Ապրիլյան քառօրյան՝ ՀՀ իշխանությունների շահարկման առարկա
Քաղաքական զարգացումների բովանդակությունը հաճախ հասնում է մարազմատիկ էպիլոգների, որոնք իրենց հերթին՝ լուրջ խորհելու տեղիք են տալիս։ Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար օգտագործում է քաղաքական մանևրելու հնարավոր բոլոր տարբերակները, դրանում համոզվել ենք քանիցս։
Փաշինյանը, ով կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը, շատ լավ պատկերացնում է, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր ներդնի և, ամենակարևորը, որ փուլում դրանք կիրառվեն։ Տեղի ունեցող շղթայական իրադարձությունները փաստում են, որ գրեթե ամենուր ձախողումներ արձանագրած իշխանությանը պետք են տարբեր փրկօղակներ, որպեսզի կարողանա դիմակայել հերթական «լյապին»։ Գործող կառավարության համար կարևոր է իր համար ունենալ մի քանի ֆեյք-օրակարգեր, որպեսզի դրանք համապատասխան պահին «գործի դնեն»։ Ի դեպ, նշենք, որ նման արհեստական օրակարգեր ստեղծելը Փաշինյանի համար ընդհանրապես խնդիր չէ, այդ իսկ պատճառով մենք գրեթե ամեն օր մի նոր «սկանդալային բացահայտման» կամ «մահացու չարաշահման» դեպքի ենք ականատես լինում։
Դրանց շարքից են Մարտի 1-ը, ապրիլյան քառօրյայի շուրջ ընթացող քննարկումները, «Սաշիկի 50 տոկոսը», Քոչարյանի միլիարդները, և այլն, դրանք շատ են, ու յուրաքանչյուրն ունի իր առանձին լեգենդը։
Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյային, որն իշխանության ներկայացուցիչներից մեկը համարեց պարտություն, դրա մասին շատ է խոսվել, բայց հատկանշականն այն է, որ հենց այդ օրերից սկսած, իսկ 2016-ին՝ դեռևս պատգամավոր Նիկոլն ամբիոններից հայտարարում էր, թե «այդ պատերազմը հրահրվեց ՌԴ-ի կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար» (հետաքրքիր է՝ հիմա է՞լ է այդպես մտածում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը), կամ այն միֆը, որ «տանկերը սալյարկա չեն ունեցել», «զինվորները կռվել են բահերով», և այլն։
Սրանք լեգենդներ էին, որ ստեղծվել և հանրության ուղեղներին սերմանվել էր՝ այդ ժամանակվա իշխանությունների նկատմամբ հերթական ատելության և հակակրանքի կրակը բորբոքելու համար (որը, ի դեպ, փայլուն կերպով ստացվեց)։ Իշխանության գալուց հետո Փաշինյանն ու թիմակիցները տարբեր առիթներով սկսեցին շահարկել ապրիլյան պատերազմն ու այդ օրերին զոհված զինվորների գործոնը, որպեսզի հերթական անգամ բավարարեն իրենց քաղաքական կրքերը։ Բանը հասավ նրան, որ Փաշինյանի հորդորով ԱԺ-ում ստեղծվեց Քննիչ հանձնաժողով, որը պետք է քննի Ապրիլյանի մանրամասները։
Այստեղ փաստենք մի կարևոր հանգամանք. ԱԺ 132 պատգամավորներից, որոնցից 100-ը տղամարդ է, պարտադիր զինծառայություն չեն անցել 39-ը, այսինքն՝ ԱԺ 39 տոկոսը գրեթե ոչ մի պատկերացում չունի առաջնագծի, գիշերային հերթապահության, հակառակորդի գիշերային կրակի ու հարձակման մասին, բայց պետք է ուսումնասիրի ու քննության ենթարկի զինվորականների ու բարձրաստիճան ռազմական գործիչների։
Այս փաստը ոչ մի կերպ չի տեղավորվում ամենավառ երևակայության, առավել ևս՝ տրամաբանության մեջ։ Միանշանակ անտրամաբանական է նաև նման հանձնաժողով ստեղծել ԱԺ ձևաչափում, քանի որ այն հանդիսանալով քաղաքական միավոր՝ իր մոտեցումներով ու եզրակացությամբ հարցին տալու է քաղաքական մեկնաբանություն:
Ասել է թե՝ ունենք մի իրադրություն, երբ հանրությանը հերթական տեսարան մատուցելու և հանրային նոր դիսկուրս ծավալելու համար իշխանությունները դիմում են հերթական մանիպուլյացիոն գործիքին:
Կարևոր է փաստել նաև, որ նման հանձնաժողովի ստեղծմամբ, հնարավոր է՝ ի հայտ գան այնպիսի դետալներ ու նուրբ դրվագներ, որոնց հրապարակումը կարող է հանգեցնել բավականին ինտրիգային բացահայտումների։ Ասվածի մասին է վկայում Արցախի Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի այն պարզաբանումը, որ՝ «ապրիլյանի ժամանակ հայկական բանակը չի ունեցել ոչ վառելանյութի, ոչ զինտեխնիկայի պակաս, իսկ նման որակումներ տալն ուղղակի անբարոյականություն է»։ Իսկ այն դրվագը, որ Քննիչ հանձնաժողովի ներկայացուցիչները չեն բացառել, որ հնարավոր է՝ հարցաքննության կանչվի նաև Սերժ Սարգսյանը, ուղղակի զավեշտալի է, քանի որ զինված ուժերի ու ընդհանուր բանակաշինության ակունքում կանգնած մարդն ի՞նչ խնդիր ունի՝ իր պարզաբանումները ներկայացնի ինչ-որ ձևական ու պարազիտ հանձնաժողովի։
Այն փաստը, որ ՀՀ-ում քաղաքական օրակարգը և իշխանությունների ապրիկարությունն օր օրի վերածվում է ավելի զավեշտալի ու պլենտուսային մակարդակի, արդեն ապացուցման կարիք բնավ չունի։
Արմեն Հովասափյան