա, և այլն։

«Կա՛մ մենք պետք է  կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կա՛մ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու: Նա նշեց, որ սա կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով բանկային համակարգում տարիների լուրջ փորձառություն ունի,  առարկեց, թե ստացվում է, որ նպաստում են գործարքի կանխիկ կատարմանը, իսկ վարչապետն արձագանքեց, որ դրան շատ պարզ բացահայտում կա. Պետավտոտեսչությունը կանգնեցնում է այն բեռնատարը, որով տեղափոխվում է այդ գումարը, իսկ եթե բազմոցի տակ պահած է, դա ավելի հեշտ է. կարելի է գնալ և խուզարկությամբ գտնել:

Շարունակելով խոսել իր մտահոգությունների մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Կներեք, պարո՛ն վարչապետ, բայց մինչև վերջ պետք է փորձեմ այնպես անել, որ զգույշ լինենք, որովհետև շատ վտանգավոր կարող է լինել»։

Վարչապետը նշեց, որ, այսպես թե այնպես, զգույշ են, որից հետո Մհեր Գրիգորյանն արձագանքեց.

«Մի քիչ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հռետորիկան չի վկայում, որ զգույշ ենք, որովհետև կա 15 հոդված բանկային գաղտնիքի մասին, որը հստակ նկարագրում է, որ հարակից տեղեկությունը համարվում է այլ հաճախորդի մասին տեղեկություն»: Նա նշեց, որ իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պետք  է զգույշ լինել, քանի որ սրա նպատակն իրավապահ մարմինների աշխատանքը հեշտացնելը չէ:

«Իրավապահները պետք է աշխատեն ըստ սուբյեկտների, ոչ թե մի սուբյեկտով մի հատ տեղեկատվական «բուկետ» վերցնեն և սկսեն սարքել քրեական գործերի շարան»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց նաև, որ գաղտնալսման համար որոշակի ընթացակարգ պետք է պահպանել: «Եթե ինձ չեք ուզում գաղտնալսել, իսկ մեկ այլին ուզում եք, կամ իրավական պրոցեսն այնպես չէ, որ ինձ կարելի է գաղտնալսել, թող մեկը ինձ պատասխանի՝ ինչ իրավունք ունեն ինձ գաղտնալսել»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ դրա ամբողջ իմաստն այն է, որ իմանան, թե գաղտնալսողն ում և ինչ է ասում: «Հակառակ դեպքում, հո գեղագիտական հաճույքի համա՞ր չենք գաղտնալսում»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ և բարդ իրավական գործընթաց: Նա նշեց, որ, եթե գաղտնալսումը հենց այնպես, որպես ապացույց ներկայացնեն, բոլոր գործերը կգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և կպարտվենք: Վարչապետը նկատեց. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս