Ապաթուրայը չի կարծում, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու Ռասմուսենի առաջարկը ժամանակին է արված
Առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում: Այս հայտարարությունը Facebook սոցիալական ցանցում արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը։
Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այդ արաջարկությունը ժամանակին է արված՝ նկատի առնելով ներկայիս անվտանգության միջավայրը: «Ըստ իս, այսօր այդ հարցի քննարկումը իմաստ չունի: Ես ՆԱՏՕ-ում հետաքրքրվածություն չեմ տեսնում այդ հարցի նկատմամբ: Ես նաեւ չեմ հավատում, որ ներկայիս միջազգային անվտանգության պայմաններում այդ գաղափարը արդիական է: ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանությունն ակտիվորեն պաշտպանում է «ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում եւ ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում» նախաձեռնությունը, որը հստակ ու կոնկրետ գաղափարներ է ներառում:
ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհուրդը շատ շուտով կլինի Վրաստանում, որպեսզի քննարկի մեր համագործակցության խորացման ուղիները»,- գրել է Ապաթուրայը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Վրաստանի իշխանություններին հարկավոր է քննարկել դաշինքին «առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի» անդամակցելու հարցը:
«Եթե Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամը, դուք պետք է շարունակեք ժողովրդավարության բարեփոխումները, պայքարեք կոռուպցիայի դեմ, ապահովեք խոսքի ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը… Ես կարծում եմ, որ դուք պետք է բանավեճեր սկսեք այն հարցի շուրջ, թե ձեզ համար ընդունելի կլինի արդյոք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Այդ որոշումը պետք է ընդունի Վրաստանը, ինչից հետո որոշման մասին հարկավոր է ծանուցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովում:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Օթար Կախիձեն հետաքրքրական է համարել Ռասմուսենի առաջարկությունը:
Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է քննարկեն այդ հարցը: Դրա հետ մեկտեղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել է, որ դա բավականին բարդ թեմա է: «Գոյություն ունեն հարցեր, որոնք քննարկում են պահանջում: Անհրաժեշտ է ընդհանուր փոխհամաձայնություն, լրացուցիչ մեկնաբանություններ դա չի պահանջում: Ո՛չ մենք, ո՛չ մի քաղաքական ուժ չի հրաժարվի այդ տարածքներից… Միջազգային ցանկացած կազմակերպություն Վրաստանի ընդունումը պետք է տեղի ունենա այն սահմաններով, որոնք ճանաչում է միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»,- հայտարարել է Վոլսկին լրագրողներին: